ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Դասախոսություն-քննարկում՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

08.04.2015

Արդարադատության ակադեմիան նախաձեռնել է միջոցառումների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մեկնարկը տրվեց դասախոսություն-քննարկմամբ, որը վարեց միջազգային իրավունքի մասնագետ, ցեղասպանագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանը: 

 

Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների և դատախազների թեկնածուների, նաև աշխատակազմի առջև Վլ. Վարդանյանը հանդես եկավ <<Ցեղասպանությունը՝ միջազգային իրավունքի համատեքստում>> թեմայով դասախոսությամբ:  Նա անդրադարձավ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգին, Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների նկատմամբ այդ հայեցակարգի կիրառելիությանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության նկատմամբ ՄԱԿ-ի 1948թ. <<Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի>> գործողության հնարավորությանը:

 

Միջազգային իրավունքի մասնագետը հանգամանալից խոսեց միջազգային իրավունքում ցեղասպանության հիմքերի, վաղեմության ժամկետի, թուրքական կողմի փաստարկների և դրանց դեմ առկա հնարավոր հակափաստարկների մասին: Բանախոսը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Դրանք վերաբերում էին ցեղասպանության ճանաչման գործընթացին, դրա հետևանքներին, տարածքների փոխհատուցման մասին իրավական հիմնավորումներին, նոր սերնդի իրավաբանների անելիքներին:

 

Կարևորելով նման հանդիպումների անցկացումը՝ Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ մեզանում Հայոց ցեղասպանության իրավական կողմի մասին չափազանց քիչ է խոսվում, մինչդեռ իրավաբանները շատ ասելիք ու անելիք ունեն այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ այս հարցում էմոցիաների հետ մեկտեղ լուրջ փաստարկներ ունենք, որոնք անհրաժեշտ հիմք են Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման համար: