ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1677

16.12.2025

Վանաձորի պետական համալսարանի Իրավագիտության բաժնի ուսանողների այցն Արդարադատության ակադեմիա

Դեկտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի Իրավագիտության բաժնի ուսանողները:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ուսանողներին և նրանց նախաձեռնությունը ծանոթանալ Ակադեմիայի գործունեությանը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:

 

Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, եղան լսարաններում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում, հյուրանոցում, մարզասրահում:

1676

15.12.2025

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը ճանաչողական այցով Շվեյցարիայում էր

Դեկտեմբերի 8-ից՝ քառօրյա այցով, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Ժնևում էր: Այցը կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) կողմից՝ «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

 

Պատվիրակության կազմում էին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներ:

 

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ միջազգային նորմերին, արժեքներին և լավագույն փորձին համահունչ՝ խորացնել փոխըմբռնումն ու համագործակցությունը անվտանգության և պաշտպանության կառավարման, ինչպես նաև ժողովրդավարական վերահսկողության ոլորտներում, մասնակիցներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու Շվեյցարիայի համապատասխան հաստատությունների գործունեությանը:

 

Միջոցառման շրջանակում  ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նախագահեց նիստերից մեկը՝ «Անվտանգության ոլորտը և դատական հսկողությունը և վերահսկողությունը» խորագրով:

 

Հանդիպումների ընթացքում կողմերն իրականացրին փորձի փոխանակում, քննարկեցին համագործակցությանն առնչվող հարցեր:

1675

08.12.2025

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 16-րդ համարը

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 16-րդ համարը:

Հանդեսի այս համարում տեղ են գտել գիտական մեծ արժեք ունեցող մի շարք աշխատանքներ, որոնք ուղղված են մասնագիտական հանրության կարողությունների հարստացմանն ու զարգացմանը:


Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով`   https://aoj.am/storage/bulletin/

1674

03.12.2025

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների այցն Ակադեմիա

Դեկտեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ: Ուսանող իրավաբաններ հյուրընկալելու ավանդույթը Արդարադատության ակադեմիայում ձևավորվել է դեռևս 2016 թվականին: Այս անգամ ևս ռեկտոր Սերգեյ Առաքելյանը սիրով ընդունեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությունը և հյուրընկալեց ապագա իրավաբաններին:


Ռեկտորը ողջունեց ուսանողներին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց ընդունելությանը, ուսումնառությանը, քննաշրջանի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի:


Հանդիպման ավարտին ապագա իրավաբանները խորին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, ուսանողներից ոմանք նշեցին, որ ցանկություն ունեն ապագայում դառնալ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր՝ ընդգրկվելով դատավորի, դատախազի կամ քննիչի թեկնածությունների ցուցակներում:


Այցի շրջանակում ուսանողները ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, եղան լսարաններում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում, հյուրանոցում, մարզասրահում:

1673

01.12.2025

Աշխատաժողով՝ «Ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը ՀՀ-ում» թեմայով

Նոյեմբերի 28-ից 29-ը Աղվերանում Արդարադատության ակադեմիայի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից համատեղ անցկացվեց աշխատաժողով՝ նվիրված «Ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը ՀՀ-ում» թեմային:


Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Բինդերը:


Աշխատաժողովին, որը վարում էին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ոլորտի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Մուշեղ Բաբայանը, մասնակցում էին դատավորներ քննիչներ և փաստաբաններ:

1672

21.11.2025

Կլոր սեղան-քննարկում՝ Արդարադատության ակադեմիայում

Նոյեմբերի 21-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում նվիրված «Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթ (հեռակա վարույթ)» թեմային:

 

Կլոր սեղանին, որը կազմակերպվել էր Արդարադատության ակադեմիայի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից համատեղ, մասնակցում էին Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների Գերագույն (բարձրագույն) Դատարանների Նախագահների Խորհրդի ներկայացուցիչները:

 

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Արման Կուրեխյանը:

 

Քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց թեմային վերաբերող և շուտափույթ լուծում պահանջող բազմապիսի արդիական խնդիրների, հրավիրված էին դատավորներ և ոլորտի առաջատար փորձագետներ:

1671

17.11.2025

Դիպլոմներ՝ դատախազի թեկնածուներին

Նոյեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմ ստացավ 3 շրջանավարտ:

 

Ռեկտորը շնորհավորեց դատախազի թեկնածուներին ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ և մաղթեց բարի ծառայություն:

1670

14.11.2025

Փոխըմբռնման հուշագիր Արդարադատության ակադեմիայի և Շրջակա միջավայրի նախարարության միջև  

Նոյեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության դրական արդյունքները չեն ուշանա:

Արա Մկրտչյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ վստահ լինելով, որ հետագա համագործակցությունը կլինի արգասաբեր և արդյունավետ:

 

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է բնապահպանական համաձայնագրերից բխող էկոլոգիական իրավունքի և Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնասյուներով առկա և հեռավար ուսուցման ձևաչափով դասընթացների մոդուլների մշակում և անցկացում, կրթական բնույթի ծրագրերի, հետազոտությունների, քննարկումների, աշխատաժողովների կազմակերպում:

 

1669

12.11.2025

Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավարը ստացել է հեղինակավոր մրցանակ

Սույն թվականի նոյեմբերի 6-ին Միացյալ Արաբական Էմիրություններում Լոնդոնի Թվային Բիզնեսի Համալսարանի (LSDB) կողմից իրականացվող տարեկան Առաջնորդություն, Գերազանցություն, Առաջընթաց և Կրթության շարունակական զարգացում (LEAP) հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակներում Արդարադատության ակադեմիայի Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը արժանացել է «Արժեքավոր ներդրում կրթության ոլորտում» (Valuable Contribution to the Education Industry) մրցանակին:

 

Մրցանակը տրվում է կրթության ոլորտում երկարատև ավանդ ունեցող գիտնական-հետազոտողներին, որոնք ոլորտում առաջ են մղում նորարարությունը, էլեկտրոնային ուսուցման լուծումները, ապագայի ուսման մոդելները՝ ունենալով ապագային ուղղված հստակ տեսլական, ինչպես նաև թողնում են շոշափելի ազդեցություն համաշխարհային կրթության ոլորտում նորարական կրթական մոդելների և արդիական էլեկտրոնային ուսուցման լուծումների ներդրման և զարգացման ուղղությամբ:

 

Այս տարվա մրցույթին մասնակցել են մոտ 400 համալսարաններ և կրթական հաստատություններ, ինչպես նաև մոտ 500 պրոֆեսիոնալներ ավելի քան 70 երկների կրթության տարբեր ոլորտներից, որոնք ներկայացրել են իրենց գաղափարները, նորարական ուսուցման մեթոդները, թվային նախագծերն ու կրթության ոլորտում նվաճումները։

 

Այս մրցանակը ոչ միայն անձնական մասնագիտական ձեռքբերում է, այլև արժեքավոր քայլ միջազգային կրթական հարթակներում Հայաստանի Հանրապետությունը և Արդարադատության ակադեմիան նորարական կրթության և էլեկտրոնային ուսուցման ոլորտներում տեսանելի և ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

1668

11.11.2025

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի այցը Մոսկվա

Սույն թվականի նոյեմբերի 5-ից 7-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Մոսկվայում մասնակցեց Համառուսական արդարադատության պետական համալսարանի 55-ամյա հոբելյանին նվիրված «Դերժավինյան ընթերցումներ» խորագրով XlX միջազգային գիտագործնական աշխատաժողովին:

 

Մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման, մշակույթի, հավատքի և պատմության, թվային քրեական իրավունքի և մի շարք այլ արդի հարցերի շուրջ:

 

Միջոցառման շրջանակներում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը  Համառուսական արդարադատության պետական համալսարանի ռեկտոր Օլգա Ալեքսանդրովային, Արդարադատության ակադեմիայի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման և արդյունավետ համագործակցության համար, պարգևատրեց Արդարադատության ակադեմիայի «Համագործակցության համար» մեդալով: