ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ամփոփվեցին «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» IRZ ծրագրի արդյունքները

16.06.2022

Հունիսի 16-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառում:

 

Մասնակցում էին IRZ-ի վերոնշյալ ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը, միջազգային երկարաժամկետ փորձագետ Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ներկայացուցիչներ ՀՀ դատաիրավական համակարգից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից, Ակադեմիայի մի շարք այլ գործընկերներ, հյուրեր:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել ծրագրի իրականացման գործում: «Մենք բոլորս մեզ վրա զգացինք այն հայտնի ճշմարտությունը, որ եթե ուզում ես արագ ընթանալ, քայլիր մենակ, իսկ եթե ցանկանում ես հեռուն գնալ, քայլիր գործընկերներիդ հետ: Այսօր ուրախությամբ կարող ենք արձանագրել՝ շատ հեռու ենք գնացել»,- նշեց ռեկտորը:
«Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացվել է վերապատրաստման 100 միջոցառում, մասնակցել է շուրջ 2500 ունկնդիր: Այս տպավորիչ թվերը հնարավոր դարձան Ակադեմիայի շարունակական աջակցության շնորհիվ»,- նշեց «Էքսփերթայզ Ֆրանս» կազմակերպության ներկայացուցիչ Սվիյեթա Յեքիչը:

 

Փիթեր Գյորթլերը, Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին իրենց ելույթներում շնորհակալություն հայտնեցին Ակադեմիային արդյունավետ համագործակցության և գրանցած հաջողությունների համար:

 

«Դատաիրավական ոլորտի բարեփոխումների հիմքում առկա խնդիրները մեծամասամբ լուծելի են հենց կրթական դաշտում: Այս տեսանկյունից Ակադեմիան այն տանիքն է, որի ներքո արդարադատության շղթայում ներառված բոլոր սուբյեկտները պետք է հավակնեն այդ կրթական բաղադրիչի միջոցով ապահովել դատաիրավական բարեփոխումները ՀՀ-ում»,-նշեց Արդարադատության նախարարի տեղակալ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արփինե Սարգսյանը:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնեց ծրագրի գործընկերներ Փիթեր Գյորթլերին, Մարիամ Այվազյանին, Սյուզաննա Մուրադյանին, Սուսաննա Վարդանյանին, իսկ Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին պարգևատրվեց Ակադեմիայի «Համագործակցության համար» մեդալով: