ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1548

21.03.2024

ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի ներկայացուցիչների այցն Արդարադատության ակադեմիա

Մարտի 21-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, ղեկավարի տեղակալ Մերեդիթ Քլեր Բամբրիկը, ծրագրի ընդհանուր ղեկավար «Դիվելոպմենթ պրոֆեշընըլս» կազմակերպության նախագահի տեղակալ Պատրիկ Վուջիկը:


Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ մինչ այս համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին՝ կարևորելով համագործակցության շարունակական լինելը, խոսեց հեռավար ուսուցման ժամանակակից մոտեցումներից:


Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, ծրագրի ղեկավար Հասմիկ Հակոբյանը ներկայացրեց Ակադեմիայի հետ համատեղ մշակված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:


Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, եղան լսարաններում, այցելեցին դատական նիստերի դահլիճ, գրադարան, մարզասրահ, հյուրանոց, ինչպես նաև «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ», որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ:

1547

19.03.2024

Դիպլոմներ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդներին և Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց

Մարտի 19-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների և Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թ. ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմներ ստացան Ակադեմիայի 6 ունկնդիրներ: 


Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Հարգելի ունկնդիրներ, խնդրում և միաժամանակ պահանջում եմ ձեր մասնագիտական գործառույթներն իրականացնելիս բարձր պահել Ակադեմիայի պատիվը», - նշեց պարոն Առաքելյանը՝ անդրադառնալով ևս մեկ կարևոր հանգամանքի, այն է՝ սիրած մասնագիտությամբ, սիրած գործով սիրով զբաղվելը երջանկության բաղադրիչներից է և այդ առումով շատ կարևոր է որևէ պարագայում հիասթափություն չունենալ կատարած ընտրությունից:

Տեսանյութ - https://youtu.be/Hf2lRtKVY0U

1546

18.03.2024

Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործընկերների այցը Ակադեմիա

Մարտի 18-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՀՀ-ում ԱՄՆ պետքարտուղարության ԹՊԻՀ Եվրասիական թիմի ղեկավար Մարի Քուրթը, ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, Արևելք-Արևմուտք Կառավարման Ինստիտուտի փոխնախագահ Նիկոլաս Մենսֆիլդը, Արևելք-Արևմուտք Կառավարման Ինստիտուտի երկրի կոորդինատոր Սերգո Կավտարաձեն:


Հանդիպման ընթացքում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, բարձր գնահատեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մեծ աջակցությունը, որը հետագայում ևս հնարավորություն կտա գտնելու համագործակցության փոխշահավետ նոր ուղիներ: 


Ռեկտորը նաև անդրադարձավ մինչ այս համատեղ իրականացված ծրագրերին, պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերի:


Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ նոր մեկնարկող ծրագրի շրջանակներում համագործակցությունը ևս կլինի արգասաբեր:


 Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, եղան լսարաններում, այցելեցին դատական նիստերի դահլիճ, գրադարան, մարզասրահ, հյուրանոց, ինչպես նաև «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ», որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ:

1544

18.03.2024

Վկայականներ՝«Միջազգային քրեական իրավունքի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա դասընթացների մասնակիցներին

Մարտի 13-15-ը Արդարադատության ակադեմիայում մեկնարկեցին Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի ներկայացուցիչների կողմից կազմակերպված «Միջազգային իրավունքի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա դասընթացները՝ նախատեսված դատախազների, քննիչների և այլ իրավաբան մասնագետների համար:


Դասընթացները վարում էին Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգը, Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի վերապատրաստման և կարողությունների զարգացման գծով ավագ աշխատակից Դառլին Սեդան, Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի ավագ սպա Կիրան Մոհանդաս Մենոնը, ինչպես նաև Միջազգային քրեական հետաքննությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Ֆիլիպ Թրյուհիթը և Միջազգային քրեական դատարանի դատախազության դատախազ Ալեքսիս Դեմիրճյանը:


Դասընթացների ավարտին ունկնդիրները ստացան մասնակցության վկայականներ:

1543

14.03.2024

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների երկրորդ խմբին

Մարտի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների երկրորդ խմբին: Խմբում ընդգրկված է 28 ունկնդիր:


Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, ներկայացրեց ուսուցման գործընթացի մանրամասները և պատասխանեց հուզող հարցերին:


Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկելու է մարտի 18-ին և նախատեսվում է ավարտել մայիսի 29-ին:

1542

14.03.2024

Եռօրյա վերապատրաստում թրաֆիքինգի վերաբերյալ

Փետրվարի 28-ին, մարտի 7-ին և մարտի 14-ին Արդարադատության ակադեմիայում կազմակերպվել են «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության ապահովմանն ուղղված» մոդուլով վերապատրաստման դասընթացներ:


Միջոցառումը կազմակերպվել է Ակադեմիայի կողմից՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում: Վերապատրաստվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության թվով 60 աշխատակիցներ:


Վերապատրաստումը վարում էին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տիգրան Պողոսյանը:

1541

13.03.2024

Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի պատվիրակության այցն Արդարադատության ակադեմիա

Մարտի 13-ին Արդարադատության Ակադեմիա այցելեցին Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգը, Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի վերապատրաստման և կարողությունների զարգացման գծով ավագ աշխատակից Դառլին Սեդան և Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի ավագ սպա Կիրան Մոհանդաս Մենոնը:


Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին, անդրադարձավ միջազգային համագործակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերը կարևորեցին երկկողմ արդյունավետ համագործակցությունը և անդրադարձան  այցի հիմնական նպատակին, այն է՝ «Միջազգային քրեական իրավունքի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա դասընթացներին, որը նախատեսված է  քննիչների, դատախազների և այլ իրավաբան մասնագետների համար:


Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում,մարզասենյակում և հյուրանոցում:

1540

04.03.2024

Աշխատանքային քննարկում համատեղ իրականացվող ծրագրերի վերաբերյալ

Մարտի 4-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանն ընդունեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Ջոնսոնին: Հանդիպմանը քննարկվեցին համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա քայլերը: Տիկին Ջոնսոնը ներկայացրեց Արդարադատության ակադեմիայի համար միջազգային և ներպետական փորձագետների  կողմից համատեղ մշակված «Մինչդատական քրեական վարույթի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանություն» խորագրով ուսումնական ձեռնարկի նախնական տարբերակը,որի հիման վրա առաջիկայում նախատեսվում է կազմակերպել  դասընթացավարների  վերապատրաստում: (TOT)


Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր:

1539

19.02.2024

Գրքի տոնի կապակցությամբ գրքերի հանձնում Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին

Այսօր՝ փետրվարի 19-ին, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը գրքի տոնի կապակցությամբ խորհրդանշական գրքեր նվիրեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ հույս հայտնելով, որ գրականությունը կհետաքրքրի ընթերցողներին և  օգտակար կլինի մասնագիտական գործունեության համար, իսկ ներկայիս իրականության մեջ կշարունակվի բարձր գնահատվել գրքի դերն ու նշանակությունը:

1538

15.02.2024

Վերապատրաստման դասընթացներ դատավորների թեկնածուների հավակնորդների համար

Փետրվարի 14-ին և 15-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված դատական արհեստին և դատավորի դերին: Այն իրականացվեց Ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների վարչության հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը և ընդգծեց դատավորի դերի, արհեստի, հմտությունների և պատշաճ վարքագծի կարևորությունը ժամանակակից հասարակության մեջ:

 

Վերապատրաստման դասընթացները, որոնք նախատեսված էին քաղաքացիական մասնագիտացմամբ  դատավորների թեկնածուների հավակնորդների համար, վարում էին Շվեդիայից ժամանած քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ Էլիզաբեթ Վասս Լոֆսթեդը և Էրիկ Հավելիուսը, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը: