ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Վերապատրաստողների վերապատրաստում նոր մշակված առարկայական դասընթացների վերաբերյալ

12.06.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի շրջանակում Արդարադատության ակադեմիայում դասավանդելու համար մշակվել են առարկայական նոր դասընթացներ հետևյալ թեմաներով՝ «Կոռուպցիոն դեպքերի քննությունը», «Պաշտոնական կոռուպցիայի դեպքերի քննությունը», «Ներքին ուսումնասիրություններ (քննություն)», «Կալանք և այլընտրանքային խափանման միջոցներ», «Գենդերի հիման վրա կատարվող բռնարարքների քննությունը», «Անչափահաս կամ փոքրամասնության խմբին պատկանող իրավախախտների իրավունքների պաշտպանությունը», «Ֆինանսական հանցագործություններ և եկամուտների հայտարարագրման խախտումներ՝ կապված կոռուպցիայի հետ», «Անդրազգային հանցավորության և մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննությունը և դրանց դեմ պայքարը», «Դատական իշխանության անկախություն և թափանցիկություն»:


Ակադեմիայում այդ դասընթացների դասավանդումը կազմակերպելու նպատակով մի քանի փուլով իրականացվելու են վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ: Այսօր մեկնարկել է դատավոր-դասընթացավարների վերապատրաստումը:


Վերապատրաստման մեկնարկից առաջ Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ունեցած համագործակցության շրջանակում և Երևանի պետական համալսարանի թիմի հետ մշակվել է 9 դասընթաց, որոնք պետք է ներդրվեն Ակադեմիայի ուսումնական ծրագրում: Պրոռեկտորն ավելացրեց նաև, որ վերապատրաստումը հաջողությամբ ավարտած մասնակիցները ԱՄՆ պետքարտուղարության կողմից կստանան համապատասխան վկայականներ, ինչի արդյունքում հնարավորություն կստանան նոր մշակված առարկայական կուրսերը դասավանդել Արդարադատության ակադեմիայում:


Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆ. Գագիկ Ղազինյանը: Բանախոսները կարևորեցին նմանատիպ ծրագրերի իրականացման և միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը:


Սեմինարի շրջանակում ներկաները հնարավորություն ունեցան ոչ միայն լսել դասընթացավարներին, այլև գործնական առաջադրանքների և հարց ու պատասխանի միջոցով թեմային առնչվող խնդիրների վերաբերյալ հետաքրքրական և օգտակար քննարկում ծավալել: