Արդարադատության ակադեմիան 12 տարեկան է
Սեպտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայի հիմնադրման 12-ամյա հոբելյանին նվիրված Ակադեմիայի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից համատեղ կազմակերպվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդի հիմնախնդիրները և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկան» խորագրով աշխատաժողով:
Միջոցառման մեկնարկին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց Վճռաբեկ դատարանի նախագահին և գործընկերներին նման արդիական թեմայով միջոցառում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալու համար՝ շեշտելով, որ Ակադեմիան միշտ տարբեր ուղղություններով փորձում է հնարավորինս օգտակար ու արդյունավետ դարձնել այն բոլոր գործընթացները, որոնք կազմակերպվում և իրականացվում են Ակադեմիայում՝ ի նպաստ պրակտիկ աշխատանքով զբաղվող գործընկերների մասնագիտական գործունեության հետ կապված որոշակի խնդիրների լուծման:
Իր ողջույնի խոսքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը շնորհավորեց Ակադեմիային հիմնադրման 12-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդգծելով Ակադեմիայի կարևոր դերակատարությունն արդարադատության ոլորտում:
Աշխատաժողովին հաջորդեց Ակադեմիայի 12-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում, որի շրջանակներում Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Ակադեմիայի շնորհակալագրով, Ակադեմիայի պատվոգրով և Ակադեմիայի հուշամեդալով:
Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=pPDsCWm5TFc
Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների երկրորդ խմբի ունկնդիրներին
Օգոստոսի 4-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված 2-րդ խմբի ունկնդիրներին:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Քննիչի աշխատանքը քրեական արդարադատության հիմքն է, սա բոլորը պետք է իմանան և համապատասխան վերաբերմունք ունենան քննիչի քրտնաջան, երբեմն տանջալից, հաճախ անշնորհակալ աշխատանքին», նշեց ռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 34 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի մայիսի 19-ից հուլիսի 30-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=0lsulum4-a4
Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների երրորդ խմբին
Հուլիսի 11-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների երրորդ խմբին: Խմբում ընդգրկված է 18 ունկնդիր:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, ներկայացրեց ուսուցման գործընթացի մանրամասները և պատասխանեց հուզող հարցերին:
Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկել է հուլիսի 14-ին և նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 25-ին:
Նախապատրաստական դասընթացների մեկնարկը
Սույն թվականի հուլիսի 7-ից Արդարադատության ակադեմիայում մեկնարկեցին նախապատրաստական դասընթացներ՝ դատախազների և ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին ընդառաջ:
Դասընթացների ավարտից հետո ունկնդիրները, ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով ստուգարք՝ առանց որևէ իրավական հետևանքների:
Դասընթացներն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:
Շնորհավորանք ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա առթիվ
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա առթիվ
Հարգելի՛ տիկին Թադևոսյան,
Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, դատավորներին և դատական ողջ համակարգին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա կապակցությամբ:
Վճռաբեկ դատարանի դերը Հայաստանի Հանրապետությունում անչափ կարևոր է ոչ միայն արդարադատության ոլորտի կայացման, այլև իրավունքի և իրավական մշակույթի զարգացման տեսանկյունից: Ձեր գլխավորությամբ Դատարանը շարունակում է արժանապատվորեն իրականացնել արդարադատության կայունացման և օրինականության պահպանման իր վեհ առաքելությունը:
Արդարադատության ակադեմիայի և ՀՀ վճռաբեկ դատարանի միջև ձևավորված համագործակցությունը մշտապես եղել է բազմակողմանի և արդյունավետ: Վստահ եմ, որ այսուհետ ևս մեր համատեղ ջանքերը կնպաստեն արդարադատության ոլորտի շարունակական կատարելագործմանն ու ամրապնդմանը:
Հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորելով Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական հաջողություններ և անսպառ ուժ՝ ձեր պատասխանատու և կարևոր առաքելության մեջ:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյան
Դիպլոմներ՝ դատախազի թեկնածուներին
Հուլիսի 2-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված անձանց:
Ռեկտորը շնորհավորեց դատախազի թեկնածուներին ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ և մաղթեց անփորձանք ծառայություն:
«Պարտադիր հաշտարարության գործարկման առանձնահատկությունները, գործող կարգավորումները» թեմայով վերապատրաստում Ակադեմիայում
Հունիսի 28-ին Արդարադատության ակադեմիայի և ՀՀ Հաշտարարների պալատի կողմից համատեղ կազմակերպվեց «Պարտադիր հաշտարարության գործարկման առանձնահատկությունները, գործող կարգավորումները» թեմայով վերապատրաստում:
Վերապատրաստումը, որը նախատեսված էր քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների համար, վարում էին ՀՀ Հաշտարարների պալատի նախագահ Գայանե Դեմիրչյանը և Պալատի խորհրդի անդամներ Անի Համբարձումյանն ու Դավիթ Ղարիբյանը:
Մասնագիտական պատրաստումից առաջ հանդիպում դատախազի թեկնածուների հետ
Հունիսի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 15 ունկնդիր:
Ռեկտորը ողջունեց ներկաներին, շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Ուսուցման ծրագրի համաձայն՝ ուսումնառությունը տևելու է 7 ամիս 1 շաբաթ, ներառյալ փորձաշրջանը:
Հանդիպմանը քննարկվեցին նաև ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք բովանդակային և կազմակերպական հարցեր:
Մասնագիտական պատրաստումը մեկնարկեց հունիսի 30-ին և տևելու է մինչև փետրվարի 6-ը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության ակադեմիայի կողմից դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով կազմակերպվող նախապատրաստական դասընթացներին մասնակցության դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025թ. հուլիսի 4-ը ներառյալ։
Մեկնարկը՝ հուլիսի 7-ին:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և մանրամասները՝ հետևյալ հղումով:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էմմա Խուբլարյան
Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար
098 00 05 50, 060 46 00 79
emma.khublaryan@justiceacademy.am
«Դատարաններում խտրականության արգելման և հավասար վերաբերմունքի ապահովման» թեմայով աշխատաժողով Ակադեմիայում
Հունիսի 24-ին Արդարադատության ակադեմիայի և Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի կողմից համատեղ կազմակերպվեց «Դատարաններում խտրականության արգելման և հավասար վերաբերմունքի ապահովման» թեմայով աշխատաժողով:
Միջոցառման մեկնարկին Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին նման ֆորմատի համատեղ միջոցառում կազմակերպելու համար՝ կարևորելով խտրականության արգելքի և իրավահավասարության թեմայի արդիականությունը նաև շեշտադրելով այն հանգամանքը, որ վերջինս ամրագրված է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրում:
Վերապատրաստումը, որը նախատեսված էր բոլոր ատյանների և մասնագիտացումների դատավորների համար, վարում էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը և Շվեդիայի Վարչական դատարանի դատավոր Ջենիֆեր Մուր Փիթերսոնը: