ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1204

12.07.2021

Մեկնարկել է քննիչների վերապատրաստումը

Հուլիսի 12-ին մեկնարկել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) վերապատրաստումը: Խմբում ընդգրկված է 16 քննիչ: Վերապատրաստումն անցկացվում է առցանց եղանակով:

 

Ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա, քննիչների վերապատրաստման ժամաքանակը 30 ակադեմիական ժամ է:

1203

09.07.2021

Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են ԵԽ ծրագրի շրջանակում անցկացված առցանց քննարկմանը

Հուլիսի 9-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի գործունեությանը վերաբերող Հայաստանի օրենսդրությունը» խորագրով առցանց քննարկում՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակում: Քննարկվեցին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գործունեության կատարելագործմանն ուղղված ազգային խորհրդատուի եզրակացություններն ու առաջարկությունները:

 

Մասնակցում էին ներկայացուցիչներ Արդարադատության ակադեմիայից, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանից, ԵԽ-ից, քաղաքացիական հասարակության անդամներ, ազգային և միջազգային խորհրդատուներ և ուրիշներ:

1202

08.07.2021

Աշխատանքային հանդիպում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի գործընկերների հետ

Հուլիսի 8-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Հայաստանում «Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը և վերապատրաստման գծով փորձագետ Օթիլիա Պակուրարին: Ծրագիրն իրականացնում է Արդարադատության ակադեմիան՝ ԵՄ և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ Ակադեմիայի և IRZ-ի համագործակցությունը չափազանց արդյունավետ է, արդեն առկա են շոշափելի արդյունքներ: Կողմերը քննարկեցին իրականացվող ծրագրի աշխատանքային պլանը, որի շրջանակում նախատեսվում են անցկացնել բազմաթիվ սեմինարներ, աշխատաժողովներ, վերապատրաստումներ ինչպես Ակադեմիայի ունկնդիրների, դասընթացավարների, այնպես էլ աշխատակազմի համար:

1201

07.07.2021

Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են ԵԽ և ԵՄ ծրագրի առցանց քննարկումներին կիբեռհանցագործությունների վերաբերյալ

Հուլիսի 7-ին անցկացվեց երկու առցանց քննարկում՝ նվիրված կիբեռհանցագործությունների և կիբեռանվտանգության ռազմավարություններին, ինչպես նաև կիբեռհանցագործությունների ոլորտում ՀՀ օրենսդրությանը: Միջոցառումներն իրականացվեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և Եվրոպական միության (ԵՄ) «Cyber@East» ծրագրի շրջանակում, որը նախատեսված է Արևելյան գործընկերության երկրների համար:

 

Մասնակցում էին ներկայացուցիչներ Արդարադատության ակադեմիայից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ իրավապահ կառույցներից, քաղաքացիական հասարակությունից, նաև ԵԽ-ից, ԵՄ-ից:

 

Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվեցին ԵԽ փորձագետների կողմից մշակված մի շարք առաջարկներ կիբեռհանցագործության և էլեկտրոնային ապացույցների մասին՝ ՀՀ համապատասխան օրենսդրությունում փոփոխությունների անհրաժեշտության համատեքստում:

1200

07.07.2021

Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են առցանց քննարկմանը՝ ԵԽ ծրագրի շրջանակում

Հուլիսի 7-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի և տարբեր պետական մարմինների միջև փոխգործակցության վերաբերյալ օրենսդրությունը և պրակտիկան» խորագրով առցանց քննարկում: Այն անցկացվեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակում:

 

Մասնակցում էին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ներկայացուցիչներ Արդարադատության ակադեմիայից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանից, քաղաքացիական հասարակության անդամներ, ազգային և միջազգային խորհրդատուներ և ուրիշներ:

 

Մասնագետները վերլուծեցին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի և այլ պետական մարմինների միջև փոխգործակցությունը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, քննարկեցին ՄԻԵԴ վճիռների կատարման համար փոխգործակցության հարթակ ստեղծելու և հաղորդակցման հայեցակարգ ունենալու վերաբերյալ հարցեր, ծանոթացան ԵԽ անդամ պետությունների՝ թեմային առնչվող լավագույն փորձին: Հանդիպումը եզրափակվեց հարց ու պատասխանով:

1199

01.07.2021

Շնորհավորանք ՀՀ դատախազության աշխատողի օրվա առթիվ

Հարգելի՛ պարոն Դավթյան,

 

Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի և դատախազության կազմավորման 103-ամյակի կապակցությամբ:

 

Այսօր ևս մեկ առիթ է կարևորելու դատախազության դերը պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության գործում: Չնայած պատմական դժվարին ժամանակաշրջանին՝ դատախազությունը շարունակում է կատարել իրեն վստահված առանցքային դերակատարությունը՝ ամրապնդելով օրենքի գերակայության սկզբունքը ՀՀ քաղաքացիների համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Կառույցի բազմամյա գործունեությունը վկան է այն իրողության, որ դատախազության աշխատակիցների համար թիվ մեկ ուղենիշը պետությանն անմնացորդ ծառայելն է:
Արդարադատության ակադեմիան և ՀՀ դատախազությունը այս տարիների ընթացքում աշխատել և շարունակում են աշխատել արդյունավետ՝ նպաստելով մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը: Պատահական չէ Ակադեմիայում ուսանելու և հետագայում դատախազությունում ծառայել ցանկացողների տարեցտարի աճող թիվը: Վստահ եմ՝ նույն ջանասիրությամբ և սկզբունքայնությամբ շարունակելու ենք երկու կառույցների միջև առկա արգասաբեր համագործակցությունը:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ ուժ, եռանդ և կամք իրավական պետության կերտման պատասխանատու ճանապարհին:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյան

1198

29.06.2021

Դիպլոմներ դատախազի թեկնածուներին

Հունիսի 29-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի 32 շրջանավարտներին՝ դատախազի թեկնածությունների 2020-2021թթ. ցուցակում ընդգրկված անձանց: Հանդիսավոր միջոցառումն անցկացվեց ՀՀ գլխավոր դատախազությունում:

 

Դատախազի թեկնածուների մասնագիտական պատրաստումը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի աշխատակազմին, դասընթացավարներին՝ ռեկտորի գլխավորությամբ, նաև շնորհավորեց շրջանավարտներին ուսումնառությունը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Արթուր Դավթյանը հույս հայտնեց, որ շրջանավարտները գիտակցում են, թե պետական ինչ համակարգ են մտնում ծառայության: «Համակարգ, որը մի քանի օրից կբոլորի 103 տարին, ինչը ենթադրում է բարձր պատասխանատվություն, համակարգ, որի ծառայողները ամիսներ առաջ մի ձեռքում գրիչ էին պահում, մյուսում՝ զենք, համակարգ, որի ծառայողները այս ծանր ժամանակներում իրավակարգի պաշտպանության բարձր առաքելությունն են իրականացնում»,-նշեց Արթուր Դավթյանը:

 

Սերգեյ Առաքելյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին, մաղթեց հաջողություն և հիշեցրեց, որ նրանց և Ակադեմիայի միջև համագործակցությունը շարունակական է լինելու: Ռեկտորը հիշեցրեց, որ դատախազի թեկնածուների այս խմբի ուսումնառությունն անցկացվեց համավարակի, պատերազմի պայմաններում, բայց գործընթացը ոչ մի օր կանգ չի առել և հաղթարահարվել են բոլոր բարդությունները:

 

Արտահերթ այս խմբի ուսումնառության տևողությունը 8 ամիս էր՝ 2020 թ. հոկտեմբերի 26-ից 2021 թ. հունիսի 25-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

1197

25.06.2021

Քննարկում՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրության կիրարկմանն ուղղված ազգային օրենսդրության կատարելագործում» ծրագրի շրջանակում

Հունիսի 25-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրության կիրարկմանն ուղղված ազգային օրենսդրության կատարելագործում» խորագրով առցանց քննարկմանը: Այն անցկացվեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակում: Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ԵԽ-ից, ՀՀ սահմանադրական դատարանից, ՀՀ վճռաբեկ դատարանից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ազգային և միջազգային իրավախորհրդատուներ և ուրիշներ:

 

Մասնակիցները կարևորեցին քննարկվող թեման՝ հաշվի առնելով, որ ազգային օրենսդրության կարգավորումները եվրոպական պրակտիկային ներդաշնակեցնելը ՀՀ իրավակիրառողների համար հրատապ խնդիրներից է:

 

Մասնագետները վերլուծեցին ՀՀ գործող պրակտիկան, որը կարգավորում է ՄԻԵԿ թիվ 16 արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքների նախապատրաստման և ներկայացման կարգը, իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության և այլ հարցեր: Հանդիպումը եզրափակվեց հարց ու պատասխանով:

1196

25.06.2021

Մեկնարկել է 2021թ. ունկնդիրների՝ քննիչի թեկնածուների 2-րդ խմբի քննաշրջանը

Հունիսի 25-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրների՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված 2-րդ խմբի անձանց քննաշրջանը: Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 30 ունկնդիր:

 

Այս քննաշրջանի ընթացքում նախատեսվում է անցկացնել 2 բանավոր քննություն, որին հաջորդելու է 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

1195

23.06.2021

«Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի ներկայացուցիչների այցը Արդարադատության ակադեմիա

Հունիսի 23-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Հայաստանում «Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը և վերապատրաստման գծով փորձագետ Օթիլիա Պակուրարին: Ծրագիրն իրականացնում է Արդարադատության ակադեմիան՝ Եվրոպայի Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և շեշտեց, որ համագործակցությունն արդեն դրական արդյունքներ է արձանագրել: Հյուրերը ներկայացրին ծրագրի իրականացման նպատակով մշակված աշխատանքային պլանը, քննարկվեցին առաջիկա անելիքները, վերապատրաստումների անցկացման ձևաչափը, բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր:

 

Հյուրերին նաև ներկայացվեց Ակադեմիայի շենքային պայմանները, նրանք եղան լսարաններում, գրադարանում, հյուրանոցում, դատական նիստերի դահլիճում, մարզասրահում: