ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետի այցը Արդարադատության ակադեմիա
Ապրիլի 16-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետ Նիկոլայ Կովալյովին, ով Հայաստանում է «Արևելյան գործընկերության երկրներում դատախազների անկախության ամրապնդում» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նոր ծրագրի մշակման շրջանակում կարիքների գնահատման այցով: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:
Ռեկտորը ողջունեց հյուրին և բարձր գնահատեց Ակադեմիայի՝ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը: Հյուրի խնդրանքով ռեկտորն անդրադարձավ Ակադեմիայում իրականացվող դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստման և գործող դատախազների վերապատրաստման և Ակադեմիայի գործունեությանն առնչվող այլ հարցերին:
Ն. Կովալյովի խոսքով՝ ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության 6 երկրներում դատախազների անկախության ամրապնդմանը միտված չափորոշիչների մշակմանը, ինչպես նաև ուսումնական ծրագրերում դրա վերաբերյալ համապատասխան թեմաների ներառմանը:
Երկօրյա քննարկում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերյալ
Ապրիլի 14-ից 15-ը Ծաղկաձորում անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին, որը ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 9-ին: Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի կողմից՝ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ: Ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ և ԵԽ կողմից «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում, և իրականացնում է Եվրոպայի Խորհուրդը: Մասնակցում էր ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական գործեր քննող 31 դատավոր: Քննարկմանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը:
Բացման խոսքում Անահիտ Մանասյանը նշեց, որ նոր ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմնական նորարարական իրավական կարգավորումները բավական շատ են, ինչն էլ պայմանավորում է նման վերապատրաստումների հրատապությունը և անհրաժետությունը: Պրոռեկտորի խոսքով՝ սա լավ հնարավորություն է հիմնական հարցադրումները համատեղ քննարկելու և գործնականում արդյունավետ, կիրառելի, համարժեք լուծումներ գտնելու համար:
Բանախոսներն էին՝ ԵԽ փորձագետներ Սերգեյ Մեղրյանը (ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ), Գոռ Հակոբյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր), Տարոն Նազարյանը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր):
Միջոցառումների շարքը շարունակական է լինելու, նախատեսվում է առաջիկայում նման քննարկումներ կազմակերպել նաև քաղաքացիական գործեր քննող մյուս դատավորների և նրանց հետ աշխատող դատական ծառայողների համար:
Ռեկտորը ընդգծել է Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի գիտական հոդվածների ժողովածուի բացառիկ կարևորությունը
Լույս է տեսել Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի գիտական հոդվածների ժողովածուի 2018 թվականի համարը՝ «Քրեական դատավարությունում խափանման միջոցները՝ համաձայն Ուկրաինայի, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության օրենսդրությունների» խորագրով:
Ժողովածուի մեջ ներկայացված են վերոնշյալ երկրների առաջատար գիտնականների, իրավապահ մարմինների, բարձրագույն ուսումնական հաստատություննների ներկայացուցիչների հոդվածները, որոնք վերաբերում են մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների իրականացմանը ազգային իրավական համակարգերում, ինչպես նաև այս ոլորտում իրավակիրառ գործունեության պրակտիկային, մասնավորապես՝ քրեական դատավարությունում խափանման միջոցների կիրառման ժամանակ:
Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ողջույնի խոսքը, որում առանձնահատուկ ընդգծվել է ժողովածուի բացառիկ կարևորությունը ներկայացված արդի հիմնահարցերի քննության առնչությամբ: Ս. Առաքելյանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի գործընկերներին ժողովածուի ստեղծման աշխատանքներին մասնակցելու հրավերի համար:
Սերգեյ Առաքելյանը «Բանբեր Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:
Հայաստանի Հանրապետությանը վերաբերող գլխում տպագրվել են Արդարադատության ակադեմիայի դասընթացավարներ Սամվել Դիլբանդյանի «Ձերբակալվածի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիքները՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի», Գագիկ Ղազինյանի և Անի Դանիելյանի «Ձերբակալման հիմքերը և կարգը՝ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի», Դավիթ Մելքոնյանի «Կալանավորման իրավական կարգավորման խնդիրները՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» գիտական հոդվածները:
Ժողովածուն հասանելի է հետևյալ հղմամբ՝ napu.com
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հարցազրույցը մոլդովական «ՌԵՎԻՍՏԱ»-ին
Լույս է տեսել Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի «ՌԵՎԻՍՏԱ» գիտագործնական հանդեսի 2018 թվականի առաջին համարը, որում տեղ է գտել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հարցազրույցը: Ռեկտորի այս հարցազրույցն անցկացվել է փետրվարի 27-ից մարտի 3-ը Քիշնև կատարած աշխատանքային այցի շրջանակում:
Ծավալուն հարցազրույցը նվիրված է Արդարադատության ակադեմիա - Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտ համագործակցությանը՝ Երևանում ստորագրված հուշագրի համատեքստում, երկկողմ գործակցության հիմնական ուղղություններին, հեռանկարներին, ինչպես նաև Ակադեմիայի գործունեությանը և մեր երկրի դատական, դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման յուրահատկություններին:
Սերգեյ Առաքելյանը Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի «ՌԵՎԻՍՏԱ» գիտագործնական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:
Հարցազրույցը ռումիներեն է և հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.inj.md
Համագործակցության հեռանկարների քննարկում
Ապրիլի 6-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ԵՄ առաքելության դատաիրավական բարեփոխումների խմբի ղեկավար Իվան Պանևին: Հանդիպմանը ներկա էր նաև Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:
Իվան Պանևը ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակում իր կողմից իրականացվող առաքելության հիմնական ուղղությունները՝ այդ առումով առանձնացնելով նաև նախապատրաստական փուլում գտնվող ծրագիրը և անհրաժեշտ գործողությունների ցանկը, որի իրականացմանն է ուղղվելու ԵՄ աջակցությունը:
Ռեկտորը ողջունեց հյուրին և երախտագիտություն հայտնեց Ակադեմիայի գործունեությամբ հետաքրքրվելու և հնարավոր համագործակցության համար: Ս. Առաքելյանի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումների ներկայիս փուլում կա նման աջակցության անհրաժեշտություն:
Իվան Պանևի խնդրանքով՝ ռեկտորն անդրադարձավ Ակադեմիայի գործունեությանը, առանձնահատկություններին, ներկայացրեց ուսումնական գործընթացին և ուսուցման ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը քննարկեցին հնարավոր համագործակցության ուղղությունները, նաև պայմանավորվեցին առաջիկայում նորից հանդիպել և կարիքների գնահատման հիման վրա հստակեցնել աջակցության ձևաչափը:
Աշխատանքային հանդիպում-քննարկում
Ապրիլի 4-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն (Երևան) և ԵԽ կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժնի քաղաքականության հարցերով խորհրդատու Սառա Հափլայնեն (Ստրասբուրգ):
Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ Ակադեմիայի համար չափազանց կարևոր է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը և այդ շրջանակում իրականացվող ծրագրերը: Ավելին՝ Ա. Մանասյանը շեշտեց, որ Ակադեմիան բաց է համագործակցության համար և պատրաստ է շարունակել և ընդլայնել առկա գործակցությունը՝ տարբեր ձևաչափերով, այդ առումով՝ առանձնացնելով ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» ծրագրի շրջանակում միջազգային փորձագետների ներգրավմամբ համատեղ նոր դասընթաց մշակելու, լրացուցիչ աշխատաժողովներ և սեմինարներ անցկացնելու, նաև առցանց դասընթաց իրականացնելու վերաբերյալ հարցերը:
Հյուրերը երախտագիտություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ գոհ են առկա համագործակցության արդյունքներից: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկեցին տարվա ընթացքում նախանշված ծրագրերի և միջոցառումների անցկացման բովանդակային և կազմակերպական հարցեր:
Մեկնարկել են դատավորների և դատախազների տարեկան վերապատրաստումները
Ապրիլի 3-ից մեկնարկում է դատավորների և Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաև դատախազների 2018 թվականի տարեկան վերապատրաստումը: Դատավորների առաջին խմբում ընդգրկված է 26 (այդ թվում 1-ը՝ Արցախի Հանրապետությունից), իսկ դատախազների խմբում՝ 20 ունկնդիր: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր թե՛ դատավորի (քաղաքացիաիրավական, քրեաիրավական, վարչաիրավական մասնագիտացումներով), թե՛ դատախազի համար սահմանված է 80 ակադեմիական ժամ, ուսումնառությունն իրականացվում է երկու փուլով՝ յուրաքանչյուրը 40 ակադեմիական ժամ:
Դատավորների և դատախազների վերապատրաստումն իրականացվում է համապատասխան ուսուցման ծրագրերի համաձայն, որոնք մշակվել են Ակադեմիայի կողմից: Ծրագրերի նպատակն է ապահովել ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացումն ու կատարելագործումը ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական ոլորտներում:
Մեկնարկեց քննիչի թեկնածուների 2-րդ խմբի մասնագիտական պատրաստումը
Ապրիլի 3-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների 2018 թվականի ցուցակում ընդգրկված անձանց երկրորդ խմբի մասնագիտական պատրաստումը: Առաջին դասից առաջ, արդեն ավանդույթի համաձայն, խմբում ընդգրկված 33 ունկնդիրներին ողջունեց և շնորհավորեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
«Շատ բարդ մասնագիտություն եք ընտրել, և ինձ համար հաճելի, բայց նաև զարմանալի է, թե ինչպես են մարդիկ ներկայիս պայմաններում ընտրում քննիչի մասնագիտությունը: Միակ պատասխանն այն է, որ դուք այդ մասնագիտությունը շատ եք սիրում և պատրաստ եք ձեզ նվիրել մասնագիտությանը: Երբեք չմոռանաք, որ հենց քննիչի գործունեության իրականացմամբ է ձևավորվում այն հիմքը, որով քրեական արդարադատությունն իրականացվում է: Լիահույս եմ, որ ի դեմս ձեզ, այդ արդարադատությունն ամուր հիմքերի վրա է լինելու»,-դիմելով ունկնդիրներին՝ նշեց ռեկտորը: Սերգեյ Առաքելյանը բարի երթ մաղթեց ունկնդիրներին և տեղեկացրեց, որ Ակադեմիայում ուսումնառությունն էապես տարբերվում է բուհական ուսումնական գործընթացից, այլ են կրթական չափորոշիչները, մոտեցումները, գիտելիքների գնահատումը և այլն: Ռեկտորի խոսքով՝ Ակադեմիայում արդեն ավանդույթ է, որ ավարտական դիպլոմների հետ միասին շրջանավարտներին հանձնվում են նաև աշխատանքի նշանակման հրամաններ, ուստի հորդորեց ուսումնառության այս ամիսներն արդյունավետ օգտագործել, շատ աշխատել, որպեսզի կարողանան միանգամից անցնել քննիչի գործառույթների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում ունկնդիրներին տրամադրվեցին ուսումնական համապատասխան նյութեր, մասնագիտական գրքեր, որոնք անհրաժեշտ կլինեն ուսումնառության ընթացքում:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների մասնագիտական պատրաստումն անցկացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա և ուղղված է ունկնդիրների մոտ քնննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը: Ուսումնառությունը կտևի մինչև նոյեմբերի 6-ը՝ ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը, իսկ ընդհանուր ժամաքանակը 250 ակադեմիական ժամ է, ևս 18 ակադեմիական ժամ սահմանված է քննաշրջանի համար:
Տեղեկացնենք, որ ձևավորված մեկ այլ ավանդույթի համաձայն՝ ուսումնական գործընթացին առնչվող հարցերի քննարկման նպատակով Ակադեմիայում պարբերաբար հանդիպումներ են անցկացվում, որի ընթացքում ունկնդիրներն իրենց հուզող հարցերով դիմում են ռեկտորին:
Դատավորների և դատախազների թեկնածուների առաջին քննաշրջանը մեկնարկել է
Ապրիլի 3-ին մեկնարկել է Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող 2018 թվականի ունկնդիրների՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննաշրջանը: Այսօր գրավոր քննություն է հանձնել դատավորի 10 և դատախազի 16 թեկնածու: Միասնական քննությունը երկու դասընթացներից էր՝ «ՀՀ սահմանադրական իրավունքի գիտության և սահմանադրական արդարադատության արդի միտումները» և «ՄԻԵԴ իրավաբանության հիմունքները և արդի միտումները»:
Տեղեկացնենք, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող դատավորի և դատախազի թեկնածուների համար ուսումնառության տևողությունը 7 ամիս 2 շաբաթ է (2018 թվականի փետրվարի 26-ից հոկտեմբերի 12-ը)՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառությունը բաղկացած է ուսուցման 4 հատվածներից, որոնցից յուրաքանչյուրի ավարտին ունկնդիրները քննություն են հանձնում համապատասխան առարկաներից: Ուսուցման 1-ին հատվածին հաջորդող քննաշրջանը, որը մեկնարկել է այսօր, կավարտվի ապրիլի 13-ին: Այս քննաշրջանում քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուները կհանձնեն 3, քրեաիրավական մասնագիտացմամբ՝ 4 քննություն: Այս քննաշրջանի ընթացքում 5 քննություն կհանձնեն նաև դատախազի թեկնածուները:
Ակադեմիայի շրջանավարտներից ևս երկուսը նշանակվեցին դատավորի պաշտոնում
Արդարադատության ակադեմիայի 2017 թվականի ունկնդիր-շրջանավարտներից երկուսը, ՀՀ Նախագահի հրամանագրով, նշանակվել են դատավորի պաշտոնում.
1. Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2. Հարություն ՄԱՆՈւԿՅԱՆ - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ Նախագահի հրամանագիրը դատավորներ նշանակելու մասին.