ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ակադեմիայի պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ

11.04.2015

Ապրիլի 10-ին Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է: Այցի շրջանակում նախատեսվում է Արդարադատության ակադեմիայի և ԼՂՀ դատաիրավական համակարգի միջև կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերով համագործակցության իրականացման խնդիրների քննարկումը, ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի և ԼՂՀ դատախազության հետ փոխըմբռման հուշագրերի ստորագրումը:

 

Վաղ առավոտյան պատվիրակությունն այցելեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց, հարգանքի տուրք մատուցեց ազատամարտում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհեց հուշակոթողին:

 

Աշխատանքային այցը մեկնարկեց ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ հանդիպումով: Ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նախարարին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ունկնդիրների՝ դատավորի և դատախազի թեկնածուների պատրաստման, դատավորների ու դատախազների, ինչպես նաև դատական ու դատախազության համակարգերի աշխատողների վերապատրաստմանն առնչվող հարցեր:  Ռուբեն Մելիքյանը նշեց, որ 2015 թվականին Ակադեմիայի ունկնդիրների թվում են դատախազի 5 թեկնածու Արցախից, ովքեր ուսումնառությունը հաջողությամբ ավարտելուց հետո համալրելու են ԼՂՀ դատախազական համակարգը: Նախատեսվում է սույն թվականի աշնանը Արդարադատության ակադեմիայում նաև ԼՂՀ դատավորի թեկնածուների մասնագիտական պատրաստում իրականացնել:

 

ԼՂՀ արդարադատության նախարարը կարևորեց ԼՂՀ դատավորների և դատախազների որակյալ մասնագիտական պատրաստման և վերապատրաստման հարցերը, ինչը, նախարարի համոզմամբ, Արդարադատության ակադեմիան կապահովի:

 

Հուշագիր՝ Ակադեմիայի և ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի միջև

 

Այցի շրջանակում Ակադեմիայի պատվիրակությանը հյուրընկալեց նաև ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահը: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն ու ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ, Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Նարինե Նարիմանյանը համագործակցության վերաբերյալ փոխմբռման հուշագիր ստորագրեցին:

 

Կարևորելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դատական համակարգերի կատարելագործումն ու գործունության արդյունավետության բարձրացումը՝ կողմերն ընդգծեցին երկկողմ շփումների ակտիվացման անհրաշետությունը:

 

Արդարադատության ակադեմիան ԼՂՀ դատավորների, դատավորների թեկնածուների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումն իրականացնելու է համապատասխանաբար առկա և հեռավար ուսուցման կազմակերպման միջոցով:

 

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ Կարեն Ղարայանը և ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնակատար Մարատ Ավանեսյանը:

 

Քննարկվեցին դատավորի թեկնածուների մասնագիտական պատրաստմանն առնչվող հարցեր: Այս տարեվերջին Ակադեմիայի ունկնդիրների թվում առաջին անգամ կլինեն նաև դատավորի թեկնածուներ ԼՂՀ-ից:

 

Հուշագիր՝ Ակադեմիայի և ԼՂՀ գլխավոր դատախազության միջև

 

Պատվիրակությունը եղավ նաև ԼՂՀ գլխավոր դատախազությունում: Արդարադատության ակադեմիայի և ԼՂՀ գլխավոր դատախազության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը և ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

 

Հուշագրի համաձայն՝ Արդարադատության ակադեմիայում նախատեսվում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրված անձանց և դատախազների պատշաճ մասնագիտական պատրաստում և վերապատրաստում, ինչպես նաև նպաստել երկու պետությունների դատախազության համակարգերի ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացմանը: Հուշագրի նպատակներից է նաև համագործակցությունը գիտական ոլորտում:

 

Փոխըմբռման հուշագրի պաշտոնական արարողությունից հետո կողմերը քննարկեցին որակյալ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող հարցեր: Արդարադատության ակադեմիայում այս տարի մասնագիտական պատրաստում է ստանում դատախազի 5 թեկնածու՝ ՀՀ դատավորի և դատախազի թեկնածուների հետ ուսուցման միասնական ծրագրով: Այս կերպ, ըստ Ռ. Մելիքյանի, նաև մասնագիտական հետագա շփումներ ունենալու հիմքեր են դրվում, ինչն ավելի հեռանկարային նշանակություն ունի:

 

Կարևորելով Ակադեմիայի և ԼՂՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության հուշագրի ստորագրումը՝ Ռուբեն Մելիքյանը երկու հանգամանք առանձնացրեց: Նախ՝ համապատասխան իրավական հարաբերությունները կարգավորելու նպատակով իրավական հիմքի վրա են դրվում համագործակցության զարգացման հեռանկարները, ապա՝ ապահովում է մասնագիտական պատրաստման գործընթացում ԼՂՀ դատախազի և դատավորի թեկնածուների ներգրավումը:

 

Հուշագրի տեքստը ԼՂՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում՝ http://www.genprocnkr.am/2011-02-18-09-13-34/2011-02-18-09-18-51/493-2015-04-11-12-52-36?lang

 

Արցախի պետական համալսարանում

 

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ, այցելեց Արցախի պետական համալսարան: Պատվիրակության անդամներին ընդունեց համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մանուշ Մինասյանը: 

 

Ակադեմիայի ռեկտոր Ռ. Մելիքյանը ներկայացրեց Արդարադատության ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, նաև խոսեց ուսումնական գործընթացին առնչվող հարցերի մասին: Հանդիպման ընթացքում կարևորվեց գրագետ և բանիմաց շրջանավարտներ ունենալու հարցը, քանի որ Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի այսօրվա ուսանողներից շատերը կարող են լինել Ակադեմիայի վաղվա ունկնդիրները:

 

Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը ԱրՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների առաջ հանդես եկավ դասախոսությամբ: Այն նվիրված էր ժամանակակից քրեական դատավարության զարգացման ուղղություններին: Քննարկվող թեմայի շրջանակում և՛ դասախոսներին, և՛ ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ էին: Պատասխանելով ներկաների հարցերին՝ ռեկտոր Ռ. Մելիքյանը խոսեց Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի առանձին դրույթների և դրանց կարևորության մասին:

 

Ուսանողները երախտագիտություն հայտնեցին այցի և դասախոսության համար՝ ցանկություն հայտնելով նման ձևափափով հանդիպումները հաճախակի դարձնել: ԱրՊՀ ռեկտորն իր հերթին կարևորեց այս հանդիպումը,՝ այն համարելով չափազանց օգտագակար ապագա իրավաբանների համար:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը նաև ներկա գտնվեց համալսարանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ուսանողական նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:

 

Արդարադատության ակադեմիայի պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ ամփոփ ներկայացվել է Արցախի ՀԸ եթերում: