ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1625

03.02.2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության ակադեմիան հայտարարում է «Քրեական իրավունքի արդի հարցեր» և «Քրեական դատավարության արդի հարցեր» առարկայական ծրագրերով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար նախապատրաստական դասընթացների մեկնարկի մասին: 


 Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս

 Ժամաքանակը՝ 3 ակադեմիական ժամ (ամսական՝ 10 դասընթաց)

 Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ) 

 Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա 

 Մեկնարկը՝ մարտի 1-ին

 Ընդհանուր արժեքը՝ 450.000 ՀՀ դրամ 


Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 20-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.

1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին, 

2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը, 

3. դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (150.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):

 

Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, ցանկության դեպքում դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն:


Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:


Առավել մանրամասն՝ կից Ուսուցման ծրագրում: 


Կոնտակտային անձ՝ Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյան, 098 00 05 50, 060 46 00 79, emma.khublaryan@justiceacademy.am

1624

23.01.2025

Երկօրյա աշխատաժողով Ծաղկաձորում

Արդարադատության Ակադեմիայի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համագործակցության շրջանակում հունվարի 18-19-ը Ծաղկաձորում անցկացվեց աշխատաժողով, որի նպատակն էր իրավապահ և արդարադատության ոլորտում խնդիրների վերհանումը, որոնք կարող են կարգավորվել առաջիկայում կազմակերպվող վերապատրաստումներին և կարողությունների զարգացմանը աջակցության շնորհիվ: 


Իր ողջույնի խոսքում Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտին արդեն գրեթե 4 տարվա արդյունավետ համագործակցության համար: Ռեկտորը շեշտեց, որ նմանատիպ ձևաչափով միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ և ընդգծեց դրա կարևորությունը:


Միջոցառումը, որը նախատեսված էր իրավապահ և արդարադատության ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր հանդիսանում են Արդարադատության ակադեմիայի դասընթացավարներ, վարում էր ԵՊՀ դասախոս, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Մարգարյանը:

1623

17.01.2025

Դիպլոմներ՝ դատախազի թեկնածուներին

Հունվարի 17-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ դատախազների թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմ ստացավ 11 շրջանավարտ: 

 


Ռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին մասնագիտական պատրաստումը հաջող ավարտելու կապակցությամբ. «Մաղթում եմ, որ ձեր ունեցած և ոչ մի հիասթափություն չլինի այնքան ծանրակշիռ, որ երբևէ մտածեք ձեր ընտրած մասնագիտության համար փոշմանելու ուղղությամբ », - նշեց ռեկտորը՝ բարի երթ մաղթելով շրջանավարտներին:

 

 Ունկնդիրների մասնագիտական պատրաստումը, ուսուցման ծրագրի համաձայն, տևել է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը:

 

Տեսանյութ - https://youtu.be/NZIbU3U1vO4
    

1622

13.01.2025

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչների այցն Ակադեմիա

Հունվարի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության տնտեսական և տեխնիկական համագործակցության կցորդ Էվան դա Կոստա Մարկեզին և դեսպանության ծրագրերի ղեկավար Մարիամ Դավթյանին:


Ռեկտորը ողջունեց հյուրերին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները:


Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և անդրադարձան այցի հիմնական նպատակին, այն է՝ «Բնապահպանական արդարադատություն» խորագրով եռօրյա դասընթացներին, որոնք նախատեսվում է կազմակերպել Ակադեմիայի աջակցությամբ և ոլորտի մասնագետների ներգրավմամբ:


Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում,մարզասենյակում և հյուրանոցում:

1621

13.01.2025

Անցկացվեց Ակադեմիայի կառավարման խորհրդի 2025 թվականի առաջին նիստը

Հունվարի 10-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Ակադեմիայի Կառավարման խորհրդի 2025 թվականի առաջին նիստը:


Նիստի ընթացքում Ակադեմիայի խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ռոտացիոն կարգով ընտրեցին Կառավարման խորհրդի նոր նախագահին: Նախագահի պաշտոնը 1 տարի ժամկետով ստանձնեց Կառավարման խորհրդի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը:


Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ներկայացմամբ՝ Կառավարման խորհուրդը նաև քննարկեց ու միաձայն ընդունեց 2025 թ-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
 

1620

30.12.2024

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 13-րդ համարը

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 13-րդ համարը, որը նվիրվում է ՀՀ քննչական կոմիտեի հիմնադրման 10-ամյա հոբելյանին: Հանդեսի այս համարում տեղ են գտել երիտասարդ հետազոտողների գիտական ուսումնասիրությունների արդյունքները:


Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով` https://aoj.am/storage/bulletin

1619

27.12.2024

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ամփոփեց Ակադեմիայի 2024 թվականի գործունեությունը

Դեկտեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն աշխատակազմի հետ հանդիպմանն ամփոփեց Ակադեմիայի 2024 թվականի գործունեությունը՝ երախտագիտություն հայտնելով աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի և ձեռքբերումների համար:


Ռեկտորի համապատասխան հրամաններով՝ Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ ստացան Ակադեմիայի հուշամեդալներ, պատվոգրեր և շնորհակալագրեր՝ Ակադեմիայի զարգացման գործում առանձնակի նվիրումի, նաև գործունեության ընթացքում բարեխիղճ, արգասաբեր աշխատանքի համար:


Ռեկտորը շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և ընտանեկան ջերմություն:

1618

23.12.2024

Տեղի ունեցավ «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» գիտագործնական մեկնաբանություններ աշխատության շնորհանդեսը

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանի, իրավաբանական գիտությունների թեկնածու, Արդարադատության ակադեմիայի դասախոս, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Գևորգ Բաղդասարյանի, Արդարադատության ակադեմիայի դասախոս, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Պետրոս Պետրոսյանի համահեղինակած «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» գիտագործնական մեկնաբանություններ աշխատության շնորհանդեսը:


Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ - ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, «Քրեական արդարադատության բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:


«Երջանիկ եմ, որ երբեմնի իմ ուսանողների, իսկ այժմ արդեն գործընկերների հետ կարողացել եմ ստեղծել այն արդյունքը, որի կապակցությամբ այսօր բոլորս հավաքվել ենք: Համոզված եմ՝ աշխատությունը կունենա կարևոր նշանակություն հատկապես պրակտիկայի զարգացման համար», - ողջույնի խոսքում նշեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:


Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ՝ իրավունքի բարեփոխումների ծրագրի շրջանակում:

1617

13.12.2024

Ճանաչողական այց Լատվիա

Սույն թվականի դեկտեմբերի 9-ից՝ եռօրյա այցով, Արդարադատության ակադեմիայի Համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Իզաբելլա Գալստյանը Ռիգայում էր՝ ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախագծի «Քրեական արդարադատության բարեփոխումները Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո» ծրագրի շրջանակում:

 

Պատվիրակության կազմում էին ԵԽ փորձագետներ, արդարադատության ոլորտի ներկայացուցիչներ:
Աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Լատվիայի Գլխավոր դատախազության, Արդարադատության ինչպես նաև Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հետ:


Հայաստանյան պատվիրակությունը այցելել է նաև Լատվիայի դատական ուսուցման կենտրոն, Ռիգայի առաջին ատյանի քաղաքային դատարան, Լատվիայի դատարանների ադմինիստրացիա:


Հանդիպումների ընթացքում կողմերն իրականացրել են փորձի փոխանակում, քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:

1616

06.12.2024

Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին

Դեկտեմբերի 6-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը դիպլոմներ հանձնեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված անձանց:


Պրոռեկտորը շնորհավորեց թեկնածուներին ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք: