ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

870

12.01.2018

Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի պատվիրակության այցը Ակադեմիա

Ինստիտուտն իրականացնում է դատավորների և դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստում, գործող դատավորների, դատախազների և ոլորտին առնչվող այլ իրավաբանների վերապատրաստում: «Կարծում եմ՝ այն դրական փորձը, որ մեր գործընկերներն այս տարիների ընթացքում ձեռք են բերել, մեզ հետ փոխանակելով լուրջ ներդրում կկատարեն նաև մեր կառույցի հետագա զարգացման համար»,-նշեց ռեկտորը՝ առանձնահատուկ շեշտադրելով այն հանգամանքը, որ մոլդովացի գործընկերներն ուսումնական գործընթացը կազմակերպում են բացառապես պրակտիկ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ փոխանցելու միջոցով. այդ առումով ըստ էության ռեկտորը նշեց համագործակցության ուղղություններից առնվազն մեկը:

 

Դիանա Սկոբիոալեն շնորհակալություն հայտնեց ռեկտորին ջերմ ընդունելության համար: «Դուք ունենք հեռաուսուցման կարևոր մեթոդաբանություն, որը մենք ուրախությամբ կընդունենք: Արդարադատության ակադեմիայի ռեկտորի հետ կներդնենք բոլոր ուժերը, որպեսզի հուշագիրը ոչ թե մնա թղթի վրա, այլ պրակտիկ դաշտ տեղափոխվի»,-ասաց Դ. Սկոբիոալեն և որպես առաջին քայլ՝ Արդարադատության ակադեմիայի պատվիրակությանը հրավիրեց Քիշնև՝ մասնակցելու տարբեր երկրների արդարադատության ակադեմիաների ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլին կայանալիք միջազգային կոնֆերանսին:

 

Այցի շրջանակում մոլդովացի հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններին, ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, նաև՝ շենքային պայմաններին: Քննարկումներ ծավալվեցին համագործակցության հստակ ուղղությունների վերաբերյալ, ձեռքբերվեցին համատեղ իրականացման ծրագրեր մշակելու պայմանավորվածություններ:

 

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականի հոկտեմբերին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Եվրոպայի խորհրդի հրավերով Մոլդովայի մայրաքաղաքում մասնակցում էր տարածաշրջանային համաժողովի, որի շրջանակում հանդիպում էր ունեցել նաև Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի տնօրեն Դիանա Սկոբիոալեի հետ: Դեռ այն ժամանակ կողմերը քննարկել էին երկու կառույցների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, փորձի փոխանակման արդյունավետ ուղիներ գտնելու հնարավոր տարբերակներ:

 

Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի պատվիրակության անդամները Հայաստանում էին առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն էր ստեղծվել նաև ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակութային հարուստ ժառանգությանը: Հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջը, եղան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանում, Մատենադարանի թանգարանային համալիրում:

869

27.12.2017

Ռեկտորն ամփոփեց Ակադեմիայի 2017 թվականի գործունեությունը

Դեկտեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը աշխատակազմին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության վերաբերյալ տարեվերջյան ամփոփ հաշվետվությունը: Ելույթի ընթացքում ռեկտորն ամփոփեց աշխատանքային տարին՝ այն որակելով արդյունավետ և ընդհանուր առմամբ հաջողված: Աշխատանքներ կատարվել են Ակադեմիայի գործունեության նպատակների ու խնդիրների կենսագործման գրեթե բոլոր ուղղություններով: Մասնավորապես՝ հաշվետու տարում Ակադեմիան իրականացրել է շուրջ 2100 ունկնդրի մասնագիտական պատրաստում, վերապատրաստում, հատուկ ուսուցում, նաև լրացուցիչ ուսուցում: Ձևավորվել և առավել խորացվել են Ակադեմիայի և միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա համանման կառույցների միջև հարաբերությունները: Այդ համատեքստում Ակադեմիան դիտարկվել է որպես վստահելի գործընկեր: Ռեկտորն իր խոսքում անդրադարձավ ինչպես ուսումնական գործընթացում իրականացված աշխատանքներին, այնպես էլ շենքի և հարակից տարածքի բարեկարգման, գույքի ձեռքբերման հարցերին. այդ առումով ևս տարին հաջողված էր: Հատկանշական է, որ Սերգեյ Առաքելյանի խոսքն ուղղված էր ոչ միայն կատարված աշխատանքներին, այլև զարգացման ուղղությամբ նախանշված անելիքներին:

 

Գործունեության հաշվետվությունը ներկայացնելուց հետո ռեկտորը բարեխիղճ աշխատանքի և Ակադեմիայի զարգացման գործում նշանակալի ավանդի համար «Շնորհակալագրեր» հանձնեց Ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանին, Գիտական աշխատանքի գծով Անահիտ Մանասյանին, Աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանին, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ Աննա Օհանյանին, Հասմիկ Ավետիսյանին, Էմիլ Արիստակեսյանին, Գոհար Գևորգյանին, Գուրգեն Գրիգորյանին, Հասմիկ Գևորգյանին, Դավիթ Այդինյանին, Վահան Աթոյանին:

 

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին համատեղ աշխատանքի համար և շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, հաջողականություն, բարօրություն, նորանոր ձեռքբերումներ:

868

25.12.2017

Կայացավ Կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր Խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը։ Ներկա էին Խորհրդի անդամներ Արթուր Հովհաննիսյանը (ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ), Համլետ Ասատրյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր), Հովսեփ Բեդևյանը (ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ), Գևորգ Բաղդասարյանը (ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ), Րաֆֆի Ասլանյանը (Երևան քաղաքի դատախազ), ինչպես նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

 

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին Արդարադատության ակադեմիայի 2016թ. գործունեության վերստուգման (աուդիտի) արդյունքների, նաև 2017թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկումը:

 

Ա. Հարությունյանը նախ շնորհավորեց Հ. Ասատրյանին և Ե. Խունդկարյանին Խորհրդի անդամ վերընտրվելու կապակցությամբ, ապա Ս. Առաքելյանը ներկայացրեց Ակադեմիայի 2016թ. գործունեության վերստուգման (աուդիտի) արդյունքները, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը:

 

Խորհրդի նախագահի առաջարկությամբ՝ վերստուգման արդյունքները և Ակադեմիայի 2017թ. գործունեության մասին հաշվետվությունը Խորհուրդը միաձայն ընդունեց ի գիտություն:

867

18.12.2017

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության այցը Ակադեմիա

Դեկտեմբերի 18-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց այս օրերին Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) պատվիրակությանը, որի կազմում են ԺՀՄԻԳ Իրավունքի գերակայության բաժնի ղեկավար Գենադի Բարբան և նույն բաժնի ղեկավարի տեղակալ Անդրեա Հուբերը: Հանդիպմանը ներկա էին նաև Ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը, Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել իրավական և դատական բարեփոխումների ռազմավարության զարգացման առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ին ուղղված հայցին ի պատասխան: Այցի նպատակն է քննարկել նախնական կալանքին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև գնահատել Հայաստանում դատավորների և դատախազների անկախության ոլորտում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ օժանդակության հնարավորությունը:

 

Ռեկտորը ողջունեց հյուրերին և երախտագիտություն հայտնեց Ակադեմիայի գործունեությամբ հետաքրքրված լինելու և համագործակցության համապատասխան ծրագրեր մշակելու համար: Ս. Առաքելյանը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության  առանձնահատկությունները, համագործակցության հնարավոր ուղղությունները:

 

Պատվիրակության անդամների խոսքով՝ դատախազության ֆունկցիոնալ անկախության երաշխիքների գնահատման հիման վրա նախատեսվում է համապատասխան ծրագիր մշակել և մի շարք միջոցառումներ իրականացնել: Թեև հիմնական գործընկերը Գլխավոր դատախազությունն է, բայց հյուրերը նշեցին, որ Ակադեմիան ևս կարող է ընդգրկվել ծրագրում և առաջարկեցին համապատասխան ուղղություններ մշակել և փոխադարձ օգտակար լինել: Ռեկտորը պատրաստակամություն հայտնեց համագործակցել՝ մատնանշելով հստակ ուղղություններ և այդ առումով հաշվի առնելով ուսումնական ծրագրերի առանձնահատկությունները, թիրախային խմբերի կարիքները և այլն: ԺՀՄԻԳ ներկայացուցիչների համար չափազանց հետաքրքրական էր նաև Ակադեմիայի հեռաուսուցման բնագավառում ունեցած փորձը:

 

Սերգեյ Առաքելյանը վստահություն հայտնեց, որ համագործակցությունը մոտ ապագայում դրական արդյունք կտա:

866

14.12.2017

Համագործակցության հեռանկարների քննարկում IRZ-ի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվեցին Ակադեմիայի և հիմնադրամի միջև հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

 

Ռեկտորը մատնանշեց IRZ-ի հետ համագործակցության հստակ ուղղություններ՝ հաշվի առնելով արդեն իսկ ունեցած դրական փորձը: Ներկայացվեցին ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ՝ հատուկ շեշտադրելով մեթոդաբանության վերաբերյալ դասընթացավարների վերապատրաստումների անցկացման անհրաժեշտությունը: Սերգեյ Առաքելյանն առաջարկեց դատախաղեր անցկացնել Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների մասնակցությամբ՝ հրավիրելով նաև Փաստաբանական դպրոցի ունկնդիրներին: Ռեկտորի խոսքով՝ դա գիտելիքի ձեռքբերման հնարավորություն է, որը մոտեցնում է պրակտիկային: Ս. Առաքելյանը նաև առաջարկեց տեսակոնֆերանսներ կազմակերպել՝ եվրոպական առաջատար փորձագետների ներգրավմամբ: Ռեկտորը հավաստիացրեց, որ ունկնդիրների շրջանում կարիքների գնահատում կանցկացվի՝ հետագա քայլերի արդյունավետությունն ապահովելու նպատակով:

 

IRZ հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերը ողջունեց ռեկտորի առաջարկները և նշեց, որ դրանք կքննարկվեն և կներառվեն հիմնադրամի 2018 թվականի գործողությունների ծրագրում՝ իրականություն դառնալու պարտադիր պայմանով:

865

14.12.2017

Նոր առցանց դասընթացի ներկայացում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ

Դեկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայում ներկայացվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» վերաբերյալ Եվրոպայի խորհրդի HELP առցանց ուսուցման դասընթացը: Ակադեմիայի և ԵԽ համագործակցության շրջանակում դասընթացը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցվել է Ակադեմիայի կողմից՝ ի դեմս դասընթացավար Լուսինե Սարգսյանի: Այն նախատեսված է դատավորների, դատախազների, քննիչների, փաստաբանների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար:

 

Միջոցառմանը ներկա էին Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը, ներկայացուցիչներ ԵԽ HELP բաժնից, ՀՀ արդարադատության նախարարությունից, դատախազներ, քննիչներ, փաստաբաններ, հյուրեր:

 

Արդարադատության ակադեմիայի անունից ներկաներին ողջունեց Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և շնորհակալություն հայտնեց ԵԽ գործընկերներին համագործակցության համար: «Գաղտնիք չէ, որ թեմային առնչվող խնդիրները ժամանակակից աշխարհում ամենացավոտներից են և, բնականաբար, իրենց համարժեք լուծումներն են պահանջում, ուստի Արդարադատության ակադեմիան կարևորում է այս թեմատիկան»,-նշեց պրոռեկտորը: Նրա խոսքով՝ դասընթացը մշակվել է HELP հեռաուսուցման պլատֆորմի հիման վրա և աչքի է ընկնում ինտերակտիվությամբ:

 

Նատալյա Վուտովան նախ շնորհավորեց ներկաներին նախօրեին ՀՀ ԱԺ-ի կողմից «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի ընդունման կապակցությամբ և նշեց, որ ընտանեկան բռնության կանխարգելման պայքարի թեման մեծ կարևորություն ունի ԵԽ-ի համար: «Հայ ժողովուրդը հպարտանալու տեղ ունի, քանի որ սա սովորական օրենքի ընդունման գործընթաց չէր: Իրականում ցույց տրվեց, որ միջազգային չափանիշները համահունչ են ազգի մշակույթին և ավանդույթներին: Կարծում եմ՝ այս օրենքի ընդունումից հետո Հայաստանն այլևս նույն պետությունը չի լինելու, և դուք դա ցույց տվեցիք»,-նշեց Ն. Վուտովան:

 

Վիգեն Քոչարյանն իր խոսքում ևս օրինագծի ընդունումը խորհրդանշական քայլ համարեց՝ այն դիտարկելով իբրև Հայաստանի վճռականության դրսևորում ստանձնած միջազգային պարտավորությունների և եվրոպական ընդհանուր արժեքների շրջանակում:

 

Էմիլ Ամիրխանյանը կարևորեց նոր օրենքի ընդունման պայմաններում մասնագիտական շրջանակներում իրազեկվածության բարձրացումը և շեշտեց Փաստաբանների պալատի շահագրգռվածությունը դասընթացին հնարավորին մեծ թվով փաստաբաններ ներգրավելու հարցում:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեց իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների առցանց ուսուցման HELP եվրոպական ծրագիրը, քննարկում ծավալվեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ եվրոպական չափանիշների և օրենքների մասին, ներկայացվեցին տեսակետներ թեմայի առնչությամբ եվրոպական և ազգային մակարդակում իրավական զարգացումների շուրջ:

 

Դասընթացի ներկայացումից հետո մասնակիցները հնարավորություն ստացան գրանցվել ԵԽ HELP կայքէջում՝ հեռավար եղանակով վերապատրաստում անցնելու նպատակով: Առաջին փուլը փորձնական է, նախատեսվում է հետագայում դասընթացը ընդլայնել՝ ներգրավելով ավելի մեծ թվով ունկնդիրների:

864

13.12.2017

Երևան-Ստրասբուրգ տեսակոնֆերանս՝ դատավորների մասնակցությամբ

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակում՝ մասնավորապես, Արդարադատության ակադեմիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական և հրատարակչական բաժնի միջև ստորագրված համաձայնագրի հիմքով դեկտեմբերի 12-ին և 13-ին Ակադեմիայում անցկացվեց Երևան-Ստրասբուրգ տեսակոնֆերանս «ՄԻԵԴ վերջին վճիռները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ (հատուկ անդրադարձ ՄԻԵԿ 6-րդ հոդվածին և 5-րդ հոդվածի 3-րդ մասին)» թեմայով: Ստրասբուրգից տեսակոնֆերանսը վարում էին ԵԽ փորձագետ Վիկտորիա Չերնիյչուկը, ՄԻԵԴ Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը, փաստաբան, ՄԻԵԴ իրավաբան Արման Զրվանդյանը: Երևանում՝ Արդարադատության ակադեմիայում մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ:

 

Եվրոպայի Խորհուրդը նման ձևաչափով կոնֆերանսներ իրականացնում է արդեն երկու տարի: Հայաստանի հետ ուղիղ տեսակապով նման երկու կոնֆերանս է անցկացվել. սա առաջինն էր Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ:

 

Տեսակոնֆերանսի առաջին օրը Արման Զրվանդյանը բավական հանգամանալի ներկայացրեց, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ինչ դիմումներ են ներկայացվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ առանձնացնելով գանգատների հիմնական խմբերը, խախտումները և այլն: Վիկտորիա Չերնիյչուկն էլ ներկայացրեց «Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի» գործով ՄԻԵԴ Մեծ պալատի վճռի վերլուծությունը:

 

Երկրորդ օրը տեսակոնֆերանսը վարում էր ՄԻԵԴ Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը: Նա լսարանին ներկայացրեց այն հիմնական սկզբունքները և գործիքները, որոնցով Եվրոպական դատարանը գործում է, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը և այդ առնչությամբ Եվրոպական դատարանի մոտեցումները: Դասախոսության մի հատվածն էլ նվիրված էր Հայաստանում արդարադատության մատչելիության հետ կապված խնդիրներին:

 

Երկօրյա տեսակոնֆերանսը բավական հետաքրքիր և ակտիվ քննարկման վերածվեց, դատավորները թեմային առնչվող բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսներին:

863

13.12.2017

Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ՝ 2-րդ խմբի քննիչի թեկնածուներին

Դեկտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեում մեծ հանդիսավորությամբ դիպլոմներ և միաժամանակ աշխատանքի նշանակման հրամաններ հանձնվեցին Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին՝ 2017 թվականի երկրորդ խմբի քննիչի թեկնածուներին: Դիպլոմներ ստացան քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված 27 անձ, որոնցից 25-ը՝ նաև նշանակման հրամաններ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում:

 

Հանդիսությանը ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ, ստորաբաժանումների ղեկավարներ, հյուրեր:

 

Աղվան Հովսեփյանի խոսքով՝ դիպլոմների հետ միաժամանակ աշխատանքի նշանակման հրամաններ հանձնելն արդեն իսկ ձևավորված ավանդույթ է Քննչական կոմիտեում:

 

Ավելին՝ տարիներ շարունակ ոլորտում աշխատանքի նշանակելու, պաշտոններ տալու, կոչումներ ստանալու և նման այլ գործընթացներում մշտապես դիտարկվել են կոռուպցիոն երևույթներ, իսկ այսօր նշանակումը կախված է բնակության վայրից, ընտանեկան կարգավիճակից, ցուցաբերած առաջադիմությունից, գիտելիքից: Ավելին՝ նշանակման վայրը պայմանավորված է այն հանգամանքով, թե որ ստորաբաժանումում սկսնակ քննիչը կարող է դառնալ փորձառու: «Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն Առաքելյան, անձնակազմին, դասախոսական կազմին, բոլոր նրանց, ովքեր օժանդակել են հերթական սերնդի քննիչներին ուսուցանելու գործում»,-նշեց Աղվան Հովսեփյանը:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց ներկաներին Ակադեմիայի շրջանավարտների հերթական սերնդին դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ հանձնելու կապակցությամբ և բարի երթ մաղթեց քննիչի չափազանց պատասխանատու, բայց և պատվաբեր ճանապարհին:

 

«Վստահեցնում եմ՝ բարդություններն ավելի շատ են լինելու, քան ուսումնառության ընթացքում էին, բայց նաև լիահույս եմ, որ ձեռքբերած գիտելիքները, հմտությունները, ունակությունները ծառայեցնելով ի նպաստ ձեր մասնագիտական գործառույթների իրականացման՝ մոտ ապագայում կարձանագրեք հաջողություններ: Կցանկանայի, որ ձեր քննած գործերից հաճույք ստանաք, քննության որակի տեսանկյունից արդյունքը ձեզ գոհացներ և միշտ գիտակցեիք, որ մարդկանց ճակատագրերը լուծելով, արդար լուծումներ տալով ոչ միայն ներքին բավարարվածություն ունեք, այլև կարևոր գործ եք արել մեր հասարակության, պետության համար»,-նշեց Ս. Առաքելյանը և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Քննչական կոմիտեի ղեկավարությանը, դասընթացավարներին, քննական և բողոքարկման հանձնաժողովների անդամներին:

 

Նշենք, որ քննիչի թեկնածուների ուսումնառությունը տևել է 7 և կես ամիս՝ 2017 թվականի ապրիլի 3-ից նոյեմբերի 28-ը (ներառյալ՝ փորձաշրջանը):

862

11.12.2017

Աշխատանքային այցով Երևանում էր Ղազախստանի գլխավոր դատախազությանն առընթեր իրավապահ մարմինների ակադեմիայի պատվիրակությունը

Դեկտեմբերի 6-ից 9-ը Հայաստանում էր Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն առընթեր իրավապահ մարմինների ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտորի ժ.պ. Նաիլ Ախմետզակիրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Ակադեմիայի առաջին պրոռեկտոր Շակիր Շայախմետովը, Միջազգային համագործակցության վարչության դատախազ Արդակ Սանսիզբաևը: Պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել էր Երևան՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով:

 

Այցի օրակարգը չափազանց հագեցած էր՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից մինչև Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատախազների համար դասախոսություն, ռեկտորների առանձնազրույց, աշխատանքային հանդիպում Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամների հետ, քննարկումներ համագործակցությանն ուղղված հետագա քայլերի մասին և այլն:

 

Այցի շրջանակում տեղի ունեցած գլխավոր միջոցառումը հուշագրի ստորագրումն էր, որի հանդիսավոր արարողությունը դեկտեմբերի 8-ին էր: Հանդիսությանը ներկա էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները՝ Խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, Ակադեմիայի դասընթացավարներ, ունկնդիրներ, հյուրեր:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց գործընկերների հետ համագործակցության նախաձեռնությունը՝ միաժամանակ նշելով, որ արդեն իսկ իրականացվել են համատեղ քայլեր, որոնք լավ նախասկիզբ են հուշագրի ստորագրման և հետագա համագործակցության համար:

 

Արմեն Հարությունյանը ողջունեց համագործակցությանն ուղղված քայլը և համոզմունք հայտնեց, որ նախաձեռնությունն օգտակար է և իր արդյունավետությունը կարճ ժամանակում կապացուցի: Նրա խոսքով՝ փորձի փոխանակման արդյունքում առաջիկայում կուրվագծվեն զարգացման առավել նպաստավոր ուղղություններ:

 

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ակադեմիայի անունից ներկաներին ողջունեց և Սերգեյ Առաքելյանին երախտագիտություն հայտնեց Նաիլ Ախմետզակիրովը: «Վստահ եմ, որ կրթության և գիտության ոլորտում համագործակցության ուղղությունները բազմաթիվ են՝ փորձի փոխանակման, ուսուցման ձևաչափերի, հեռաուսուցման մեթոդների և այլնի առումով»,-նշեց Ն. Ախմետզակիրովը:

 

Նրա խոսքով՝ Ակադեմիայի հիմքի վրա Աստանայում ստեղծվել է Համաշխարհային սպառնալիքներին հակազդելու տարածաշրջանային կենտրոն: Այն միավորում է լավագույն փորձը և այնպիսի գիտնականների, որոնք աշխատում են հետապնդելով մեկ նպատակ՝ ապահովել Կենտրոնական Ասիայի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը: Միայն վերջին տարվա ընթացքում Կենտրոնական Ասիայի իրավապահ մարմիններից այնտեղ վերապատրաստվել է 250 աշխատակից, անցկացվել են համատեղ գիտական հետազոտություններ: «Այդ առումով ուրախ կլինենք համագործակցել նաև Հայաստանի Արդարադատության ակադեմիայի հետ: Կարծում եմ՝ 2018 թվականը մեր երկրների համար կլինի կրթության, գիտության զարգացման և անվտանգության համակարգերի արդիականացման տարի»,-իր ելույթում նշեց Ն. Ախմետզակիրովը:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն առընթեր իրավապահ մարմինների ակադեմիայի ռեկտորի ժ.պ. Նաիլ Ախմետզակիրովը ստորագրեցին հուշագիրը՝ իրավական հիմքերի վրա դնելով երկկողմ համագործակցությունը:

 

Նաիլ Ախմետզակիրովը Ակադեմիայի ունկնդիրների՝ դատախազների համար հանդես եկավ նաև դասախոսությամբ: Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց հյուրին՝ նշելով, որ նա Ղազախստանում ոլորտի լավագույն մասնագետներից է: Դասախոսությունը նվիրված էր ինչպես իր գլխավորած ակադեմիայի աշխատանքի հիմնական ուղղություններին, այնպես էլ Ղազախստանի Հանրապետության դատախազության համակարգի գործունեության առանձնահատկություններին: Ղազախստանում շուրջ 5000 դատախազ կա, որոնց վերապատրաստումն իրականացնում է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն առընթեր իրավապահ մարմինների ակադեմիան: Այն գործում է երկու և կես տարի, ունի մասնաճյուղեր երկրի տարբեր շրջաններում: Երկրում թվայնացման հնարավորությունների ակտիվ ընդլայնմամբ պայմանավորված՝ դատախազության համակարգի աշխատանքն առավելապես թվայնացված է:

 

Այցի շրջանակում պատվիրակության անդամները նաև հնարավորություն ունեցան այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև լինել Մատենադարանում և ծանոթանալ մշակութային բացառիկ ժառանգությանը:

861

30.11.2017

Ակադեմիայի 2017թ. շրջանավարտներից երեքը նշանակվեցին դատավորի պաշտոնում

Արդարադատության ակադեմիայի 2017 թվականի ունկնդիր-շրջանավարտներից երեքը, ՀՀ Նախագահի 2017թ. նոյեմբերի 30-ի հրամանագրով, նշանակվել են դատավորի պաշտոնում.

 

Վահե ՄԻՍԱԿՅԱՆ – ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր

Ալֆրեդ ՎԱՐԴԱՆՅԱՆ - ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր

Գոռ ՇԱՀԲԱԶՅԱՆ- ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:


ՀՀ Նախագահի հրամանագիրը դատավորներ նշանակելու մասին.
www.president.am