ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հուշագիր՝ Ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջև հաստատված ծրագրի իրականացման վերաբերյալ

15.06.2022

Հունիսի 15-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար Յոնաս Հոգսթրոմը ստորագրեցին համագործակցության վերաբերյալ հուշագիր, որով հիմք դրվեց երկարատև համագործակցության համապատասխան ծրագրի շրջանակում:

 

Ռեկտորը ջերմորեն ողջունեց հյուրերին՝ հիշեցնելով, որ Ակադեմիայի և շվեդ գործընկերների միջև համագործակցությունը իրավական հիմքերի վրա դրվել էր դեռևս 2021 թվականի սեպտեմբերին: «Այդ փաստաթղթում տեղ էին գտել ընդհանուր բնույթի որոշակի քայլեր, իսկ այսօր արդեն, մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում կողմերի համատեղ մշակած ծրագրի շրջանակում սկիզբ է դրվում համագործակցության դատական համակարգի ունկնդիրների վերապատրաստումների իրականացման նպատակով, որը ենթադրում է համապատասխան դասընթացների մշակում, ճանաչողական այցերի, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպում՝ հայ և շվեդ փորձագետների ներգրավմամբ և այլն»,-նշեց ռեկտորը:

 

«Ստորագրելով այս փաստաթուղթը՝ մենք սկիզբ ենք դնում երկարատև և սերտ համագործակցության, որը ուղղված է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»,-նշեց Յոնաս Հոգսթրոմը:

 

Ծրագիրը, որը կոչվում է «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով», իրականացվելու է Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (ՍԻԴԱ) շվեդական կողմին տրամադրած դրամաշնորհի միջոցով: