ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1364

22.06.2022

Դիպլոմներ Ակադեմիայի շրջանավարտներին՝ դատախազի թեկնածուներին

Հունիսի 22-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատախազների թեկնածությունների 2021-2022 թթ. ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրներին:

 

Հանդիսավոր միջոցառումն անցկացվեց ՀՀ գլխավոր դատախազությունում, որին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

 

«Ցանկացած ուսումնական կառույցի գործունեության հիմնական գնահատականը շրջանավարտների կողմից մասնագիտական պարտականությունների կատարման որակն է: Լիահույս եմ, որ բարձր կպահեք Ակադեմիայի պատիվը»,- շնորհավորելով շրջանավատներին՝ նշեց ռեկտորը:

 

«Դատախազի ծառայությունը երբեք չի եղել շարքային վարձրատրվող աշխատանք: Դուք գալիս եք մի համակարգ, որը պետության ողնաշարն է, և ամեն ինչ պետք է անեք, որ այն լինի ամուր և կանգուն»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը և շնորհակալություն հայտնեց Ակադեմիային և անձամբ ռեկտորին՝ դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստումը կազմակերպելու համար:

1363

22.06.2022

Դասընթացավարների եռօրյա վերապատրաստում նվիրված ուսուցման մեթոդաբանությանը

Հունիսի 17-ից 19-ը Ծաղկաձորում անցկացվեց դասընթացավարների վերապատրաստում՝ նվիրված ուսուցման մեթոդաբանությանը ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի համատեքստում: Մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանական դպրոցի դասընթացավարները: Վերապատրաստումը վարում էին ԵԽ փորձագետներ, Ակադեմիայի դասըթնացավարներ Արա Ղազարյանը, Հրայր Ղուկասյանը, Արսեն Նիկողոյանը:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց մասնակիցներին, կարևորեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համագործակցության շրջանակում իրականացվող ինչպես ունկնդիրների, այնպես էլ դասընթացավարների վերապատրաստումները ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգքրերի վերաբերյալ: Ռեկտորի խոսքով՝ հաշվի առնելով թեմայի արդիականությունը, վերջին ամիսներին օրենսգրքերի վերաբերյալ մի շարք սեմինար-քննարկումներ են անցկացվել, սակայն բազմաթիվ հիմնահարցեր քննարկման նյութ են դառնալու հատկապես հուլիսի 1-ից հետո, երբ օրենսգրքերն արդեն ուժի մեջ կմտնեն:

 

Եռօրյա այս վերապատրաստումն իրականություն է դարձել Ակադեմիայի և ԵԽ համագործակցության արդյունքում՝ ԵԽ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի կողմից։

1362

17.06.2022

Ռեկտորը ելույթ է ունեցել հայ-շվեդական համատեղ ծրագրի մեկնարկային միջոցառմանը

Հունիսի 17-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը մասնակցել են «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի մեկնարկային միջոցառմանը: Ծրագրի շահառուներն են Ակադեմիան և ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը:

 

Սերգեյ Առաքելյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց շվեդ գործընկերներին Ակադեմիայի համագործակցության առաջարկին արձագանքելու և համատեղ գործուն քայլեր ձեռնարկելու համար: «Մեր նպատակն է հանրության շրջանում բարձրացնել դատարանների նկատմամբ վստահությունը: Կազմակերպելով համապատասխան ուսումնական գործընթացներ՝ մենք մեր հնարավորությունների սահմաններում նպաստելու ենք դրան»,- նշեց ռեկտորը:

 

Միջոցառմանը մասնակցում էին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, դատավորներ ՀՀ-ից և Շվեդիայից, հյուրեր:

1361

17.06.2022

Սեմինար՝ դատավորների թեկնածուների հավակնորդների համար

Հունիսի 17-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար «Արդար դատաքննության իրավունքը, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդված 6. ընդհանուր դիտարկում» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Սեմինարն անցկացնում էր մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտի միջազգային խորհրդատու, դոկտոր Մինդիա Վաշակմադզեն: Մասնակցում էին քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդները:

1360

16.06.2022

Ամփոփվեցին «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» IRZ ծրագրի արդյունքները

Հունիսի 16-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառում:

 

Մասնակցում էին IRZ-ի վերոնշյալ ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը, միջազգային երկարաժամկետ փորձագետ Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ներկայացուցիչներ ՀՀ դատաիրավական համակարգից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից, Ակադեմիայի մի շարք այլ գործընկերներ, հյուրեր:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել ծրագրի իրականացման գործում: «Մենք բոլորս մեզ վրա զգացինք այն հայտնի ճշմարտությունը, որ եթե ուզում ես արագ ընթանալ, քայլիր մենակ, իսկ եթե ցանկանում ես հեռուն գնալ, քայլիր գործընկերներիդ հետ: Այսօր ուրախությամբ կարող ենք արձանագրել՝ շատ հեռու ենք գնացել»,- նշեց ռեկտորը:
«Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացվել է վերապատրաստման 100 միջոցառում, մասնակցել է շուրջ 2500 ունկնդիր: Այս տպավորիչ թվերը հնարավոր դարձան Ակադեմիայի շարունակական աջակցության շնորհիվ»,- նշեց «Էքսփերթայզ Ֆրանս» կազմակերպության ներկայացուցիչ Սվիյեթա Յեքիչը:

 

Փիթեր Գյորթլերը, Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին իրենց ելույթներում շնորհակալություն հայտնեցին Ակադեմիային արդյունավետ համագործակցության և գրանցած հաջողությունների համար:

 

«Դատաիրավական ոլորտի բարեփոխումների հիմքում առկա խնդիրները մեծամասամբ լուծելի են հենց կրթական դաշտում: Այս տեսանկյունից Ակադեմիան այն տանիքն է, որի ներքո արդարադատության շղթայում ներառված բոլոր սուբյեկտները պետք է հավակնեն այդ կրթական բաղադրիչի միջոցով ապահովել դատաիրավական բարեփոխումները ՀՀ-ում»,-նշեց Արդարադատության նախարարի տեղակալ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արփինե Սարգսյանը:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնեց ծրագրի գործընկերներ Փիթեր Գյորթլերին, Մարիամ Այվազյանին, Սյուզաննա Մուրադյանին, Սուսաննա Վարդանյանին, իսկ Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին պարգևատրվեց Ակադեմիայի «Համագործակցության համար» մեդալով:

1359

16.06.2022

Թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ միջազգային գիտագործնական համաժողովին Ակադեմիայի ռեկտորի խորհրդականը հանդես է եկել զեկույցով

Հունիսի 15-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Իսրայելյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացված «Թրաֆիքինգի դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեադատավարական խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:

 

Գևորգ Իսրայելյանը ներկայացրել է զեկույց՝ «Թրաֆիքինգի լատենտայնության պատճառների և հետևանքների տեսական վերլուծություն» թեմայով:

 

Համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանության կրթահամալիրից, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից: Առցանց եղանակով համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնության և Ուզբեկստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների ուսումնական և գիտահետազոտական հաստատություններից:

1358

15.06.2022

Հուշագիր՝ Ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջև հաստատված ծրագրի իրականացման վերաբերյալ

Հունիսի 15-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար Յոնաս Հոգսթրոմը ստորագրեցին համագործակցության վերաբերյալ հուշագիր, որով հիմք դրվեց երկարատև համագործակցության համապատասխան ծրագրի շրջանակում:

 

Ռեկտորը ջերմորեն ողջունեց հյուրերին՝ հիշեցնելով, որ Ակադեմիայի և շվեդ գործընկերների միջև համագործակցությունը իրավական հիմքերի վրա դրվել էր դեռևս 2021 թվականի սեպտեմբերին: «Այդ փաստաթղթում տեղ էին գտել ընդհանուր բնույթի որոշակի քայլեր, իսկ այսօր արդեն, մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում կողմերի համատեղ մշակած ծրագրի շրջանակում սկիզբ է դրվում համագործակցության դատական համակարգի ունկնդիրների վերապատրաստումների իրականացման նպատակով, որը ենթադրում է համապատասխան դասընթացների մշակում, ճանաչողական այցերի, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպում՝ հայ և շվեդ փորձագետների ներգրավմամբ և այլն»,-նշեց ռեկտորը:

 

«Ստորագրելով այս փաստաթուղթը՝ մենք սկիզբ ենք դնում երկարատև և սերտ համագործակցության, որը ուղղված է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»,-նշեց Յոնաս Հոգսթրոմը:

 

Ծրագիրը, որը կոչվում է «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով», իրականացվելու է Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (ՍԻԴԱ) շվեդական կողմին տրամադրած դրամաշնորհի միջոցով:

1357

14.06.2022

Քննարկում միջազգային գործընկերների հետ համագործակցության հիմնական ուղղությունների մասին

Հունիսի 14-ին Արդարադատության ակադեմիա են այցելել «Տեխնիկական աջակցություն արդարադատության բարեփոխումներին և բյուջետային աջակցության իրականացմանը» ծրագրի թիմի ղեկավար Թոմաս Թոմսենը և թիմի ղեկավարի տեղակալ, իրավական հարցերով փորձագետ Մովսես Հակոբյանը:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ծրագրի գործընկերների հետ նախապես ձեռքբերելով պայմանավորվածություններ՝ արդեն իսկ որոշակի քայլեր են արվել դրանց իրականացման ուղղությամբ: «Ակադեմիան բաց է բոլոր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար. ողջունում եմ նաև այս համագործակցությունը»,-նշեց ռեկտորը և տեղեկացրեց, որ Ակադեմիայի աշխատակազմի մի քանի ներկայացուցիչ ընդգրկված է ծրագրի շրջանակում նախանշված և առաջիկայում անցկացվելիք վերապատրաստումներին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են մարդկային ռեսուրսների կառավարմանը, ռազմավարական պլանավորմանը:

1356

13.06.2022

Երկօրյա վերապատրաստում զինվորական գործեր քննող քննիչների համար

Հունիսի 11-ին և 12-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Զինված ուժերում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննության վերաբերյալ» թեմայով վերապատրաստում: Այն կազմակերպել և անցկացնում էր Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) հետ համատեղ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ԵԽ ծրագրի շրջանակում:

 

Մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները: Դասընթացը վարում էին ԵԽ միջազգային փորձագետ Սաշա Յանկովիչը և ազգային փորձագետ, Արդարադատության ակադեմիայի դասընթացավար Արսեն Նիկողոսյանը:

1355

13.06.2022

Դասընթացավարների վերապատրաստում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրի շրջանակում

Հունիսի 11-12-ը Դիլիջանում անցկացվեց երկօրյա վերապատրաստում Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների համար, որին մասնակցում էին նաև աշխատակազմի ներկայացուցիչներ: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և շնորհակալություն հայտնեց դասընթացավարներին Ակադեմիայի ուսումնական գործընթացում շատ կարևոր ներդրում ունենալու համար: «Շնորհակալություն նաև IRZ-ի մեր գործընկերներին՝ Փիթեր Գյորթլերին և Օթիլիա Ստեֆանիա Պակուրարիին մեզ հետ ծրագիրը ջանասիրաբար և սրտացավությամբ իրականացնելու համար»,- նշեց ռեկտորը:
«Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնք ձեռք ենք բերել համագործակցության շնորհիվ և, վստահ եմ` այն լինելու է շարունակական»,- նշեց IRZ ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը:

 

Վերապատրաստումը վարում էր միջազգային փորձագետ, կրթության և վերապատրաստման գծով դոկտոր Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին: