Հայտարարություն նախապատրաստական դասընթացների համար ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգելու մասին
Հաշվի առնելով դիմորդների բազմաթիվ խնդրանքները՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար կազմակերպվող նախապատրաստական դասընթացների դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մայիսի 15-ը, ժամը՝ 17:00-ն ներառյալ: Դասընթացները կմեկնարկեն մայիսի 20-ին:
Դիմումի, ուսուցման ծրագրի և այլնի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղումով https://aoj.am/news/1552
Երկօրյա վերապատրաստման դասընթաց քննիչների համար
Ապրիլի 23-ին և 30-ին Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարումը» ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննությունը ներպետական օրենսդրության, պրակտիկայի և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո» խորագրով վերապատրաստման դասընթացներ, որոնց ընթացքում քննարկվեցին նաև Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործով արձանագրված խնդիրները:
Դասընթացը վարում էր Ակադեմիայի դասընթացավար, Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը:
Դասընթացին մասնակցում էին Քննչական կոմիտեի քննիչները:
Արդարադատության ակադեմիայի պատվիրակության այցը Բելգիա
Սույն թվականի ապրիլի 17-ից 20-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը Բրյուսելում մասնակցեցին «Կանանց արդարադատության մատչելիությունը.Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների իրականացում» ԵՄ և ԵԽ համատեղ ծրագրի երկրորդ ղեկավար կոմիտեի նիստին և Արևելյան գործընկերության երկրների դատական վերապատրաստման հաստատությունների տարածաշրջանային ցանցի առաջին հանդիպմանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Եվրոպական դատական վերապատրաստման ցանցի (EJTN) և Եվրոպայի խորհրդի համապատասխան բաժնի ներկայացուցիչները:
Մասնակիցները քննարկել են առաջիկա համագործակցության հնարավորությունները և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 23-ի ուշ երեկոյան Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը` ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի շուրջ և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը:
Երկօրյա վերապատրաստում՝ դատական արհեստի և դատավորի դերի վերաբերյալ
Ապրիլի 19-ից 20-ը Ծաղկաձորում անցկացվեց վերապատրաստում դատավորների համար՝ նվիրված դատական արհեստին և դատավորի դերին: Մասնակցում էին նաև Ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչները: Երկօրյա վերապատրաստումը կազմակերպել էր Արդարադատության ակադեմիան Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հայ-շվեդական բազմամյա ծրագրի շրջանակում:
Վերապատրաստումն անցկացնում էին դատավորներ Աննա Բիլինգը, Էմիլ Լինդմարկը, ազգային փորձագետ Սերգեյ Մարաբյանը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության ակադեմիան հայտարարում է թվով 6 առարկայական ծրագրերով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար նախապատրաստական դասընթացների մեկնարկի մասին:
• Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս
• Ժամաքանակը՝ 3 ակադեմիական ժամ (ամսական՝ 10 դասընթաց)
• Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ)
• Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա
• Մեկնարկը՝ մայիսի 6-ին
• Ընդհանուր արժեքը՝ 450.000 ՀՀ դրամ
Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 2-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.
1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին,
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը,
3. դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (150.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):
Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, ցանկության դեպքում դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն:
Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:
Առավել մանրամասն՝ կից Ուսուցման ծրագրում:
Կոնտակտային անձ՝ Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյան, 098 00 05 50, 060 46 00 79, emma.khublaryan@justiceacademy.am
Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին
Ապրիլի 12-ին Արդարադատության ակադեմիայում պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը դիպլոմներ հանձնեց Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց:
Պրոռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին՝ մաղթելով առանց խոչընդոտների և արդյունավետ աշխատանք նոր բնագավառում:
Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին Ակադեմիայի աշխատակազմին՝ ուսուցման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուներին
Մարտի 28-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված 1-ին խմբի ունկնդիրներին:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Հարգելի ունկնդիրներ, քրեական արդարադատության հիմքում հենց քննիչի գործունեությունն է՝ամենաբարդ, պատասխանատու, խոչընդոտներով լի, և կախված նրանից, թե ինչքանով կկարողանաք ձեր հմտությունները կիրառել, մենք կկարողանանք արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության որոշակի մակարդակ մեր երկրում», -նշեց ռեկտորը՝ բարի երթ մաղթելով շրջանավարտներին:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 23 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի հունվարի 15-ից մարտի 22-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:
Տեսանյութ - https://youtu.be/7q6wpViDKlw
Սգում ենք…
Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան խստորեն դատապարտում է 2024 թվականի մարտի 22-ին «Crocus City Hall»-ում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչությունը։
Խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչական գործողությունը որևէ արդարացում չունի և չի կարող ունենալ։
Սգում ենք եղբայրական ռուս ժողովրդի հետ և մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի ներկայացուցիչների այցն Արդարադատության ակադեմիա
Մարտի 21-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, ղեկավարի տեղակալ Մերեդիթ Քլեր Բամբրիկը, ծրագրի ընդհանուր ղեկավար «Դիվելոպմենթ պրոֆեշընըլս» կազմակերպության նախագահի տեղակալ Պատրիկ Վուջիկը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ մինչ այս համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին՝ կարևորելով համագործակցության շարունակական լինելը, խոսեց հեռավար ուսուցման ժամանակակից մոտեցումներից:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, ծրագրի ղեկավար Հասմիկ Հակոբյանը ներկայացրեց Ակադեմիայի հետ համատեղ մշակված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, եղան լսարաններում, այցելեցին դատական նիստերի դահլիճ, գրադարան, մարզասրահ, հյուրանոց, ինչպես նաև «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ», որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ: