Սեմինար՝ Արդարադատության ակադեմիայի աշխատակիցների համար
Սեպտեմբերի 10-ին Արդարադատության ակադեմիայում Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամը (IRZ) անցկացրեց սեմինար Ակադեմիայի աշխատակիցների համար: Վերապատրաստումը վարում էր միջազգային փորձագետ, կրթության և վերապատրաստման գծով դոկտոր Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և IRZ-ի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում Ակադեմիան IRZ-ի հետ համատեղ նախաձեռնել և իրականացնում է վերապատրաստումների շարք ինչպես Ակադեմիայի ունկնդիրների, այնպես էլ դասընթացավարների և աշխատակազմի համար: Ռեկտորի խոսքով՝ դրանք չափազանց կարևոր են և օգտակար:
Այս վերապատրաստման արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան վերլուծել մեծահասակների ուսուցման սկզբունքները, սահմանել ուսումական ծրագրի և պլանի նպատակները, դրանց կազմման առանձնահատկությունները և այլն:
ԵԱՏՄ դատարանի դատավորների դասախոսությունը՝ Ակադեմիայում
Սեպտեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի պատվիրակությանը՝ դատավորներ Արմեն Թումանյանին, Ժոլիմբետ Բաիշևին, Դենիս Կոլոսին՝ նախագահ Էռնա Հայրիյանի գլխավորությամբ: Դատավորները Ակադեմիայում հանդես եկան «Եվրասիական տնտեսական միության դատարանի իրավական դիրքորոշումները և դրանց ազդեցությունը Միության անդամ-երկրների իրավակիրառ պրակտիկայի վրա» թեմայով դասախոսությամբ:
Ներկա էին Ակադեմիայի աշխատակազմից ներկայացուցիչներ, դատավորներ, դատավորների թեկնածուների հավակնորդներ, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք:
Էռնա Հայրիյանը ողջունեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց Ակադեմիային հրավերի համար՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը Հայաստանի դատավորների գործունեության համար:
ԵԱՏՄ դատարանի դատավորներն իրենց ելույթներում ներկայացրին, թե որ դեպքերում է կարելի դիմել ԵԱՏՄ դատարան, ինչպիսի լիազորություններ ունի ԵԱՏՄ հանձնաժողովը և ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ կայացվող որոշումները՝ շեշտելով, որ դատարանի բացառիկությունը նրանում է, որ այն միակն է, որտեղ հնարավոր է վիճարկել ԵԱՏՄ որոշումները:
Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին:
Մեկնարկեց Ակադեմիայի և IRZ-ի հետ համատեղ անցկացվող վերապատրաստումների շարքը
Սեպտեմբերի 3-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստումների շարքը: Ծրագիրն իրականացվում է Ակադեմիայի հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Առաջին սեմինարը նվիրված էր «ՀՀ քրեական նոր օրենսգրքի կիրառման հիմնախնդիրները» թեմային:
Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորները: Վերապատրաստումը վարում էր ազգային փորձագետ, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց IRZ-ի գործընկերներին, մասնակիցներին և կարևորեց ծրագրի իրականացումը: «Այս միջոցառմամբ սկսում ենք շատ կարևոր քննարկումների շարք, որը նվիրելու ենք ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի հիմնական ինստիտուտների առանձնահատկությունների քննարկմանը, քանի որ 2022թ. հուլիսի 1-ից դրանք ուժի մեջ են մտնելու»,-նշեց ռեկտորը և վստահություն հայտնեց, որ քննարկումներն արդյունավետ կլինեն:
IRZ-ի այս ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում արդարադատության որակը և կատարելագործել արդարադատության համակարգը:
ԹՊԻՀ գործընկերների այցը Արդարադատության ակադեմիա
Սեպտեմբերի 1-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի նորանշանակ ղեկավար, առաջին քարտուղար Ալեքսիս Հաֆթվանիին և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:
Ռեկտորը ջերմորեց ողջունեց հյուրերին և իր խոսքում մեծապես կարևորեց ԹՊԻՀ-ի հետ համագործակցությունը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ հետագայում ևս այն չափազանց օգտակար և արդյունավետ կլինի: Կողմերը քննարկեցին համատեղ իրականացված և իրականացվող ծրագրերը, գոհունակությամբ նշեցին առկա համագործակցության դրական արդյունքների մասին:
Հյուրերը նաև ծանոթացան շենքային պայմաններին, հնարավորություն ունեցան շրջելու «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Հուշագիր՝ Արդարադատության ակադեմիայի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի միջև
Օգոստոսի 31-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Ակադեմիայի ռեկտորն իր խոսքում նշեց, որ երկու կառույցների միջև առկա համագործակցությունն ավելի կխորանա և կզարգանա փաստաթղթի ստորագրումից հետո՝ ապահովելով դրական արդյունքներ: Ռեկտորի խոսքով՝ համագործակցությունը հնարավորություն կընձեռի կողմերին համատեղ մշակել ուսումնական և մեթոդական նյութեր և դրանք ուղղել Ակադեմիայի ունկնդիրների և Հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը:
Գեղամ Գևորգյանն իր հերթին մեծապես կարևորեց համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելը: Գործընկերության շրջանակում Հանձնաժողովի անդամները և աշխատակիցները կներգրավվեն Ակադեմիայի դասավանդման, ուսումնառության և վերապատրաստման գործընթացում: Նաև նախատեսվում է կազմակերպել համատեղ դասընթացներ և փորձի փոխանակմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների որակավորման առաջին փուլը հաղթահարած անձանց հետ
Օգոստոսի 25-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման առաջին փուլը հաղթահարած անձանց հետ:
Ռեկտորը շնորհավորեց թեկնածուներին և հաջողություն մաղթեց նաև առաջիկայում սպասվող բանավոր քննությանը, որի արդյունքում կձևավորվի դատավորների թեկնածուների հավակնորդների արտահերթ խումբ: Ռեկտորը մանրամասն ներկայացրեց Ակադեմիայում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, անդրադարձավ ուսումնառությանը վերաբերող բովանդակային և տեխնիկական հարցերի և հաջողություն մաղթեց նրանց:
Որակավորման հաջորդ փուլը հաղթահարած թեկնածուները կսկսեն իրենց մասնագիտական պատրաստումը սեպտեմբերի 3-ին: Ուսուցումն անցկացվելու է հաստատված ուսուցման ծրագրի համաձայն:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի այցը Արդարադատության ակադեմիա
Հուլիսի 28-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին: Ռեկտորը ջերմորեն ողջունեց Մարտինա Շմիդտին՝ համոզմունք հայտնելով, որ Գրասենյակի հետ ձևավորված գործընկերային ջերմ և արդյունավետ հարաբերություններն առաջիկայում ավելի կզարգանան և համագործակցությունը ավելի կխորանա, ինչի արդյունքում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ։
Կողմերը քննարկեցին ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերը: Ռեկտորը մի շարք առաջարկներ հնչեցրեց, որոնք վերաբերում էին ուսուցման նոր ծրագրերի մշակմանը՝ արդիական թեմաների ընդգրկմամբ, աշխատաժողովների անցկացմանը, ուսուցման նոր մեթոդաբանությանը, հեռաուսուցման ծրագրերի մշակման անհրաժեշտությանը և այլն: Կողմերը պայմանավորվեցին հնչեցված հարցերի իրականացման ուղղությամբ հստակ քայլեր անել:
Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարը ծանոթացավ նաև Ակադեմիայի շենքային պայմաններին:
Ակադեմիայի շրջանավարտներից չորսը նշանակվեցին դատավորի պաշտոնում
Արդարադատության ակադեմիայի 2020 թվականի ունկնդիր-շրջանավարտներից չորսը, ՀՀ Նախագահի հրամանագրերով, նշանակվել են դատավորի պաշտոնում.
1. Սերինե Խաչատրյան - ՀՀ սնանկության դատարանի դատավոր
2. Լիանա Հարությունյան - ՀՀ սնանկության դատարանի դատավոր
3. Լիլիթ Սաղոյան - ՀՀ սնանկության դատարանի դատավոր
4. Նելլի Հարությունյան - ՀՀ սնանկության դատարանի դատավոր
ՀՀ Նախագահի հրամանագրերը դատավորներ նշանակելու մասին.
https://www.president.am/hy/decrees/item/5324/
https://www.president.am/hy/decrees/item/5325/
Ակադեմիայի շրջանավարտներից ևս երկուսը նշանակվեցին դատավորի պաշտոնում
Արդարադատության ակադեմիայի 2019 թվականի ունկնդիր-շրջանավարտներից երկուսը, ՀՀ Նախագահի հրամանագրերով, նշանակվել են դատավորի պաշտոնում.
1. Ելենա Առաքելյան - ՀՀ վարչական դատարանի դատավոր
2. Արմեն Ներսիսյան - ՀՀ վարչական դատարանի դատավոր
ՀՀ Նախագահի հրամանագրերը դատավորներ նշանակելու մասին.
Արդարադատության ակադեմիայի ռեկտորը մասնակցել է IRZ ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ նիստին
Հուլիսի 12-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) «Արդարադատության համակարգի ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստին:
Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ փաստաբանների պալատից, Եվրոպայի խորհրդից, Եվրոպական միությունից և ուրիշներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Գոնզալո Սերանոն, ով ողջունեց ներկաներին և կարևորեց ծրագրի դերակատարությունը ՀՀ-ում արդարադատության համակարգի ամրապնդման գործում:
Ակադեմիայի ռեկտորն իր հերթին ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման համար և նշեց, որ IRZ-ի գործընկների հետ այս ծրագրի շրջանակում շփումները չափազանց օգտակար են և հաճելի: Սերգեյ Առաքելյանը գոհունակությամբ նշեց նաև, որ ծրագրի նախապատրաստման համար ծավալուն աշխատանք է կատարվել, ինչը վստահություն է ներշնչում, որ այն արդյունավետ է լինելու:
Նիստի ընթացքում ներկայացվեցին ծրագրի միջանկյալ հաշվետվությունը և հեռանկարները:
Ծրագիրը մեկնարկել է 2021 թ.-ի հունիսին և տևելու է մեկ տարի: