Ակադեմիայի պատվիրակությունը՝ HELP ծրագրի համաժողովին
Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ հունիսի 4-5-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթական՝ HELP (Human Rights Education for Legal Professionals) ծրագրի տարեկան համաժողովին: Այս անգամ այն նվիրված էր մարդու իրավունքների ուսուցման գործընթացում իրավաբանների և այլ մասնագետների փոխհարաբերություններին և դրանց առնչվող հարցերին:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Ակադեմիայի հեռավար ուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ով նաև հանդիսանում է ԵԽ հեռավար ուսուցման ծրագրերի մշակման մեթոդոլոգիական խմբի փորձագետ, ինչպես նաև Գիտահետազոտական վարչության պետ Էմիլ Ամիրխանյանը: Վերջինս Հայաստանում HELP ծրագրի կոորդինատորն է: Մեր պատվիրակությունը համաժողովին ներկա ԵԽ 47 անդամ երկրների մասնակիցներին ներկայացրել է Ակադեմիայի կողմից մշակված հեռաուսուցման փաթեթը, որն ընդգրկում է <<Սթրեսի և ժամանակի կառավարում>> դասընթացի համար նախատեսված համապատասխան նյութեր: Փաթեթը մասնակիցների շրջանում բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել, քննարկվել են գործընկեր երկրների համապատասխան կառույցների շահառուների վերապատրաստման համար այն թարգամանելու և ներդնելու հնարավորությունները: Այս պահին Ակադեմիայում մշակվում է նաև մեկ այլ՝ <<Հռետորիկա և փաստարկում>> դասընթացի փաթեթը, որի սեղմ տարբերակը ևս առաջիկայում հասանելի կդառնա եվրոպացի գործընկերներին:
Հայաստանում HELP ծրագրի կոորդինատոր Էմիլ Ամիրխանյանը ներկայացրել է իրավական ոլորտի մասնագետների շրջանում HELP ծրագրի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ իրազեկման ապահովման ուղղությամբ կատարված քայլերը և առաջիկա անելիքները: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի և Արդարադատության ակադեմիայի կողմից համատեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ 4 դասընթացների մասով (<<ՄԻԵԴ նախադեպային իրավունքի հիմնահարցերը քրեական գործերով>>, <<ՄԻԵԴ նախադեպային իրավունքը քաղաքացիական դատավարությունում>>, <<ՄԻԵԴ նախադեպային իրավունքը վարչական դատավարությունում>>, <<ՄԻԵԴ նախադեպային իրավունքը սեփականության պաշտպանության ոլորտում>>) մշակվել են դասավանդման նյութեր: Բացի այդ, ավարտին են հասցվում <<Մարդու իրավունքների եվրոպական իրավունքի հիմունքները>> դասընթացի մշակման աշխատանքները, որի դասավանդումը նախատեսվում է իրականացնել HELP ուսուցման հարթակի միջոցով: Համաժողովի շրջանակում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, նաև ուրվագծվել են 2016թ.-ի անելիքները: