Արդարադատության ակադեմիայի ռեկտորը մասնակցել է IRZ ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ նիստին
Հուլիսի 12-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) «Արդարադատության համակարգի ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստին:
Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ փաստաբանների պալատից, Եվրոպայի խորհրդից, Եվրոպական միությունից և ուրիշներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Գոնզալո Սերանոն, ով ողջունեց ներկաներին և կարևորեց ծրագրի դերակատարությունը ՀՀ-ում արդարադատության համակարգի ամրապնդման գործում:
Ակադեմիայի ռեկտորն իր հերթին ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման համար և նշեց, որ IRZ-ի գործընկների հետ այս ծրագրի շրջանակում շփումները չափազանց օգտակար են և հաճելի: Սերգեյ Առաքելյանը գոհունակությամբ նշեց նաև, որ ծրագրի նախապատրաստման համար ծավալուն աշխատանք է կատարվել, ինչը վստահություն է ներշնչում, որ այն արդյունավետ է լինելու:
Նիստի ընթացքում ներկայացվեցին ծրագրի միջանկյալ հաշվետվությունը և հեռանկարները:
Ծրագիրը մեկնարկել է 2021 թ.-ի հունիսին և տևելու է մեկ տարի: