ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Մեկնարկեց «Հեռաուսուցման դասընթացների մշակում Արդարադատության ակադեմիայի համար» ծրագիրը

24.06.2022

Հունիսի 22-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ «Հեռաուսուցման դասընթացների մշակում Արդարադատության ակադեմիայի համար» ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագիրն իրականացվում է Ակադեմիայի և «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հետ համատեղ՝ ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) ֆինանսավորմամբ:

 

«Սա հայ-ամերիկյան բարեկամության շրջանակում հերթական ձեռքբերում է: Ակադեմիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, մասնավորապես ԹՊԻՀ գրասենյակի հետ համագործակցությունը տարիների փորձ ունի և մշտապես դրական արդյունքներ է արձանագրել՝ սկսած տեխնիկական աջակցության տրամադրումից մինչև դասընթացների մշակումներ և լրամշակումներ: Այսօր արդեն հեռավար ձևաչափով դասընթաց ենք մշակել, որը ևս ընդգրկվելու է Ակադեմիայի ուսումնական գործընթաց»,- նշեց ռեկտորը:

 

«Ակադեմիան շարունակաբար ներմուծում է ուսումնական գործընթաց այնպիսի թեմաներ, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչը մենք սատարում ենք»,- ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Չիփ Լեյթինենը:
«Ուրախ ենք, որ հեռաուսուցման այս մոդուլները մշակվել են և արդեն պատրաստ են ուսուցանվել Ակադեմիայի ունկնդիրներին»,- նշեց ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:

 

«2003-ից ԹՊԻՀ-ի ֆինանսական աջակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացնում մեր կազմակերպությունը: Ուրախ ենք, որ այս համատեղ ծրագիրը ևս իրականություն է դառնում»,- նշեց «Փրոջեքթ Հարմոնի» Ինթերնեշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը:

 

Միջոցառմանը մասնակցում էին Ակադեմիայի դասընթացավարներ, ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչներ, հյուրեր: