Ռեկտորը ընդգծել է Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի գիտական հոդվածների ժողովածուի բացառիկ կարևորությունը
Լույս է տեսել Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի գիտական հոդվածների ժողովածուի 2018 թվականի համարը՝ «Քրեական դատավարությունում խափանման միջոցները՝ համաձայն Ուկրաինայի, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության օրենսդրությունների» խորագրով:
Ժողովածուի մեջ ներկայացված են վերոնշյալ երկրների առաջատար գիտնականների, իրավապահ մարմինների, բարձրագույն ուսումնական հաստատություննների ներկայացուցիչների հոդվածները, որոնք վերաբերում են մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների իրականացմանը ազգային իրավական համակարգերում, ինչպես նաև այս ոլորտում իրավակիրառ գործունեության պրակտիկային, մասնավորապես՝ քրեական դատավարությունում խափանման միջոցների կիրառման ժամանակ:
Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ողջույնի խոսքը, որում առանձնահատուկ ընդգծվել է ժողովածուի բացառիկ կարևորությունը ներկայացված արդի հիմնահարցերի քննության առնչությամբ: Ս. Առաքելյանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի գործընկերներին ժողովածուի ստեղծման աշխատանքներին մասնակցելու հրավերի համար:
Սերգեյ Առաքելյանը «Բանբեր Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:
Հայաստանի Հանրապետությանը վերաբերող գլխում տպագրվել են Արդարադատության ակադեմիայի դասընթացավարներ Սամվել Դիլբանդյանի «Ձերբակալվածի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիքները՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի», Գագիկ Ղազինյանի և Անի Դանիելյանի «Ձերբակալման հիմքերը և կարգը՝ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի», Դավիթ Մելքոնյանի «Կալանավորման իրավական կարգավորման խնդիրները՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» գիտական հոդվածները:
Ժողովածուն հասանելի է հետևյալ հղմամբ՝ napu.com