Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների առաջին խմբի ունկնդիրներին
Մարտի 27-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված 1-ին խմբի ունկնդիրներին:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Կլինեն իրավիճակներ, երբ դուք ընտրություն կատարելու առաջ եք կանգնելու, երբեք չդավաճանեք ձեր մասնագիտությունը՝ անկախ բոլոր հանգամանքներից», նշեց ռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 28 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի հունվարի 12-ից մարտի 23-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:
Տեսանյութ- https://www.youtube.com/watch?
ՄԱԿ –ի աշխատանքային խմբի այցն Արդարադատության ակադեմիա
Մարտի 17-ին Արդարադատության ակադեմիա այցելեց Կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը:
Պատվիրակության կազմում էին խմբի փոխնախագահ Իվանա Քրիստիչը, փորձագետ Դորոթի Էստրադա Տանկը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի աշխատակազմի անդամներ Իլոնա Ալեքսանդրը և Վիերա Պեյչալը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և կարևորեց թեմայի արդիականությունը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով Կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության դեմ պայքարի թեմայի շուրջ Ակադեմիայում անցկացվող դասընթացներին:
Հանդիպմանը մասնակցեցին նաև սեռական և գենդերային բռնության գործերի քննության ոլորտում ներգրավվածություն ունեցող դատավորներ, ովքեր մանրակրկիտ և հանգամանալից պատասխանեցին փորձագետների հարցերին:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և սպառիչ տեղեկատվության համար:
Միջազգային գիտագործնական համաժողով «Մխիթար Գոշի Դատաստանագիրքը 1184 թ.. հանցավորության գենեզիսը և սոցիալական արձագանքման ձևերը» թեմայով
Փետրվարի 27-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն առցանց եղանակով մասնակցեց Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի (ՄՊԻՀ) Վ.Ե. Էմինովի անվան քրեագիտության և քրեակատարողական իրավունքի ամբիոնի, ՀՀ Արդարադատության ակադեմիայի, Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի կողմից համատեղ կազմակերպված «Մխիթար Գոշի Դատաստանագիրքը 1184 թ.. հանցավորության ծագումը և սոցիալական արձագանքման ձևերը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանի ռեկտոր, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ Իգոր Մացկևիչը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սիմոն Բաբայանը, "Կրիմինալիստների և կրիմինոլոգների միություն" միջազգային հասարակական կազմակերպության նախագահ, Կուտաֆինի անվան պետական իրավաբանական համալսարանի դատական փորձաքննությունների ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Նիկոլայ Բոդրովը:
Համաժողովի շրջանակներում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդես եկավ Մխիթար Գոշի կյանքի և գործունեության վերաբերյալ զեկույցով:
Միջոցառումը նախատեսված էր գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների, գործնական աշխատողների, ասպիրանտների, դոցենտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:
Երկօրյա վերապատրաստման դասընթաց քննիչի թեկնածուների համար
Փետրվարի 6-ին և 20-ին Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Կյանքից զրկման և վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումների արդյունավետ քննությանը՝ ներպետական իրավական կարգավորումների և պրակտիկայի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո» խորագրով վերապատրաստման դասընթացներ:
Վերոնշյալ ծրագիրն անցկացվել է ԵԽ-ի Հայաստանի համար 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող քննիչի թեկնածուները:
Դասընթացը վարում էր Ակադեմիայի դասընթացավար, ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը:
Դիպլոմներ՝ դատախազի թեկնածուներին
Փետրվարի 13-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ դատախազների թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմ ստացավ 15 ունկնդիր:
Ռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ «Լիահույս եմ, որ ինչ որ տեղ ձեր մասնակցությամբ համապատասխան գործառույթների իրականացմանը արդարադատությունն ավելի շահելու է»,- նշեց ռեկտորը՝ բարի երթ մաղթելով շրջանավարտներին:
Ունկնդիրների մասնագիտական պատրաստումը, ուսուցման ծրագրի համաձայն, տևել է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը:
Տեսանյութ- https://www.youtube.com/watch?v
Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների երկրորդ խմբին
Փետրվարի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների երկրորդ խմբին: Խմբում ընդգրկված է 22 ունկնդիր:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, ներկայացրեց ուսուցման գործընթացի մանրամասները և պատասխանեց հուզող հարցերին:
Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկել է փետրվարի 2-ին և նախատեսվում է ավարտել ապրիլի 16-ին:
Ակադեմիայի կառավարման խորհուրդը նոր նախագահ ունի
Հունվարի 23-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Ակադեմիայի Կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում Ակադեմիայի խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ռոտացիոն կարգով ընտրեցին Կառավարման խորհրդի նոր նախագահին: Նախագահի պաշտոնը 1 տարի ժամկետով ստանձնեց Կառավարման խորհրդի անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանը:
Ի թիվս այլ հարցերի ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի 2025 թվականի գործունեության մասին հաշվետվությունը՝ անդրադառնալով իրականացված գործունեության հիմնական ուղղություններին: Խորհրդի անդամները հաշվետվությունը միաձայն ընդունեցին ի գիտություն: Խորհուրդը հաստատեց նաև «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության 2026թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների առաջին խմբին
Հունվարի 12-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների առաջին խմբին: Խմբում ընդգրկված է 28 ունկնդիր:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, ներկայացրեց ուսուցման գործընթացի մանրամասները և պատասխանեց հուզող հարցերին:
Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկել է հունվարի 12-ին և նախատեսվում է ավարտել մարտի 23-ին:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ամփոփեց Ակադեմիայի 2025 թվականի գործունեությունը
Դեկտեմբերի 29-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն աշխատակազմի հետ հանդիպմանն ամփոփեց Ակադեմիայի 2025 թվականի գործունեությունը՝ երախտագիտություն հայտնելով տարվա ընթացքում արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների համար:
Ռեկտորի համապատասխան հրամանով՝ Ակադեմիայի աշխատակազմի բոլոր անդամները պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ երկարատև համատեղ արգասաբեր աշխատանքի համար:
Ռեկտորը շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և ընտանեկան ջերմություն:
Համագործակցության հուշագիր Արդարադատության ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության Հաշտարարների պալատի միջև
Դեկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Հաշտարարների պալատի նախագահ Գայանե Դեմիրչյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար՝ կարևորելով Հաշտարարների պալատի գործունեության դերը և նշանակությունը մեր պետության և հասարակության զարգացման գործում: Գայանե Դեմիրչյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ հետագայում համագործակցությունն ավելի սերտ կլինի:
Համագործակցության հուշագրով նախատեսվում է ոլորտին վերաբերվող օրենսդրության վերլուծություն, մասնագիտական և մեթոդական ձեռնարկների և այլ նյութերի փոխանակում, գործնական քննարկումների, հանդիպումների, կոնֆերանսների կազմակերպում, Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների համար՝ հաշտարարության ոլորտին վերաբերվող հարցերի և նշված ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացների անցկացում: