Դիպլոմներ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդներին և Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց
Մարտի 19-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների և Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թ. ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմներ ստացան Ակադեմիայի 6 ունկնդիրներ:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Հարգելի ունկնդիրներ, խնդրում և միաժամանակ պահանջում եմ ձեր մասնագիտական գործառույթներն իրականացնելիս բարձր պահել Ակադեմիայի պատիվը», - նշեց պարոն Առաքելյանը՝ անդրադառնալով ևս մեկ կարևոր հանգամանքի, այն է՝ սիրած մասնագիտությամբ, սիրած գործով սիրով զբաղվելը երջանկության բաղադրիչներից է և այդ առումով շատ կարևոր է որևէ պարագայում հիասթափություն չունենալ կատարած ընտրությունից:
Տեսանյութ - https://youtu.be/Hf2lRtKVY0U
Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործընկերների այցը Ակադեմիա
Մարտի 18-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՀՀ-ում ԱՄՆ պետքարտուղարության ԹՊԻՀ Եվրասիական թիմի ղեկավար Մարի Քուրթը, ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, Արևելք-Արևմուտք Կառավարման Ինստիտուտի փոխնախագահ Նիկոլաս Մենսֆիլդը, Արևելք-Արևմուտք Կառավարման Ինստիտուտի երկրի կոորդինատոր Սերգո Կավտարաձեն:
Հանդիպման ընթացքում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, բարձր գնահատեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մեծ աջակցությունը, որը հետագայում ևս հնարավորություն կտա գտնելու համագործակցության փոխշահավետ նոր ուղիներ:
Ռեկտորը նաև անդրադարձավ մինչ այս համատեղ իրականացված ծրագրերին, պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերի:
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ նոր մեկնարկող ծրագրի շրջանակներում համագործակցությունը ևս կլինի արգասաբեր:
Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, եղան լսարաններում, այցելեցին դատական նիստերի դահլիճ, գրադարան, մարզասրահ, հյուրանոց, ինչպես նաև «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ», որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ:
Վկայականներ՝«Միջազգային քրեական իրավունքի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա դասընթացների մասնակիցներին
Մարտի 13-15-ը Արդարադատության ակադեմիայում մեկնարկեցին Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի ներկայացուցիչների կողմից կազմակերպված «Միջազգային իրավունքի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա դասընթացները՝ նախատեսված դատախազների, քննիչների և այլ իրավաբան մասնագետների համար:
Դասընթացները վարում էին Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգը, Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի վերապատրաստման և կարողությունների զարգացման գծով ավագ աշխատակից Դառլին Սեդան, Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի ավագ սպա Կիրան Մոհանդաս Մենոնը, ինչպես նաև Միջազգային քրեական հետաքննությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Ֆիլիպ Թրյուհիթը և Միջազգային քրեական դատարանի դատախազության դատախազ Ալեքսիս Դեմիրճյանը:
Դասընթացների ավարտին ունկնդիրները ստացան մասնակցության վկայականներ:
Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների երկրորդ խմբին
Մարտի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների երկրորդ խմբին: Խմբում ընդգրկված է 28 ունկնդիր:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, ներկայացրեց ուսուցման գործընթացի մանրամասները և պատասխանեց հուզող հարցերին:
Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկելու է մարտի 18-ին և նախատեսվում է ավարտել մայիսի 29-ին:
Եռօրյա վերապատրաստում թրաֆիքինգի վերաբերյալ
Փետրվարի 28-ին, մարտի 7-ին և մարտի 14-ին Արդարադատության ակադեմիայում կազմակերպվել են «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության ապահովմանն ուղղված» մոդուլով վերապատրաստման դասընթացներ:
Միջոցառումը կազմակերպվել է Ակադեմիայի կողմից՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում: Վերապատրաստվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության թվով 60 աշխատակիցներ:
Վերապատրաստումը վարում էին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տիգրան Պողոսյանը:
Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի պատվիրակության այցն Արդարադատության ակադեմիա
Մարտի 13-ին Արդարադատության Ակադեմիա այցելեցին Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգը, Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի վերապատրաստման և կարողությունների զարգացման գծով ավագ աշխատակից Դառլին Սեդան և Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի ավագ սպա Կիրան Մոհանդաս Մենոնը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին, անդրադարձավ միջազգային համագործակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերը կարևորեցին երկկողմ արդյունավետ համագործակցությունը և անդրադարձան այցի հիմնական նպատակին, այն է՝ «Միջազգային քրեական իրավունքի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա դասընթացներին, որը նախատեսված է քննիչների, դատախազների և այլ իրավաբան մասնագետների համար:
Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում,մարզասենյակում և հյուրանոցում:
Աշխատանքային քննարկում համատեղ իրականացվող ծրագրերի վերաբերյալ
Մարտի 4-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանն ընդունեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Ջոնսոնին: Հանդիպմանը քննարկվեցին համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա քայլերը: Տիկին Ջոնսոնը ներկայացրեց Արդարադատության ակադեմիայի համար միջազգային և ներպետական փորձագետների կողմից համատեղ մշակված «Մինչդատական քրեական վարույթի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանություն» խորագրով ուսումնական ձեռնարկի նախնական տարբերակը,որի հիման վրա առաջիկայում նախատեսվում է կազմակերպել դասընթացավարների վերապատրաստում: (TOT)
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր:
Գրքի տոնի կապակցությամբ գրքերի հանձնում Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին
Այսօր՝ փետրվարի 19-ին, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը գրքի տոնի կապակցությամբ խորհրդանշական գրքեր նվիրեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ հույս հայտնելով, որ գրականությունը կհետաքրքրի ընթերցողներին և օգտակար կլինի մասնագիտական գործունեության համար, իսկ ներկայիս իրականության մեջ կշարունակվի բարձր գնահատվել գրքի դերն ու նշանակությունը:
Վերապատրաստման դասընթացներ դատավորների թեկնածուների հավակնորդների համար
Փետրվարի 14-ին և 15-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված դատական արհեստին և դատավորի դերին: Այն իրականացվեց Ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների վարչության հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը և ընդգծեց դատավորի դերի, արհեստի, հմտությունների և պատշաճ վարքագծի կարևորությունը ժամանակակից հասարակության մեջ:
Վերապատրաստման դասընթացները, որոնք նախատեսված էին քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների համար, վարում էին Շվեդիայից ժամանած քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ Էլիզաբեթ Վասս Լոֆսթեդը և Էրիկ Հավելիուսը, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի այցը Արդարադատության ակադեմիա
Հունվարի 31-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանության առաջին քարտուղար Մարիա Կորոտինան, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, կարևորեց հայ-ռուսական բարեկամությունն ու արդունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Ռեկտորը ափսոսանք հայտնեց և դատապարտեց Երևանում նախօրեին տեղի ունեցած միջադեպի՝ Պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծելու առնչությամբ:
Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը, նաև կարևորեց Ակադեմիայի՝ ՌԴ արդարադատության պետական համալսարանի և ՌԴ դատախազության համալսարանի հետ առկա համագործակցությունը՝ ստորագրված հուշագրերի հիմքով: Ռեկտորն առաջարկներ ներկայացրեց համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ դասընթացավարների և ունկնդիրների փոխանակման ծրագրերի կազմակերպում, անվանի գիտնականների և փորձագետների ներգրավում, հեռաուսուցման համատեղ դասընթացի մշակում և այլն:
Դեսպան Կոպիրկինը պատրաստակամություն հայտնեց խորացնել և արդիականացնել առկա համագործակցությունը՝ հաշվի առնելով ժամանակակից միտումները:
Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում, հյուրանոցում: