ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

860

29.11.2017

Քննարկվեցին համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրին առնչվող հարցեր

Նոյեմբերի 29-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:

 

Ակադեմիայի հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը հյուրերին ներկայացրեց համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես՝ հաջողությամբ ավարտվում է «Փախստականների իրավունք» հեռաուսուցման դասընթացի շրջանակում նախատեսված 2017 թվականի վերապատրաստումը, որին մասնակցում է 38 ունկնդիր՝ 32 դատավոր և 6 դատախազ:

 

Արտաշես Խուրշուդյանը նշեց, որ վերապատրաստման դասընթացի ավարտին կամփոփվեն արդյունքները և կներկայացվեն գործընկեր կառույցին՝ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակին, որի հետ համագործակցության արդյունքում է ստեղծվել հիշյալ դասընթացը: Ավելին՝ նախատեսվում է նաև կազմակերպել հանդիպում, որին կմասնակցեն վերապատրաստում անցած ունկնդիրները և դասընթացը մշակած փորձագետներն ու դասախոսները՝ քննարկելու թեմային առնչվող հարցեր:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հարցեր մշակման փուլում գտնվող հեռաուսուցման ևս մի նոր դասընթացի վերաբերյալ, այն է՝ «Փախստականների իրավունք քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար»: Այն առաջիկայում պատրաստ կլինի և կներդրվի 2018 թվականի սեպտեմբերին: Արտաշես Խուրշուդյանն իր խոսքում հատուկ շեշտեց՝ որ Ակադեմիան մեծապես հետաքրքրված է, որ մշակվող յուրաքանչյուր դասընթաց մաքսիմալ հետաքրքիր և արդյունավետ լինի վերապատրաստվողների համար:

 

ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք հետևողական են իրականացվող ծրագրի ընթացքին, արդյունքներին և պատրաստ են աջակցել դրա լավագույն ու արդյունավետ իրագործմանը:

859

29.11.2017

Ղազախստանի գերագույն դատարանին կից Արդարադատության ակադեմիայի պատվիրակության այցը Ակադեմիա

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով նոյեմբերի 25-ից 29-ը աշխատանքային այցով Երևանում էր Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանին կից Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Տոլեշ Կաուդիրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր Ակադեմիայի դատաիրավական և նորարարական նախագծերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ժումաբեկ Բուսուրմանովը:

 

Այցի նպատակը երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելն էր և հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի քննարկումը: Այցի օրակարգը չափազանց հագեցած էր՝ համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրում, պրոֆեսոր Տոլեշ Կաուդիրովի դասախոսությունը Ակադեմիայում վերապատրաստում անցնող ունկնդիրների համար, համագործակցության հեռանկարների և ձևաչափերի քննարկման նպատակով ռեկտորների առանձնազրույց, աշխատանքային հանդիպումների անցկացում Ակադեմիայի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, նաև քննարկումներ համատեղ միջոցառումների իրականացման, փոխադարձ այցերի կազմակերպման, փորձի փոխանակման վերաբերյալ և այլն:

 

Այցի շրջանակում նոյեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը:

 

Ներկա էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, դատական համակարգի ներկայացուցիչներ, Ակադեմիայում վերապատրաստում անցնող ունկնդիրներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, հյուրեր: Ռեկտորներ Սերգեյ Առաքելյանը և Տոլեշ Կաուդիրովը ստորագրեցին հուշագիրը՝ նպատակ ունենալով ձևավորել և ամրապնդել դատական համակարգի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում երկկողմ կապերը:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նրանց՝ համագործակցող երկու կառույցների համար նշանակալի օրվան մասնակից դառնալու համար:

 

«Կարծում եմ՝ մեր կառույցների համագործակցությունը՝ գիտական համատեղ հետազոտություններ անցկացնելու, ուսումնական ծրագրեր կազմելու, փոխադարձ այցեր կազմակերպելու միջոցով բավական բարենպաստ պայմաններ կստեղծեն համապատասխան գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու առումով»,- նշեց Սերգեյ Առաքելյանը:

 

Իր հերթին Տոլեշ Կաուդիրովը երախտագիտություն հայտնեց Սերգեյ Առաքելյանին և ասաց, որ գոհունակությամբ է ընդունել հրավերը: Նրա խոսքով՝ Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանին կից Արդարադատության ակադեմիան երիտասարդ կառույց է և որպես առանձին հաստատություն՝ գործում է մեկ և կես տարի: Ավելին՝ Տոլեշ Կաուդիրովը Ակադեմիան ղեկավարում է 2017 թվականից և ռեկտորի պաշտոնում՝ առաջին արտասահմանյան այցն է:

 

«Ուրախ եմ, որ այդ այցը դեպի իրավական մեծ ավանդույթներ ունեցող երկիր Հայաստանն է: Մենք մեր բուհերում ուսումնասիրում ենք հայկական իրավունքի պատմությունը, մասնավորապես դեռևս ուսանողական տարիներից հիշում եմ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»: Ռեկտորը հույս հայտնեց, որ համաձայնագրի ստորագրումը նոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, և երկու երկրների փորձը փոխադարձաբար օգտակար կլինի:

 

Այցի շրջանակում հյուրերը ծանոթացան Արդարադատության ակադեմիայի գործունեությանը, ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և հետագա համագործակցության ուղղությամբ քայլեր իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռքբերեցին:

 

Նշենք նաև, որ Ղազախստանից ժամանած պատվիրակության անդամները Հայաստանում էին առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն էր ստեղծվել մշակութային ու ճանաչողական այցերի միջոցով փորձել բացահայտել բազմադարյա պատմություն ու մշակույթ ունեցող երկիրն ու ժողովուրդը:

858

28.11.2017

Համագործակցության հեռանկարների քննարկում՝ ԵԽ գործընկերների հետ

Նոյեմբերի 28-ին համագործակցության նոր հեռանկարներին առնչվող հարցեր քննարկելու նպատակով Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչները՝ Մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Տիգրան Կարապետյանը (Ստրասբուրգ), Մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության ծրագրի համակարգող Մարիա Օրեշկինան (Ստրասբուրգ), հայաստանյան ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը (Երևանյան գրասենյակ): Հյուրերին ընդունեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Հանդիպմանը ներկա էին Ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը, Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ մշակված և Ակադեմիայի ուսուցման ծրագրում ներդրված ու հաջողությամբ իրականացվող չորս դասընթացները, որի արդյունքում վերապատրաստվել է 646 քննիչ:

 

Սերգեյ Առաքելյանը գործընկերներին ներկայացրեց նոր առաջարկներ, մասնավորապես՝ նոր մոդուլի մշակում, հատուկ մեթոդական ձեռնարկների կազմում, դասընթացավարների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպում, առաջատար կառույցների համապատասխան մասնագետների հրավիրում և այլն: Ռեկտորն իր խոսքում հատուկ շեշտեց, որ արդյունավետ կլինի այնպիսի ձեռնարկների կազմումը, որոնցում համադրված կլինեն և՛ տեսական, և՛ պրակտիկ նյութեր: Հյուրերի համար հետաքրքրական էր նաև հեռաուսուցման նոր փաթեթների մշակման առաջարկը՝ հաշվի առնելով այդ առումով Ակադեմիայի արդեն իսկ ունեցած փորձը, մեթոդաբանությունը, նորարարական մոտեցումները:

 

Հյուրերը ողջունեցին հնչեցված առաջարկները և վստահեցրին, որ դրանք կքննարկվեն ու կներառվեն հաջորդ տարիների գործողությունների ծրագրում՝ համատեղ իրականացման նպատակով:

857

23.11.2017

Քննարկում՝ քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների մասնակցությամբ

Նոյեմբերի 23-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Քաղաքացիական դատավարության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դատական պրակտիկայում և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին Ակադեմիայում այս շաբաթ վերապատրաստում անցնող դատավորները: Քննարկումը վարում էր Արցախի Հանրապետության (ԱՀ) դատավորների միության նախագահ Հասմիկ Խաչատրյանը:

 

Քննարկման մասնակիցներին ողջունեց Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և շնորհակալություն հայտնեց ԱՀ դատավորների միությանն արդյունավետ համագործակցության համար: «Ինչպես ՀՀ-ում գործող ցանկացած հանրային գործառույթներ իրականացնող ինստիտուտի, այնպես էլ Ակադեմիայի համար Արցախի հետ մեր համագործակցությունն ամենաառանցքայիններից է: Այս առումով մեր իրավական համակարգերում առաջ են գալիս մի շարք հիմնախնդրային հարցեր, որոնք համատեղ լուծումներ են պահանջում և այդ լուծումներն ունեն կարևոր նշանակություն»,-նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ քննարկումը նվիրված է ընդդատության, դատական ակտերի կատարմանն առնչվող տարատեսակ հարցերին, որոնք չափազանց կարևոր են մեր երկու հանրապետությունների համար:

 

Հասմիկ Խաչատրյանն իր խոսքի հենց սկզբում նշեց, որ քննարկվող հարցերը քաղաքական բնույթ չունեն, թեպետ անկախ ամեն ինչից առնչությունն ակնհայտ է: «Քանի որ հանգամանքների բերումով ունենք հայկական երկու հանրապետություն, որոնք գործում են համանման օրենսդրական դաշտում, աշխատում են համանման օրենքներով, կարգավորումները ևս համանման են, հետևաբար հայցում ենք ձեր աջակցությունը, որ հաճախակի ծագող խնդիրները կարողանանք ինչ-որ կերպ լուծել, ընդ որում՝ իրավական առումով»,-ասաց Հ. Խաչատրյանն և մանրամասն ներկայացրեց այն խնդիրները, որոնց առաջ կանգնում են դատարանները արդարադատություն իրականացնելիս:

 

Ակտիվ քննարկում ծավալվեց, միջազգայնորեն չճանաչված պետությունների համանման փորձն ուսումնասիրելու և համապատասխան մեխանիզմներ կիրառելու, ինչպես նաև աշխատանքային խումբ ձևավորելու և առկա խնդիրներն արդյունավետ քննարկելու հարց բարձրացվեց:

856

04.11.2017

Դիպլոմներ 2017 թվականի շրջանավարտ դատախազի թեկնածուներին

Նոյեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի 2017 թվականի ունկնդիրների՝ դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին:

 

Հանդիսությանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը, Խորհրդի անդամներ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը և Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց և դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի հերթական սերնդի շրջանավարտներին:

 

Այս տարի Արդարադատության ակադեմիայում շուրջ յոթ և կես ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 21 անձ, որոնցից 1-ը՝ Արցախի Հանրապետությունից:

 

«Լիահույս եմ՝ պրակտիկայում լավագույնս կարողանալու եք իրականացնել ձեր գործառույթները՝ ձեռք բերած գիտելիքի հիման վրա: Կարծում եմ՝ դատախազության համակարգն այս նոր շրջանավարտներով ձեռք է բերում պատրաստված, բանիմաց, կարող կադրեր»,-իր ելույթում նշեց Ս. Առաքելյանը և մաղթեց շրջանավարտներին, որ ոչ մի անհաղթահարելի խոչընդոտ չունենան թե՛ մասնագիտական ոլորտում, թե՛ անձնական կյանքում:

 

ՀՀ գլխավոր դատախազի, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անունից ունկնդիր-շրջանավարտներին շնորհավորեց և հաջողություններ մաղթեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ դատախազի թեկնածուների ուսումնառության ամբողջ շրջանը ՀՀ գլխավոր դատախազության աչքի առաջ էր՝ ունկնդիրների առաջընթացը, ակտիվությունը, միավորները, գիտելիքների մակարդակը, փորձաշրջանի ընթացքում ձեռք բերած հմտությունները, հետևաբար դրանք հաշվի առնելով առաջիկայում նշանակումներ կկատարվեն:

 

Նշենք, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատախազի թեկնածուների ուսուցումն իրականացվել է 2017թ. փետրվարի 27-ից հոկտեմբերի 13-ը՝ (ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը): Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1070 ակադեմիական ժամ է:

855

03.11.2017

Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ Ակադեմիայի շրջանավարտներին

Նոյեմբերի 3-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի 2017 թվականի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց 1-ին խմբի ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնմանը:

 

Արդեն ավանդույթ է դարձել, որ քննիչի թեկնածուներն ավարտական դիպլմների հետ միասին ստանում են նաև աշխատանքի նշանակման հրամանները. այսօրը ևս բացառություն չէր: Արդարադատության ակադեմիան ավարտեց 24 քննիչի թեկնածու, որոնք մասնագիտական պատրաստում են ստացել 7 և կես ամիս (ներառյալ փորձաշրջանը)՝ 2017 թվականի փետրվարի 20-ից հոկտեմբերի 17-ը:

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորեց շրջանավարտներին և հաջողություններ մաղթեց քննչական աշխատանքում: Դիմելով քննիչի թեկնածուներին՝ Ա. Հովսեփյանն ասաց. «Քննչական կոմիտեի հիմնական գործառույթները դուք եք կատարում, ուստի ուզում եմ՝ ամեն օր ձեր աշխատանքում աչքի ընկնենք գիտելիքով, կազմակերպական ունակություններով»:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց բոլոր ներկաներին՝ քննիչի թեկնածուների հերթական սերնդի ուսուցման ավարտի կապակցությամբ: «Այսօրվա պայմաններում միայն համարձակ մարդն է ընդունակ ընտրել քննիչի մասնագիտությունը, որովհետև քաջ գիտակցում է՝ ինչ պատասխանատվություն է կրելու իր ուսերին:

 

Տարբեր առիթներով, տարբեր լսարաններում միշտ ասում եմ՝ քրեական արդարադատության հիմքում հենց քննիչի գործառույթների իրականացումն է, դրանք որակով իրականացնելուց է հաճախ կախված արդարադատության հաղթանակը»,-նշեց Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը շրջանավարտներին մաղթեց բարի երթ և անփորձանք ծառայություն:

 

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվեցին Արդարադատության ակադեմիայի մի խումբ դասախոսներ: Վահե Ենգիբարյանը, Սերգեյ Մարաբյանը, Դավիթ Թումասյանը պարգևատրվեցին «Համագործակցության համար» մեդալներով, իսկ Տիգրան Հովհաննիսյանը՝ «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով:

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից շնորհակալագրեր ստացան Ակադեմիայում քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովի անդամներ Տիգրան Պողոսյանը և Գոհար Հակոբյանը՝ Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրած անձանց մասնագիտական պատրաստմանն ուղղված աշխատանքներին ակտիվ և արդյունավետ մասնակցություն ունենալու համար:

854

02.11.2017

Եռօրյա վերապատրաստում բաց աղբյուրների կիրառման վերաբերյալ

Նոյեմբերի 1-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է եռօրյա վերապատրաստում քննիչների համար՝ նվիրված բաց աղբյուրների կիրառմանը: Մասնակցում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները, նաև ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Վերապատրաստումն իրականացվում է Ակադեմիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի հետ համատեղ, իսկ դասախոսում են Միացյալ Նահանգների մասնագետները՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյից ժամանած փորձագետ, գործառնությունների մասնագետ Ամիրա Լաուրերը, ինչպես նաև ԹՊԻՀ գրասենյակի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը:

 

Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ հիշեցնելով, որ վերջին մի քանի ամիսներին համատեղ ջանքերի շնորհիվ բազմաթիվ ձեռնարկներ են կյանքի կոչվել:

 

Խոսելով միջոցառման բովանդակային հարցերի մասին՝ պրոռեկտորը նշեց. «Գաղտնիք չէ, որ կյանքի զարգացման արդի փուլում սոցիալական ցանցերը, էլեկտրոնային տարատեսակ աղբյուրները քրեական գործերի քննության համար ունեն կարևոր նշանակություն, հետևաբար հիշյալ թեմատիկայով նման վերապատրաստումները, քննարկումները, սեմինարները չափազանց կարևոր են»:

 

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Ադի Հոլովեյն իր խոսքում շեշտեց, որ երեք օրերի ընթացքում մանրամասն կներկայացվի ԱՄՆ-ում քննիչների կողմից բաց աղբյուրների կիրառման փորձառությունը, տեղեկատվության հայթայթման և օգտագործման մեթոդները, առանձնահատկությունները: Ավելին՝ նրա խոսքով Հայաստանը և ԱՄՆ-ն կարող են ավելի շատ համագործակցել այս ոլորտում:

853

27.10.2017

Առաջատար հաշտարար Դանիել Ուայնշտայնի դասախոսությունը՝ Ակադեմիայում

Հոկտեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայում հաշտարարության ինստիտուտին առնչվող հիմնախնդիրների և արդի զարգացումների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ-ից ժամանած առաջատար հաշտարար, նախկին դատավոր Դանիել Ուայնշտայնը: Դասախոսությանը ներկա էին գործող դատավորներ, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, ինչպես նաև Փաստաբանական դպրոցի ունկնդիրներ:

 

Արդարադատության ակադեմիայի անունից ներկաներին ողջունեց Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և իր խոսքում կարևորեց քննարկմանը նաև փաստաբանական համայնքի ներկայացուցիչների ներգրավումը: Նրա խոսքով՝ հաշտարարությանն առնչվող խնդիրները և զարգացումները կարևոր նշանակություն ունեն արդի իրավագիտության, մասնավորապես՝ արդարադատության ոլորտի ու դրա պատշաճ իրականացման համար:

 

Վաշինգտոնում գործող միջազգային հաշտարարության առաջատար իրավաբանական գրասենյակի աշխատակից, փաստաբան և հաշտարար Մուշեղ Մանուկյանը ներկայացրեց հյուրին՝ իբրև փորձառու նախկին դատավոր և այժմյան հեղինակավոր հաշտարար:

 

Դանիել Ուայնշտայնը ԱՄՆ-ում բարդ քաղաքացիական գործեր վարող հայտնի հաշտարարներից է: Նա հաշտարարության զարգացման նախաձեռնողներից է, ինչպես նաև ԱՄՆ-ում դասախոսություններ է կարդում երիտասարդ հաշտարարների և իրավաբանների համար։ Դատավոր Ուայնշտայնը ԱՄՆ-ում և արտասահմանում հայտնի է որպես բարդ, բազմաբնույթ և լայնածավալ խնդիրներին լուծում առաջարկող առաջատար հաշտարար։ 2014 թվականին Վեճերի լուծման «Քարդոզո» ամսագրի կողմից պարգևատրվել է «Խաղաղության միջազգային պաշտպան» մրցանակով։

 

Դանիել Ուայնշտայնը լսարանին ներկայացրեց հաշտարարության ներդրման դժվարությունները, խնդիրները, նաև առավելությունները, խոսեց դատարանի և հաշտարարության՝ որպես փոխլրացնող և ոչ փոխարինող ինստիտուտների մասին: Դասախոսությունը հետաքրքրական քննարկման վերածվեց՝ հարց ու պատասխանի ձևաչափով:

852

26.10.2017

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն արժանացել է Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի հուշամեդալի

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Կիևում հոկտեմբերի 25-ին մասնակցել է Ուկրաինայում դատախազական կրթության իրականացման 70-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որն անցկացվել է Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայում:

 

Հանդիսությանը ներկա էին Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավորներ, հավատարմագրված դեսպաններ, Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, ԲՈւՀ-երի ռեկտորներ, գիտնականներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր:

 

Տոնական միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ նշելով, որ այսօր Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիան լուրջ կրթական և գիտական կառույց է՝ հագեցած ժամանակակից նյութատեխնիկական բազայով, որտեղ պատրաստվում և վերապատրաստվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ Ուկրաինայի ամբողջ դատախազական համակարգի համար:

 

Ս. Առաքելյանը շնորհավորել է Ակադեմիայի ռեկտորին, աշխատակազմին, պրոֆեսորադասախոսական կազմին, ունկնդիրներին, շրջանավարտներին և հույս հայտնել, որ այսուհետ ևս Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիան շարունակաբար զարգանալու է: Սերգեյ Առաքելյանն առանձնահատուկ շեշտել է, որ երկու երկրների ակադեմիաները գործընկերային ամուր կապեր ունեն, ինչը հետագա արդյունավետ համագործակցության հավատ է ներշնչում:

 

Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի ռեկտոր Իվան Պրիսյաժնյուկի կողմից Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն արժանացել է հուշամեդալի՝ արդյունավետ համագործակցության համար:

851

16.10.2017

Ակադեմիան ու GIZ-ը կշարունակեն համագործակցությունը՝ նոր ծրագրի շրջանակում

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն այսօր ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Մայերին: Հանդիպմանը մասնակցել են նաև Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և վերոնշյալ ծրագրի փորձագետ Անի Չիլինգարյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են GIZ-ի հետ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ 2018 թվականին մեկնարկելիք երկամյա ծրագրի շրջանակում:

 

Ակադեմիայի ռեկտորը բարձր է գնահատել GIZ-ի հետ համատեղ աշխատանքը՝ կարևորելով գործընկեր կառույցի զգալի դերը փորձագետների ներգրավման, տարբեր դասախոսությունների, մասնագիտական քննարկումների անցկացման հարցերում և համագործակցության այլ ոլորտներում:

 

Ավելին՝ Սերգեյ Առաքելյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ՝ վստահություն հայտնելով, որ դրանց իրականացման ուղղությամբ համատեղ աշխատանքները արդյունավետ կլինեն: Առաջարկները վերաբերում են Ակադեմիայի գործունեությանն առնչվող համապատասխան հարցերի վերաբերյալ եվրոպացի մասնագետների խորհրդատվական աջակցության տրամադրմանը, փորձագետների պարբերական այցերի և դասախոսությունների կազմակերպմանը՝ մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող ունկնդիրների համար քրեաիրավական, քաղաքացիաիրավական, վարչաիրավական ոլորտներում:

 

Ռեկտորը նաև առանձնահատուկ շեշտել է Ակադեմիայի դասընթացավարների վերապատրաստումների անհրաժեշտությունը՝ դասավանդման նոր մեթոդների, եվրոպական համանման կառույցների փորձի հետ ծանոթանալու նպատակով:

 

«Ակադեմիան կարևորագույն դեր է խաղում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակում»,-նշել է «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի տարածաշրջանային ղեկավարը և կարևորել բարձրացված հարցերը: Ավելին՝ Թ. Մայերը ողջունել է ռեկտորի առաջարկները և վստահություն հայտնել, որ դրանք արդեն անելիքների տեսքով կներառվեն գործողությունների ծրագրում և կքննարկվեն նոյեմբերին կայանալիք աշխատաժողովին: