Համագործակցության հուշագիր՝ Արդարադատության ակադեմիայի և Հայաստանի բանկերի միության միջև
Մայիսի 24-ին Արդարադատության ակադեմիայի և Հայաստանի բանկերի միության միջև կնքվեց համագործակցության մասին փոխըմբռնման համաձայնագիր, որը ստորագրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:
Համաձայնագիրն ամրագրեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցելու ցանկությունը:
Համագործակցությունը ենթադրում է Հայաստանի բանկերի միության կողմից տարբեր հարթակներում կազմակերպվող մասնագիտական հանդիպումներին և քննարկումներին Ակադեմիայի ունկնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավում, համատեղ մասնագիտական քննարկումների և միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև վերլուծական-հետազոտական նախագծերի իրականացում, ուսումնամեթոդական նյութերի հրապարակում:
Ողջունելով ներկաներին՝ Ակադեմիայի Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն անդրադարձավ նախկինում համատեղ կազմակերպված բազմաթիվ կարևոր միջոցառումներին, շնորհակալություն հայտնեց նման կարևոր նախաձեռնության առաջարկն ընդունելու համար՝ նշելով, որ համագործակցության եզրերը բազմաթիվ են և իրավաբանական հիմքի վրա դնելով համագործակցությունը մոտ ապագայում կարձանագրվեն է՛լ ավելի դրական արդյունքներ:
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը ներկայացրեց իրենց կառույցի գործունեության հիմնական ուղղությունները՝ իր հերթին նշելով, որ նման նախաձեռնությունը շատ ոգևորիչ է, Ակադեմիայի հետ աշխատելու բավականին մեծ ասպարեզ կա և առաջիկայում անելիքները շատ են: