ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1124

03.10.2020

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ 28.09.2020

Սեպտեմբերի 28-ի դրությամբ շարունակում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան:

 

Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով իրադրության սրման վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հայտարարությունները, միանշանակորեն ի ցույց են դնում, որ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարումը:

 

Բախվելով միջազգային հանրության այս դիրքորոշման միասնականությանը՝ ադրբեջանական կողմը դիմել է բացահայտ կեղծիքների տարածմանը՝ մեղադրելով հայկական կողմին մարտական գործողությունների սանձազերծման մեջ:

 

Մինչդեռ գոյություն ունեն անհերքելի փաստական հիմքեր առ այն, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել ագրեսիան:

 

Տարիներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն խախտել է 1994-1995թթ. անժամկետ եռակողմ համաձայնագրերով հաստատված հրադադարի ռեժիմը, մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման և հրադադարի մոնիտորինգի ամրապնդման առաջարկները՝ ուժի կիրառման հնարավորությունների պահպանման և «մեղադրանքների խաղ» տանելու համար։ Դրա վերջին վառ արտահայտումն է, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը մերժել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շփման գծի մոնիտորինգ անցկացնելու խնդրանքը, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակն է եղել թաքցնել պատերազմ սկսելու իր ծրագրերը:

 

Ադրբեջանի ներկա ագրեսիան Արցախի դեմ բնութագրվում է երկու կարևոր առանձնահատկությամբ․
Ադրբեջանի նախագահ Ալիևի մակարդակով հրապարակավ hրաժարվել է խաղաղ գործընթացից և խնդիր է դրել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով,
Երկրորդ, այս նպատակի հետապնդման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։
Հատկանշական է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Այնուհանդերձ, այս ագրեսիայի և դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունը կրել է որակական փոփոխություններ և բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Թուրքիայի ուղղակի ներկայությամբ:

 

Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին:

 

Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին և մինչ օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար:

 

Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու այդ դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:
Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։

1123

03.10.2020

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը 27.09.2020

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

 

Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

1122

24.09.2020

Հայաստանի և Շվեդիայի արդարադատության ակադեմիաների միջև ձևավորվում է համագործակցություն՝ գործողությունների հստակ ուղղություններով

Արդարադատության ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի կազմում գործող Դատական ուսուցման ակադեմիայի միջև հնարավոր համագործակցության և այդ շրջանակում իրականացվելիք գործողությունների քննարկման նպատակով սեպտեմբերի 22-ից 24-ը առցանց եղանակով անցկացվեց հանդիպում-քննարկումների շարք: Շվեդական կողմից քննարկումներին մասնակցում էին Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի միջազգային բաժնի ղեկավար, Վերաքննիչ դատարանի նախկին դատավոր Յոնաս Հոգստրոմը, նույն բաժնի ծրագրերի ղեկավար, նախկին դատախազ Լիզա Քոլստեն, Ակադեմիայի նախկին ռեկտոր, Շրջանային դատարանի ավագ դատավոր Մարիտ Բերգենդալը, Շրջանային դատարանի ավագ դատավոր Էլիզաբեթ Վաս Լոֆսթեդը, Ակադեմիայի դասընթացավարներ Ռոբերտ Սանդելը և Իլին Վինբերգը:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ողջունելով շվեդ գործընկերների համագործակցության պատրաստակամությունը, ներկայացրել է Ակադեմիայի հիմնական գործառույթները, գործունեության առաջնահերթությունները, պատասխանել հետաքրքրող հարցերին:

 

Շվեդ գործընկերների ցանկությամբ քննարկումներ են կազմակերպվել և անցկացվել նաև հայաստանյան մի շարք պետական, միջազգային կառույցների, դատաիրավական համակարգի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ներկայացվել է հայաստանյան դատական համակարգի առանձնահատկությունները, խնդիրները:

Եռօրյա հանդիպումների ընթացքում ուրվագծվել են հստակ ուղղություններ, ինչի շուրջ առաջիկայում կձևավորվի երկկողմ համագործակցությունը:

1121

22.09.2020

Առցանց հանդիպում՝ ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակում

Սեպտեմբերի 22-ին առցանց եղանակով անցկացվեց Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) «Մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում» ծրագրի միջոցառումները համակարգող հանձնաժողովի առաջին հանդիպումը:

 

Ողջույնի խոսքով հանդես եկան ԵԽ մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության ղեկավար Միխայիլ Լոբովը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

 

Արդարադատության ակադեմիայի անունից մասնակիցներին ողջունեց պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ նշելով, որ քննարկվող թեման և դրա շրջանակում մատնանշվող հարցերը խիստ արդիական են և բացառիկ կարևորություն ունեն: Անահիտ Մանասյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ-ին արդյունավետ համագործակցության համար և հակիրճ ներկայացրեց ԵԽ HELP ծրագրի շրջանակում Ակադեմիայում անցկացվող դասընթացները, մասնավորապես՝ այս պահին մշակման փուլում գտնվող «Կենսաբժշկությունը և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները» դասընթացը և առաջիկայում նախանշված դասընթացավարների վերապատրաստման կազմակերպմանն ու դասընթացի դասավանդմանն առնչվող հարցեր: «Վստահ եմ՝ համատեղ ջանքերը հաջողված կլինեն և կկարողանանք շոշափելի արդյունքներ գրանցել»,-նշեց պրոռեկտորը:

 

«Մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից` Հայաստանի համար 2019-2022թթ. գործողությունների շրջանակում, որի նպատակն է Հայաստանի օրենսդրությունը, ինստիտուտները և պրակտիկան ավելի համապատասխանեցնել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության բնագավառներում եվրոպական չափանիշներին:

1120

15.09.2020

Արդարադատության ակադեմիան 7 տարեկան է

Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 990-Ա որոշմամբ: Այս տարի տոնում ենք Ակադեմիայի հիմնադրման 7-ամյակը, ինչի կապակցությամբ Ակադեմիան շնորհավորական ուղերձներ է ստանում գործընկեր կառույցների ղեկավարներից:

1119

15.09.2020

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը և ՀՀ ոստիկանապետը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Սեպտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

 

«Այսօր որոշել ենք իրավական հիմքի վրա դնել Ակադեմիայի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությունը: Հատկանշական է, որ այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպվում է Ակադեմիայի հիմնադրման 7-ամյակի շրջանակում: Ակադեմիայի հիմնադրման օրվանից մինչ օրս Ոստիկանության հետ համագործակցությունը եղել է բավական արդյունավետ, հետայսու ավելի կնպաստենք դրա զարգացմանը: Այսօր կան ուղղություններ, որոնց շուրջ համագործակցությունը երկկողմ կարևոր և օգտակար կարող է լինել, ինչը կնպաստի Ակադեմիայի, Ոստիկանության և վերջինիս կազմում գործող կառույցների գործունեության զարգացմանը»,-նշեց ռեկտորը:

 

ՀՀ ոստիկանության պետը ջերմորեն շնորհավորեց Ակադեմիայի 7-ամյակի կապակցությամբ և կարևորեց կառույցի գործունեությունը՝ մաղթելով տևական և արգասաբեր աշխատանք: Կարևորելով հուշագրի ստորագրումը՝ Վահե Ղազարյանը նշեց, որ այն հնարավորություն կտա ձևավորել գործնական շփումների միջավայր, հատկապես՝ կրթական ոլորտում, ինչը կնպաստի Ոստիկանության ծառայողների և Ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը: «Վստահ եմ՝ այսօրվա միջոցառումն էլ ավելի կամրապնդի ընդհանուր նպատակին հասնելու ուղղությամբ մեր միասնական մոտեցումը»,- նշեց ՀՀ ոստիկանապետը:

 

Արդարադատության ակադեմիայի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության արդյունավետ զարգացման գործում ներդրած ավանդի համար ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պարգևատրեց Արդարադատության ակադեմիայի հուշամեդալով:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը, ՀՀ ոստիկանապետի համապատասխան հրամանով, արժանացավ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալի՝ ՀՀ ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու համար:

 

Միջոցառումն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

1118

02.09.2020

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն Արդարադատության ակադեմիայում

Սեպտեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը: Մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, Ակադեմիայի աշխատակազմը, հյուրեր:

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ողջունեց ներկաներին, նշելով, որ մեր պետական իրավական համակարգում մի նոր կառույց է ձևավորվում, որի շարքերը համալրում են այսօրվա շրջանավարտները: Այդ կապակցությամբ ռեկտորը շնորհավորեց Սրբուհի Գալյանին, որպես ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: «Ես մասնակցել եմ թեկնածուների թե՛ ընտրության, թե՛ մասնագիտական պատրաստման գործընթացին, ինչը հիմք է տալիս հույս հայտնելու, որ նրանք մասնագիտորեն և հոգեպես պատրաստ են ստանձնել այս բարդ ու պատասխանատու պաշտոնը»,-նշեց ռեկտորը:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորեց ներկաներին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի գործնական մեկնարկը տալու համար: «Դժվար է գերագնահատել օրենքով ընձեռված պետական այս աննախադեպ գործիքակազմի պատմական նշանակությունը: Աներկբա է՝ ՀՀ-ում սոցիալական արդարության վերականգնման գեներացված օբյեկտիվ հանրային ակնկալիքները իրացնելու լուրջ և պատասխանատու հնարավորություն է ընձեռվել: Սոցիալական արդարության վերականգման ուղղությամբ լրջագույն քայլեր ենք ձեռնարկելու նշված օրենքի իրացմամբ»,-նշեց Արթուր Դավթյանը:

 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը տևել է 8 շաբաթ՝ համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ուսուցումն անցկացվել է առցանց:

 

Դիպլոմների հանձնմանը նվիրված միջոցառումն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

1117

26.08.2020

Արդարադատության ակադեմիայի 2020թ. շրջանավարտներից ևս մեկը նշանակվել է դատավորի պաշտոնում

ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր-շրջանավարտներից ևս մեկը նշանակվել է դատավորի պաշտոնում.

 

Անի Դանիելյան - Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

 

ՀՀ Նախագահի հրամանագիրը դատավոր նշանակելու մասին.

https://www.president.am/hy/decrees/item/5066/

1116

25.08.2020

Քննարկվել են համագործակցությանն ուղղված հարցեր՝ IRZ նոր ծրագրի շրջանակում

Օգոստոսի 25-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրի ներկայացուցիչներին:

 

Ռեկտորը, ողջունելով հյուրերին Արդարադատության ակադեմիայում, նշել է, որ Ակադեմիան արդյունավետ համագործակցություն ունի միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ IRZ-ի հետ և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունն ավելի կխորանա:

 

Հյուրերը շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և ռեկտորի հետ քննարկել արդարադատության համակարգի ամրապնդմանն ուղղված նոր ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները. ծրագրի շահառուներից է Արդարադատության ակադեմիան: Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական աջակցության տրամադրմանը, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ համապատասխան ուղեցույց մշակելու անհրաժեշտությանը, ուսումնական գործընթացի գնահատման մեխանիզմների ներդրմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել գործողությունների հստակ ուղղություններ մատնանշելու նպատակով քննարկումները տեղափոխել առցանց հարթակ՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:

1115

19.08.2020

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի երրորդ համարը

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական եռալեզու հանդեսի հերթական համարը՝ Ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ: Հանդեսում տեղ են գտել ինչպես հայ, այնպես էլ Ակադեմիայի՝ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Հունգարիայի գործընկեր կառույցների ներկայացուցիչների գիտական հոդվածները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Հեղինակները միջազգային իրավունքի, հանրային իրավունքի, քրեական իրավունքի և կրիմինալոգիայի, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի, նաև մասնագիտական պատրաստման և վերապատրաստման շրջանակում քննության են առել արդիական մի շարք խնդրահարույց հարցեր:

 

«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսը լույս է տեսնում տարին երկու անգամ՝ իր շուրջը համախմբելով մասնագիտական հիմնախնդիրներով զբաղվող գիտնականների Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից: