ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

713

04.10.2014

Աշխատանքային քննարկում Ստրասբուրգում՝ նվիրված հեռաուսուցման առանձնահատկություններին

Հոկտեմբերի 2-3-ը Ստրասբուրգում անցկացվել է <<Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման մեթոդաբանությունը>> խորագրով աշխատանքային հանդիպում, որը կազմակերպվել էր Եվրպայի խորհրդի՝ մասնավորապես HELP (Human Rights Education for Legal Professionals-HELP) ծրագրի կողմից:


Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որ ներգրավված է HELP-ի այս նախագծում: Աշխատանքային հանդիպմանը Հայաստանից մասնակցել է Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը:

 

Աշխատանքային խմբում ներգրավված են մասնագետներ եվրոպական մի շարք երկրների ազգային և միջազգային մասնագիտացված կազմակերպություններից, որոնք զբաղվում են իրավական մասնագետների համապատասխան կարողությունների զարգացմամբ: Փորձագիտական խումբը ղեկավարում է իտալացի մասնագետը:

 

Մասնակիցները երկու օր շարունակ աշխատանքային խմբի շրջանակում հնարավորություն են ունեցել քննարկումներ ունենալ գործընկերների հետ, արդյունավետ համագործակցության նոր ուղիներ որոնել և հստակ ծրագրեր մշակել դրանք իրականացնելու առումով:

 

Երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների համապատասխան կառույցների համար հատուկ ուղեցույցի մշակման հարցը՝ առկա և հեռավար ուսուցման եղանակներով վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար: Այդ առումով քննարկվել են մարդու իրավունքների ուսուցման մեթոդաբանության և տեխնոլոգիայի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, որոնք միտված են իրավական ոլորտի մասնագետների ուսուցման բարելավմանը՝ ներառյալ վերապատրաստումների գնահատմանը: HELP-ի այս նախաձեռնությունը նպատակ ունի էապես բարելավելու կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը և նպաստելու որակական աճին:

 

Արդյունավետ գնահատելով եվրոպացի գործընկերների հետ ունեցած քննարկումները՝ Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետն առանձնացրեց մի քանի կարևոր հանգամանք, որոնք ընդգծվել են հանդիպման ընթացքում: Այդ առումով կարևորվել է նախ՝ մեծահասակների վերապատրաստման յուրահատկությունները՝ հատկապես մարդու իրավունքների ոլորտում, ապա՝ հեռաուսուցումը դիտարկվել է որպես վերապատրաստման լավագույն մեթոդ:

 

Արտաշես Խուրշուդյանը գործընկերների հետ խոսել է հեռասուսուցման օրեցօր ընլայնվող դերի մասին, ներկայացրել տեսական մոտեցումներ կրթական մեթոդների մասին: Այդ առումով եվրոպացի փորձագետները կարևորել են հայ մասնագետի փորձն ու հմտությունները և առաջարկել հեղինակել ուղեցույցի ամբողջ տեսական հատվածը: Աշխատանքային խմբի մյուս անդամները պատասխանատու են ուղեցույցի գործնական հատվածի համար: Աշխարհի տարբեր երկրներում կիրառվող հեռաուսուցման հայտնի և անհայտ մոդելները կներկայացվեն մեկ գրքում, որը հասանելի կլինի տպագիր և էլեկտրոնային տարբերակներով: Ուղեցույցը պատրաստ կլինի տարեվերջին:

712

16.09.2014

Վերապատրաստումը շարունակվում է

Արդարադատության ակադեմիայում այս շաբաթ վերապատրաստվում է 37 դատավոր և 17 դատախազ:

 

1 շաբաթյա վերապատրաստման շրջանակում դատավորներն ու դատախազները հնարավորություն ունեն մասնակցել ակադեմիայի ուսումնական ծրագրով հաստատված մասնագիտական և հարակից մասնագիտական մի շարք դասընթացների:

 

Տեղեկացնենք, որ գործող դատավորների և դատախազների պարտադիր վերապատրաստումը, սահմանված կարգով, նախատեսված է իրականացնել ամեն տարի՝ 80 ժամ ընդհանուր ժամաքանակով: Այն բաժանված է 2 հատվածի՝ 40 ժամ գարնանը, ևս 40-ը՝ աշնանը:

 

Դատավորները և դատախազները վերապատրաստումն անցած են համարվում դասընթացներին 80% մասնակցության դեպքում:

711

05.09.2014

Ուսումնական այց Եվրոպայի խորհուրդ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Սեպտեմբերի 3-4-ը Հայաստանի իրավաբանների պատվիրակությունը ուսումնական այցով գտնվում էր Ստրասբուրգում:


Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Դավիթ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էին Ակադեմիայի դասախոսներ, կառավարման խորհրդի անդամներ, ներկայացուցիչներ Ակադեմիայի աշխատակազմից, նաև ՀՀ արդարադատության նախարարությունից և Վճռաբեկ դատարանից: Երկօրյա այցի շրջանակում հայկական պատվիրակության անդամներն այցելեցին Եվրոպայի խորհուրդ (ԵԽ), Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ինչպես նաև մի շարք հանդիպումներ ունեցան:

 

Պատվիրակության անդամները ներկա գտնվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում <<Խորոշենկոն ընդդեմ Ռուսաստանի>> գործով դատալսմանը, որի վերաբերյալ ճեպազրույց անցկացվեց մասնակիցների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբաններ Սառա Շիրազյանի, ապա՝ Վիկտորիա Մարադուդինայի միջև: ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ զրույց-քննարկումը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Հայաստան առնչություններին, խոսվել է հիմնական խնդիրների ու առկա մարտահրավերների մասին:

 

Հայաստանից ժամանած պատվիրակությանը ողջունելու և ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության աշխատանքը ներկայացնելու նպատակով մասնակիցներին հանդիպեց նաև դեսպան Արմեն Պապիկյանը: Տեղեկացնենք, որ ուսումնական այցը կազմակերպվել էր <<Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում>> ծրագրի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից և Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ:

710

09.08.2014

Ակադեմիայի պատվիրակության այցը ԱՄՆ

Հայաստանի Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը` Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում օգոստոսի 4-ից 8-ը մասնակցել է Պետական դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված և դատական կրթության, կրթական նյութերի մշակման և հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություններին:

 

Հայկական պատվիրակության կողմից ծրագրին մասնակցել են Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը և Ակադեմիայի գիտահետազոտական վարչության պետ Էմիլ Ամիրխանյանը:

 

Բացի հայկական և ամերիկյան կողմերից` միջոցառումների համալրին մասնակցել են նաև Վրաստանի Արդարադատության բարձրագույն դպրոցի ներկայացուցիչները: Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Դաշնային դատական կենտրոնի տնօրեն, դատավոր Ջերեմի Ֆոգելի, միջազգային կապերի տնօրեն Միրա Գյուր-Արիի, ուսուցման գծով գլխավոր մասնագետ Ջիմ Բուքյանանի, իրավական խմբագիր` Քրիս Մարգարյանի հետ:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսումնական նյութերի զարգացման, հեռավար ուսուցման պլատֆորմի ստեղծման հետ կապված հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` ուսումնական նյութերի համատեղ մշակման, հեռավար ուսուցման կազմակերպման արդիական տեխնիկական միջոցների ներդրման, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի աշխատակազմի և դասախոսական կազմի վերապատրաստման վերաբերյալ:

 

Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի դատական ինստիտուտի, Նահանգային դատարանների ազգային կենտրոնի, Կոլումբիայի շրջանի Ոսուցման և վերապատրաստման կենտրոնի, Ամերիկյան իրավաբանական միության ղեկավար կազմի, ինչպես նաև դատական կրթության ոլորտի մի շարք մասնագետների հետ:

 

Քննարկվել են Հայաստանի Արդարադատության ակադեմիայում ուսուցման արդյունավետ կազմակերպման, կրթական ծրագրերի շարունակական զարգացման հետ կապված հարցեր, ձեռք են բերվել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ: Միաժամանակ, Վրաստանի Արդարադատության բարձրագույն դպրոցի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` հետագա համագործակցության զարգացման նպատակով փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կազմակերպման վերաբերյալ:

709

14.07.2014

Դասախոսություն՝ նվիրված հարկադիր աշխատանքին և ստրկությանը

Հուլիսի 14-ին Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի և դատախազի թեկնածուների համար <<Մարդու իրավունքները. հարկադիր աշխատանքը և ստրկությունը>> թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ժամանակակից ստրկության գծով հատուկ զեկուցող, Եվրոպական կոնվենցիայի թրաֆիքինգի գծով մոնիթորինգային հանձնաժողովի փորձագետ Գյուլնարա Շահինյանը:

 

<<Երկիր չկա, որտեղ չլինի հարկադիր աշխատանք>>,-նշել է Գ. Շահինյանը՝ վկայակոչելով ԱՄԿ-ի թիվ 29 կոնվենցիայում հարկադիր աշխատանքի սահմանումը, ըստ որի այն <<որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն է, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը>>:

 

Խոսելով հարկադիր աշխատանքի դեմ կիրառվող պայքարի ստանդարտների, հարկադիր աշխատանքի նպատակով թրաֆիքինգի ենթարկված զոհերի իրավունքների մասին՝ Գ. Շահինյանն իր դասախոսության ընթացքում մի քանի անգամ կանգ առավ այն հանգամանքի վրա, որ թրաֆիքինգը մարդու իրավունքների խախտում է, հետևաբար շահագործումից տուժած մարդկանց կարիքներին արձագանքելու անհրաժեշտության կա:

 

Այդ առումով ունկնդիրներին հետաքրքրեց զոհերի, վկաների և դատական մարմինների հետ համագործակցող անձանց պաշտպանությունն ու դատական քննությունն առհասարակ, մասնավորապես դատավարության ժամանակ զոհերի անձնական կյանքի, ինչպես նաև զոհերի անվտանգության ու ահաբեկումից նրանց պաշտպանության ապահովման հարցերը:

 

Ունկդիրները հնարավորություն ունեցան նաև թեմայի շրջանակում իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր ուղղել մասնագետին:

708

01.07.2014

Շնորհավորական ուղերձ Դատախազության աշխատողի օրվա առթիվ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ:

 

Ուղերձում մասնավորապես ասված է.

 

<<Հարգելի՛ պարոն Կոստանյան, 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, դատախազության համակարգի աշխատողներին և վետերաններին Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:

 

Փաստելով, որ Հայաստանի դատախազությունը շուրջ մեկդարյա գործունեությամբ իր անփոխարինելի ավանդն է բերել մեր երկրում օրինականության և իրավակարգի ապահովման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, մեր պետականության ամրապնդման ուղղությամբ՝ լիահույս եմ, հարգելի՛ պարոն գլխավոր դատախազ, որ հանրապետության դատախազության առաքելության իրականացմանը, համակարգի աննախադեպ բարեփոխումներին միտված Ձեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ:

 

Արդարադատության ակադեմիան, իր կոչմանը հավատարիմ, ջանք չի խնայի իրավական բարեփոխումների պահանջներին համապատասխան դատախազի թեկնածուների պատրաստման, դատախազության համակարգի աշխատողների արդյունավետ վերապատրաստման գործում:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ:

Բարին ընդ Ձեզ>>:

707

25.06.2014

Ակադեմիան հյուրընկալել էր ԱՄՆ դաշնային դատարանի դատավոր Ջոն Դ. Քուենաուրին

Հունիսի 25-ին Արդարադատության ակադեմիան հյուրընկալել էր ԱՄՆ դաշնային դատարանի դատավոր Ջոն Դ. Քուենաուրին:

 

Գրեթե 50 տարի է Ջոն Դ. Քուենաուրին աշխատում է դատական համակարգում:

 

Աշխատանքային կենսագրությունը սկսել է որպես փաստաբան, այժմ դաշնային դատարանի դատավոր է:

 

Վաստակաշատ դատավորը Հայաստանում է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Դատախազական կարողությունների զարգացման, աջակցության և ուսուցումների միջազգային գրասենյակի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցելու նպատակով:

 

Այցի շրջանակում պրն Քուենաուրին ապացույցների չափորոշիչների, դրանց ներկայացման պրակտիկայի վերաբերյալ դասախոսություն է կարդացել Արդարադատության ակադեմիայի ունկնդիր դատավորների և դատախազների թեկնածուների համար, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

706

18.06.2014

Ակադեմիայի ռեկտորը մասնակցել է HELP–ի տարեկան համաժողովին

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շուրջ մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության ծրագրի շրջանակում (Human Rights Education for Legal Professionals HELP 2014) հունիսի 16-ից 17-ն անցկացվել է տարեկան համաժողով Ստրասբուրգում:

 

Միջազգային համաժողովին մասնակցել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

705

16.06.2014

Մեկնարկել է դատական կարգադրիչների վերապատրաստումը

Հունիսի 16-ից Արդարադատության ակադեմիայում սկսվել է դատական կարգադրիչների վերապատրաստումը:

 

Եռօրյա վերապատրաստմանը մասնակցում է 29 դատական կարգադրիչ:

704

31.05.2014

«Թևանիկ»-ը՝ Արդարադատության ակադեմիայում

Մայիսի 31-ին «Թևանիկ» ֆիլմը ցուցադրվեց Արդարադատության ակադեմիայում:

 

Այս օրերին ամենաշատ քննարկվող և օրեր առաջ Կաննի միջազգային փառատոնի կինոշուկայում ներկայացված ֆիլմը դիտելու բացառիկ հնարավորություն ունեցան նաև Ակադեմիայի աշխատակազմն ու ունկնդիրները: 

 

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ»-ը բացահայտում է արցախյան պատերազմը՝ մարդկային ճակատագրերի միջոցով:

 

Ֆիլմը դիտելուց հետո ներկաներն իրենց հարցերն ուղղեցին ռեժիսորին:

 

Ջիվան Ավետիսյանը հետաքրքրական մանրամասներ պատմեց դերասանների հետ աշխատանքի և ֆիլմի ստեղծման մասին:

 

Ռեժիսորի խոսքով՝ ամեն անգամ ֆիլմը դիտելիս հնարավոր է մի նոր բան բացահայտել. սա մարդկային պատմություն է: