ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1558

06.05.2024

Մասնագիտական պատրաստումից առաջ հանդիպում դատավորների թեկնածուների հավակնորդներին

Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը մասնագիտական պատրաստումից առաջ հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդներին: Խմբում ընդգրկված են քրեական և քաղաքացիական մասնագիտացումներով 6 ունկնդիրներ:


Պրոռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր:


Մասնագիտական պատրաստումը մեկնարկեց մայիսի 6-ին և ավարտվելու է հունիսի 14-ին:
 

1557

02.05.2024

Հայտարարություն նախապատրաստական դասընթացների համար ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգելու մասին

Հաշվի առնելով դիմորդների բազմաթիվ խնդրանքները՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար կազմակերպվող նախապատրաստական դասընթացների դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մայիսի 15-ը, ժամը՝ 17:00-ն ներառյալ: Դասընթացները կմեկնարկեն մայիսի 20-ին:


Դիմումի, ուսուցման ծրագրի և այլնի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղումով https://aoj.am/news/1552

1556

30.04.2024

Երկօրյա վերապատրաստման դասընթաց քննիչների համար

Ապրիլի 23-ին և 30-ին Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարումը» ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննությունը ներպետական օրենսդրության, պրակտիկայի և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո» խորագրով վերապատրաստման դասընթացներ, որոնց ընթացքում քննարկվեցին նաև Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործով արձանագրված խնդիրները:


Դասընթացը վարում էր Ակադեմիայի դասընթացավար, Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը:


Դասընթացին մասնակցում էին Քննչական կոմիտեի քննիչները:

1555

25.04.2024

Արդարադատության ակադեմիայի պատվիրակության այցը Բելգիա

Սույն թվականի ապրիլի 17-ից 20-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը Բրյուսելում մասնակցեցին «Կանանց արդարադատության մատչելիությունը.Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների իրականացում» ԵՄ և ԵԽ համատեղ ծրագրի երկրորդ ղեկավար կոմիտեի նիստին և Արևելյան գործընկերության երկրների դատական վերապատրաստման հաստատությունների տարածաշրջանային ցանցի առաջին հանդիպմանը:


Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Եվրոպական դատական վերապատրաստման ցանցի (EJTN) և Եվրոպայի խորհրդի համապատասխան բաժնի ներկայացուցիչները:


Մասնակիցները քննարկել են առաջիկա համագործակցության հնարավորությունները և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:

1554

24.04.2024

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 23-ի ուշ երեկոյան Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը` ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի շուրջ և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

 

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը:

1553

22.04.2024

Երկօրյա վերապատրաստում՝ դատական արհեստի և դատավորի դերի վերաբերյալ

Ապրիլի 19-ից 20-ը Ծաղկաձորում անցկացվեց վերապատրաստում դատավորների համար՝ նվիրված դատական արհեստին և դատավորի դերին: Մասնակցում էին նաև Ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչները: Երկօրյա վերապատրաստումը կազմակերպել էր Արդարադատության ակադեմիան Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հայ-շվեդական բազմամյա ծրագրի շրջանակում:


Վերապատրաստումն անցկացնում էին դատավորներ Աննա Բիլինգը, Էմիլ Լինդմարկը, ազգային փորձագետ Սերգեյ Մարաբյանը:

1552

15.04.2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության ակադեմիան հայտարարում է թվով 6 առարկայական ծրագրերով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար նախապատրաստական դասընթացների մեկնարկի մասին: 


•  Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս

•  Ժամաքանակը՝ 3 ակադեմիական ժամ (ամսական՝ 10 դասընթաց)

•  Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ) 

•  Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա 

•  Մեկնարկը՝ մայիսի 6-ին

•  Ընդհանուր արժեքը՝ 450.000 ՀՀ դրամ 


 Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 2-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.

1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին, 

2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը, 

3. դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (150.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):

 

Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, ցանկության դեպքում դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն:


Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:


Առավել մանրամասն՝ կից Ուսուցման ծրագրում


Կոնտակտային անձ՝ Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյան, 098 00 05 50, 060 46 00 79, emma.khublaryan@justiceacademy.am

1551

12.04.2024

Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին

Ապրիլի 12-ին Արդարադատության ակադեմիայում պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը դիպլոմներ հանձնեց Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց: 


Պրոռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին՝ մաղթելով առանց խոչընդոտների և արդյունավետ աշխատանք նոր բնագավառում:


Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին Ակադեմիայի աշխատակազմին՝ ուսուցման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

1550

28.03.2024

Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուներին

Մարտի 28-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված 1-ին խմբի ունկնդիրներին:


Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Հարգելի ունկնդիրներ, քրեական արդարադատության հիմքում հենց քննիչի գործունեությունն է՝ամենաբարդ, պատասխանատու, խոչընդոտներով լի, և կախված նրանից, թե ինչքանով կկարողանաք ձեր հմտությունները կիրառել, մենք կկարողանանք արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության որոշակի մակարդակ մեր երկրում», -նշեց ռեկտորը՝ բարի երթ մաղթելով շրջանավարտներին:


Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 23 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի հունվարի 15-ից մարտի 22-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:

 

Տեսանյութ - https://youtu.be/7q6wpViDKlw

1549

25.03.2024

Սգում ենք…

Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան խստորեն դատապարտում է 2024 թվականի մարտի 22-ին «Crocus City Hall»-ում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչությունը։


Խաղաղ բնակչության դեմ ուղղված  ահաբեկչական գործողությունը որևէ արդարացում չունի և չի կարող ունենալ։


Սգում ենք եղբայրական ռուս ժողովրդի հետ և մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։