ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդյունավետ աշխատաժողով՝ Հայաստանի և ԱՄՆ դատավորների մասնակցությամբ

12.05.2015

Մայիսի 11-12-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվեց <<Սնանկություն, լուծարում և մտավոր սեփականության իրավունքի հարցերը սնանկության վարույթում>> երկօրյա աշխատաժողով: ԱՄՆ առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) և Արդարադատության ակադեմիայի համագործակցության արդյունքում անցկացվող աշխատաժողովին մասնակցեց 21 դատավոր ՀՀ վճռաբեկ դատարանից, ինչպես նաև Երևանի և մարզերի ընդհանուր իրավասության դատարաններից: Աշխատաժողովն անցկացրին ԱՄՆ սնանկության գործերով դատարանի գլխավոր դատավոր Նանսի Ալքիստն ու ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Մարվին Գարբիսը: Աշխատաժողովի բացմանը մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Կլարկ Փրայսը, CLDP-ի ներկայացուցիչներ:

 

Ողջունելով ներկաներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը գոհունակությամբ նշեց, որ աշխատաժողովը հնարավորություն է ստեղծում Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորներին ծանոթանալ Միացյալ Նահանգների՝ որպես այս ոլորտում առաջատար երկրներից մեկի փորձին, ինչը, նրա համոզմամբ, կօգտագործվի մեր դատական պրակտիկան առավել կատարելագործելու համար:

 

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ԱՄՆ-ում գործող փորձառու դատավորների հետ քննարկել սնանկության գործերի վարույթում առկա հիմնահարցերը, մասնավորապես քննարկման առարկա դարձան անձանց սնանկ ճանաչելու, լուծարման և սնանկության վարույթում մտավոր սեփականության օբյեկտների տնօրինման վերաբերյալ ԱՄՆ օրենսդրական կարգավորումները և դատական պրակտիկան: