ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Երկօրյա քննարկում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերյալ

16.04.2018

Ապրիլի 14-ից 15-ը Ծաղկաձորում անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին, որը ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 9-ին: Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի կողմից՝ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ: Ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ և ԵԽ կողմից «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում, և իրականացնում է Եվրոպայի Խորհուրդը: Մասնակցում էր ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական գործեր քննող 31 դատավոր: Քննարկմանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը:

 

Բացման խոսքում Անահիտ Մանասյանը նշեց, որ նոր ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմնական նորարարական իրավական կարգավորումները բավական շատ են, ինչն էլ պայմանավորում է նման վերապատրաստումների հրատապությունը և անհրաժետությունը: Պրոռեկտորի խոսքով՝ սա լավ հնարավորություն է հիմնական հարցադրումները համատեղ քննարկելու և գործնականում արդյունավետ, կիրառելի, համարժեք լուծումներ գտնելու համար:

 

Բանախոսներն էին՝ ԵԽ փորձագետներ Սերգեյ Մեղրյանը (ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ), Գոռ Հակոբյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր), Տարոն Նազարյանը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր):

 

Միջոցառումների շարքը շարունակական է լինելու, նախատեսվում է առաջիկայում նման քննարկումներ կազմակերպել նաև քաղաքացիական գործեր քննող մյուս դատավորների և նրանց հետ աշխատող դատական ծառայողների համար: