ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1374

21.07.2022

Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների այցը Արդարադատության ակադեմիա

Հուլիսի 21-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչները՝ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրների համար բյուրոյի աշխատանքային հարցերով մասնագետ Անտոնիո Սանտոսը, Աշխատանքի վարձատրության և աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման գծով ծրագրերի ղեկավար Յուսթին Թիլիյեն, Հայաստանում ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և կարևորեց միջազգային տարբեր ծրագրերի, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակում առկա համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնեց խորացնել այն: Ռեկտորը ընդգծեց աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված դասընթացի մշակման և Ակադեմիայի ուսումնական գործընթաց ներդնելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկեցին հեռավար ուսուցման համար դասընթացի մշակմանն առնչվող հարցեր՝ կրթական նորագույն լուծումների կիրառմամբ:

 

Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի աշխատանքային պայմաններին, եղան լսարաններում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում:

1373

18.07.2022

Ակադեմիայի ներկայացուցիչը Բուդապեշտում մասնակցել է դասընթացավարների վերապատրաստման

Հուլիսի 11-ից 15-ը Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Նունե Պողոսյանը Բուդապեշտում մասնակցել է դասընթացավարների վերապատրաստման՝ «Ուսուցում և գործառնական համագործակցություն կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար» թեմայով ծրագրի շրջանակում: Այն իրականացվել է Եվրոպական միության (ԵՄ) իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստման գործակալության (CEPOL) կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ:

 

Նունե Պողոսյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ Ակադեմիայի փորձը հեռաուսուցման կազմակերպման գործում:

 

Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանության կրթահամալիրից,  Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից:

1372

18.07.2022

Մեկնարկեց 2022 թ. քննիչի թեկնածուների երրորդ խմբի մասնագիտական պատրաստումը

Հուլիսի 18-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երրորդ խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է 31 ունկնդիր:

 

Մասնագիտական պատրաստումն անցկացվում է համապատասխան ուսուցման ծրագրով, ըստ որի ուսուցումը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 30-ին:

1371

14.07.2022

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների 3-րդ խմբի ունկնդիրներին

Հուլիսի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրներին: Այս խմբում ընդգրկված է 31 ունկնդիր:

 

Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, հաջող ուսումնառություն մաղթեց և ներկայացրեց ուսուցման գործընթացին առնչվող մանրամասներ, պատասխանեց հուզող հարցերին:

 

Քննիչի թեկնածուների 3-րդ խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է հուլիսի 18-ին:

1370

06.07.2022

Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ HELP ծրագրի տարեկան համաժողովին

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը Ստրասբուրգում հունիսի 30-ից հուլիսի 1-ը մասնակցել են Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) HELP (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) ծրագրի տարեկան համաժողովին:

 

Մասնակցում էին ԵԽ անդամ երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչները: Համաժողովի ընթացքում ամփոփվել են ծրագրի նախորդ տարվա արդյունքները, ներկայացվել են առաջիկայում մեկնարկող նոր նախագծերը, քննարկվել են գործընկեր կառույցների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:

 

Համաժողովին զեկույցով հանդես է եկել ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը ներկայացրել է Արդարադատության ակադեմիայի և ԵԽ-ի հետ համատեղ՝ HELP ծրագրի շրջանակում իրականացված դասընթացների վերաբերյալ վիճակագրությունը, ստացված արդյունքները և ակնկալիքները:

1369

06.07.2022

Մեկնարկել է քննիչի թեկնածուների 2-րդ խմբի քննաշրջանը

Հուլիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրների քննաշրջանը: Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 23 ունկնդիր:

 

Այս քննաշրջանի ընթացքում նախատեսվում է անցկացնել 2 բանավոր քննություն, որին հաջորդելու է փորձաշրջանը:

1368

01․07․2022

Շնորհավորանք ՀՀ դատախազության աշխատողի օրվա առթիվ

Հարգելի՛ պարոն Դավթյան,

 

Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի և դատախազության կազմավորման 104-ամյակի կապակցությամբ:

 

Գլխավոր դատախազությունն առանցքային դերակատարություն ունի քրեական դատավարության իրականացման, մարդու իրավունքների պաշտպանության իրավական հիմքերի ամրապնդման և ապահովման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում:

 

Մեր համատեղ գործունեության արդյունքում համակարգը շարունակաբար համալրվում է նոր սերնդի դատախազներով: Վստահ եմ՝ դատախազության առջև այսօր ծառացած բազմաթիվ դժվարին խնդիրները լուծելի են ծառայողների ներուժի անվերապահ դրսևորման շնորհիվ:

 

Հավատացած եմ, որ երկու կառույցների միջև այս տարիների ընթացքում ստեղծված փոխգործակցության արդյունքները կլինեն շարունակական:

 

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյան

1367

27.06.2022

Ակադեմիայի պրոռեկտորը մասնակցել է մենթորների միջազգային վերապատրաստման դասընթացի

Հունիսի 21-23-ը Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը Բուդապեշտում (Հունգարիա) մասնակցել է մենթորների միջազգային վերապատրաստման դասընթացի՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակում: Հայաստանյան պատվիրակության կազմում էին նաև դատավորներ, դատախազներ, փորձագետներ:

 

ԵԽ փորձագետներ Զորա Չալագովիցի ու Էլիզաբեթ Դուրբանի համահեղինակությամբ մշակվել է մենթորային ծրագրի համապատասխան ուղեցույց իրավաբան-մասնագետների համար՝ «Կանանց համար արդարադատության մատչելիություն» թեմայով, որի կիրառման մենթոդաբանությանը ծանոթացան ինչպես Հայաստանի պատվիրակության, այնպես էլ Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ներկայացուցիչները: Նախատեսվում է առաջիկա ամիսներին ուղեցույցի մեթոդաբանության վերաբերյալ փոքր խմբերով քննարկումներ կազմակերպել մասնակից պետություններում:

 

Ծրագիրն իրականացնում է ԵԽ-ն՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ:

1366

24.06.2022

Հանդիպում քննիչի թեկնածուների 2-րդ խմբի ունկնդիրների հետ՝ քննաշրջանին ընդառաջ

Հունիսի 24-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրներին:

 

Քննաշրջանից առաջ ռեկտորը ծանոթացրեց ունկնդիրներին քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, այդ թվում՝ արդյունքների բողոքարկման ընթացակարգին, պատասխանեց հետաքրքրող հարցերին:

 

Ըստ ուսուցման ծրագրի՝ երկրորդ խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 18-ին:

1365

24.06.2022

Մեկնարկեց «Հեռաուսուցման դասընթացների մշակում Արդարադատության ակադեմիայի համար» ծրագիրը

Հունիսի 22-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ «Հեռաուսուցման դասընթացների մշակում Արդարադատության ակադեմիայի համար» ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագիրն իրականացվում է Ակադեմիայի և «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հետ համատեղ՝ ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) ֆինանսավորմամբ:

 

«Սա հայ-ամերիկյան բարեկամության շրջանակում հերթական ձեռքբերում է: Ակադեմիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, մասնավորապես ԹՊԻՀ գրասենյակի հետ համագործակցությունը տարիների փորձ ունի և մշտապես դրական արդյունքներ է արձանագրել՝ սկսած տեխնիկական աջակցության տրամադրումից մինչև դասընթացների մշակումներ և լրամշակումներ: Այսօր արդեն հեռավար ձևաչափով դասընթաց ենք մշակել, որը ևս ընդգրկվելու է Ակադեմիայի ուսումնական գործընթաց»,- նշեց ռեկտորը:

 

«Ակադեմիան շարունակաբար ներմուծում է ուսումնական գործընթաց այնպիսի թեմաներ, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչը մենք սատարում ենք»,- ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Չիփ Լեյթինենը:
«Ուրախ ենք, որ հեռաուսուցման այս մոդուլները մշակվել են և արդեն պատրաստ են ուսուցանվել Ակադեմիայի ունկնդիրներին»,- նշեց ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:

 

«2003-ից ԹՊԻՀ-ի ֆինանսական աջակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացնում մեր կազմակերպությունը: Ուրախ ենք, որ այս համատեղ ծրագիրը ևս իրականություն է դառնում»,- նշեց «Փրոջեքթ Հարմոնի» Ինթերնեշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը:

 

Միջոցառմանը մասնակցում էին Ակադեմիայի դասընթացավարներ, ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչներ, հյուրեր: