Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 14-րդ համարը
Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 14-րդ համարը, որը նվիրվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին:
Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://aoj.am/storage/bulletin
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին ընդառաջ՝ Արդարադատության ակադեմիան կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ ըստ համապատասխան հարցաշարերի:
• Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս
• Օրական ժամաքանակը՝ 3 ակադեմիական ժամ (120 րոպե)
• Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ)
• Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա
• Մեկնարկը՝ հուլիսի 1-ին
• Դասընթացի ընդհանուր արժեքը՝ 500.000 ՀՀ դրամ
Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.
1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին,
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը,
3. վճարման հաշվեհամար «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606:
Դասընթացներն ավարտելուց հետո ունկնդիրները, ցանկության դեպքում դասընթացների շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն:
Դասընթացներն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:
Առավել մանրամասն՝ կից հղումով:
Կոնտակտային անձ՝ Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյան, 098 00 05 50, 060 46 00 79, emma.khublaryan@justiceacademy.am
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների այցն Ակադեմիա
Մայիսի 29-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց գերմանական հեղինակավոր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Յակոբ Վյոլենշտայնին և երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:
Ռեկտորը ողջունեց հյուրերին, կարևորեց Ակադեմիայի և Հիմնադրամի միջև արդյունավետ համագործակցության դրական արդյունքները, կողմերը քննարկեցին համատեղ իրականացված և իրականացվող ծրագրերը՝ վստահություն հայտնելով, որ հետագա համագործակցությունը ևս կլինի արգասաբեր:
Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում,մարզասենյակում և հյուրանոցում:
Արդարադատության ակադեմիայի ռեկտորի այցը Սանկտ Պետերբուրգ
Սույն թվականի մայիսի 19-ից 21-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց XIII Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին, որն անցկացվում էր Ռուսաստանի նախագահի բարձր հովանու ներքո:
Մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու իրավունքի, իրավապահ պրակտիկայի կատարելագործման, օրենսդրական նախաձեռնությունների խթանման, իրավական մշակույթի զարգացման և ժամանակակից պայմաններում սոցիալ - տնտեսական ոլորտի կարգավորման վերաբերյալ:
Համաժողովի շրջանակներում կազմակերպվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին նվիրված քննարկում «Մեծ Հաղթանակի համաշխարհային նշանակությունը գեղարվեստական ռետրոսպեկտիվում» խորագրով:
Քննարկմանը, որի համակարգողն էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի Ինստիտուտի միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Ալեքսանդր Զվյագինցևը, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում» խորագրով զեկույցով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Զեկույցներով հանդես եկան նաև Ռուսական Բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի տնօրեն Միլենա Ավիմսկայան, ՌԴ Քննչական կոմիտեի Ա. Յա. Սուխարևի անվան Մոսկովյան ակադեմիայի ռեկտոր Ալեքսեյ Բեսսոնովը, Բելառուսի Հանրապետության Քննչական կոմիտեի Որակավորման բարձրացման և Վերապատրաստման Ինստիտուտի ղեկավար Յուրի Կամենեցկին, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ռեկտոր Անդրեյ Լոգինովը, ՌԴ Արդարադատության նախարարությանը կից Համառուսական արդարադատության պետական համալսարանի Կալուգայի ինստիտուտի (մասնաճյուղի) տնօրեն Ռոման Ֆեդոսեևը:
Միջոցառման շրջանակներում Արդարադատության ակադեմիայի ռեկտորն ունեցել է նաև մի շարք կարևոր հանդիպումներ, ձեռք են բերվել հետագա համագործակցության պայմանավորվածություններ:
Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների երկրորդ խմբին
Մայիսի 16-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների երկրորդ խմբին: Խմբում ընդգրկված է 34 ունկնդիր:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, ներկայացրեց ուսուցման գործընթացի մանրամասները և պատասխանեց հուզող հարցերին:
Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկել է մայիսի 19-ին և նախատեսվում է ավարտել հուլիսի 30-ին:
Դիպլոմներ քննիչի թեկնածուների առաջին խմբի ունկնդիրներին
Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված 1-ին խմբի ունկնդիրներին:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Հարգելի ունկնդիրներ, ցանկանում եմ, որ երբևէ չապրեք հիասթափություն ձեր մասնագիտությունը ընտրելու և դրանով գործունեություն ծավալելու առումով», նշեց ռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 27 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի փետրվարի 10-ից ապրիլի 25-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=n5mRJXuU1EQ
ԵԱՏՄ դատարանի դատավոր Էռնա Հայրիյանի այցն Արդարադատության ակադեմիա
Մայիսի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի դատավոր, ԵԱՏՄ դատարանի նախկին նախագահ Էռնա Հայրիյանին:
Ռեկտորը ողջունեց հյուրին՝ մեծապես կարևորելով ԵԱՏՄ դատարանի հետ համագործակցության դրական փորձը:
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, խոսեցին համատեղ իրականացված և իրականացվող ծրագրերից:
Հանդիպման ավարտին Էռնա Հայրիյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների այցն Ակադեմիա
Ապրիլի 25-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ: Ուսանող իրավաբաններ հյուրընկալելու ավանդույթը Արդարադատության ակադեմիայում ձևավորվել է դեռևս 2016 թվականին: Այս անգամ ևս ռեկտոր Սերգեյ Առաքելյանը սիրով ընդունեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությունը և հյուրընկալեց ապագա իրավաբաններին:
Ռեկտորը ողջունեց ուսանողներին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց ընդունելությանը, ուսումնառությանը, քննաշրջանի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին ապագա իրավաբանները խորին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, ուսանողներից ոմանք նշեցին, որ ցանկություն ունեն ապագայում դառնալ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր՝ ընդգրկվելով դատավորի, դատախազի կամ քննիչի թեկնածությունների ցուցակներում:
Այցի շրջանակում ուսանողները ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, եղան լսարաններում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում, հյուրանոցում, մարզասրահում:
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 23-ի ուշ երեկոյան Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը` ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անմար կրակի շուրջ ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։
«Հայաստանում շրջակա միջավայրի դատական պաշտպանություն» վերտառությամբ 3-օրյա դասընթաց Ակադեմիայում
Արդարադատության ակադեմիան Հայաստանի Հանրապետության Ֆրանսիայի դեսպանատան և «Էքսպերտիզ ֆրանս» միջազգային փորձագիտական գործակալության հետ համատեղ ապրիլի 16-18-ը կազմակերպեց «Հայաստանում շրջակա միջավայրի դատական պաշտպանություն» վերտառությամբ 3-օրյա դասընթաց:
Միջոցառման մեկնարկին Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցներին նման արդիական թեմայով դասընթաց կազմակերպելու նախաձեռնության համար՝ կարևորելով բոլորիս կողմից շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ որպես կյանքի իրավունքի առաջնային երաշխիք:
Դասընթացը, որին մասնակցում էին ոլորտում մասնագիտացված դատավորներ, դատախազներ, քննիչներ, ինչպես նաև միջազգային կառույցների և քաղ.հասարակության ներկայացուցիչներ, վարում էին Վերսալի վերաքննիչ դատարանի առաջին նախագահ և Արդարադատության գլխավոր տեսչության նախկին ղեկավար Ժան Ֆրանսուա Բենելը, իրավաբանական գիտությունների դոկտոր և շրջակա միջավայրի իրավունքի փաստաբան Լոռ Աբրամովիչը, Էքս ան Պրովանսի դատարանի դատախազ Դելֆին Ագոգեն, պատվավոր դատավոր և բնապահպանական արդարադատության փորձագետ Վենսան Դելբոսը, քրեական իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի փաստաբան Լոռա Մոնիեն, Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը, Բնապահպանական իրավունքի փորձագետ Օլիմպիա Գեղամյանը: