Արդարադատության ակադեմիայի 2020թ. շրջանավարտներից ևս մեկը նշանակվել է դատավորի պաշտոնում
ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Արդարադատության ակադեմիայի 2020 թվականի ունկնդիր-շրջանավարտներից ևս մեկը նշանակվել է դատավորի պաշտոնում.
Լուսինե Ալավերդյան -Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ Նախագահի հրամանագիրը դատավոր նշանակելու մասին.
Մեկնարկել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը
Նոյեմբերի 9-ին մեկնարկել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020թ. երկրորդ խմբի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը՝ առցանց եղանակով:
Ուսուցումն անցկացվում է Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված և Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված համապատասխան ուսուցման ծրագրով, ըստ որի ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 122 ակադեմիական ժամ է:
Մեկնարկել է դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստումը
Հոկտեմբերի 26-ին մեկնարկել է դատախազների թեկնածությունների 2020-2021թթ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է 32 ունկնդիր: Ուսումնառության տևողությունը 8 ամիս է՝ ներառյալ փորձաշրջանը:
Ուսուցումն անցկացվում է համապատասխան ուսուցման ծրագրով, որը նպատակաուղղված է ունկնդիրների մոտ դատախազի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը ընդհանուր և հատուկ մասնագիտական ոլորտներում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ուսուցումն անցկացվում է առցանց:
Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուներին
Հոկտեմբերի 20-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց 2020 թվականի առաջին խմբի ունկնդիրների դիպլոմների հանձնման արարողությունը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այս օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին հերոսաբար նահատակված հայորդիների հիշատակը:
«Պայմանները, որոնցում մենք կազմակերպեցինք ձեր մասնագիտական պատրաստումը, աննախադեպ էին, բայց վստահեցնում եմ՝ ձեր մասնակցությամբ ցույց տվեցիք, որ միևնույն է՝ ուժեղ ենք և կարող ենք համավարակի, անգամ պատերազմի ծանր պայմաններում կազմակերպել և իրականացնել նման կարևոր գործընթաց»,-դիմելով քննիչի թեկնածուներին՝ նշեց ռեկտորը և շնորհավորեց շրջանավարտներին ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ:Ռեկտորի խոսքով՝ քննիչի աշխատանքը չափազանց բարդ ու պատասխանատու է և հիմնաքարային դեր ունի քրեական արդարադատությունում: «Լիահույս եմ՝ այստեղ ձեռքբերած գիտելիքները, կարողությունները, հմտությունները կնպաստեն, որ մեր երկրում քրեական արդարադատությունը զարգանա և կատարելագործվի»,-նշեց ռեկտորը և մասնագիտական աշխատանքում շրջանավարտներին կանաչ ճանապարհ մաղթեց, իսկ մեր երկրին՝ խաղաղություն:
Քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումն անցկացվել է համապատասխան ուսուցման ծրագրով՝ 2020 թվականի մայիսի 4-ից սեպտեմբերի 29-ը՝ ներառյալ փորձաշրջանը:
Այսօրվա միջոցառումն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
Դիպլոմներ՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին
Հոկտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ դատավորների թեկնածուների հավակնորդների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ակադեմիայում տոնական հանդիսություն չէր կազմակերպվել:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել այս օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին զոհված հայորդիների հիշատակը:
Ռեկտորը շնորհավորեց մասնագիտական պատրաստումը հաջող ավարտելու կապակցությամբ և շրջանավարտներին հանձնեց դիպլոմները: Ռեկտորի խոսքով՝ անգամ նման պայմաններում Ակադեմիայի գործունեությունը բնականոն ընթացքով ապահովելը ևս վկայում է մեր պետության ու ազգի ուժեղ լինելու և ոչ մի դեպքում չընկճվելու մասին: «Ուզում եմ հավատալ, որ այստեղ ձեռքբերած գիտելիքները, հմտություններն այնպես կկիրառեք, որ ձեզանով հպարտանալու շատ առիթներ կունենանք»,-նշեց ռեկտորը:
Շրջանավարտներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին համավարակի պայմաններում մասնագիտական պատրաստումը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:
Միջոցառումն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
Դիպլոմներ՝ դատախազների թեկնածուներին
Հոկտեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ 2020 թվականի դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը: Ներկա էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ Գևորգ Բաղդասարյանը (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ), Եղիազար Ավագյանը (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ), Ակադեմիայի աշխատակիցները:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն առաջարկեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել այս օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին զոհված քաջարի հայորդիների հիշատակը, ապա վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը միշտ հաղթել է և այսօր էլ վճռական է հաղթելու:
Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող պատերազմը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ առաջին անգամ դիպլոմների հանձնման կապակցությամբ տոնական հանդիսություն չէր կազմակերպվել: «Սա մեզ պարտադրված պատերազմ է, որը մենք հաղթելու ենք: Այս պայմաններում առավել քան կարևորվում է նման գործընթացների կազմակերպումը: Մեր բնականոն աշխատանքը ևս մեր հաղթանակի բաղկացուցիչներից է:Այսուհետ դուք շատ կարևոր գործ եք կատարելու մեր երկրում օրինականության, իրավակարգի ամրապնդման ուղղությամբ, ինչը ևս հաղթանակի ամրապնդման համար չափազանց կարևոր է: Միաժամանակ խնդրում և պահանջում եմ մեր շրջանավարտներին իրենց գործունեությամբ բարձր պահել նաև Ակադեմիայի պատիվը»,-նշեց ռեկտորը:
«Բարդ իրավիճակում եք անցել ուսումնառությունը՝ համավարակի պայմաններում, հիմա էլ պատերազմական իրավիճակում դիպլոմ եք ստանում, դրան հաջորդող պայմաններում էլ պետական ծառայություն եք ստանձնելու, ինչը պիտի անեք մեծ պատասխանատվությամբ ու հստակ գիտակցմամբ»,-նշեց Գևորգ Բաղդասարյանը և շնորհավորեց շրջանավարտներին ու հավաստիացրեց՝ հաղթելու ենք:
Խմբում ընդգրկված ունկնդիրներից Արա Դավթյանը ներկա չէր դիպլոմների հանձնմանը, քանի որ այս պահին սահմանագծին է: Ռեկտորը խաղաղություն մաղթեց մեր երկրին՝ հավաստիացնելով, որ պատերազմի ավարտից հետո նրան առանձնահատուկ պայմաններում կհանձնվի դիպլոմը:
Միջոցառումն անցկացվեց համակամաճարակային կանոնների պահպանմամբ:
Մեկնարկեց դատավորների և դատախազների վերապատրաստումը
9-րդ օրն է՝ շարունակվում է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան։ Պատերազմական այս իրավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության այս պայմաններում Արդարադատության ակադեմիան շարունակում է լիարժեք գործել՝ իրականացնելով օրենքով սահմանված իր գործառույթները։
Հոկտեմբերի 5-ին մեկնարկեց դատավորների և դատախազների վերապատրաստումը: Ունկնդիրների թվում են քրեական մասնագիտացմամբ 15 դատավոր և 26 դատախազ : Վերապատրաստումն անցկացվում է Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրով:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ վերապատրաստումն անցկացվում է առցանց:
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված համատեղ կոչի վերաբերյալ 02.10.2020
Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:
Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել Է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի:
Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը 01.10.2020
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորում։
Ավելի ուշ ՀՀ օդային տարածք են ներխուժել հակառակորդի ԱԹՍ-ները և հետախուզական թռիչքներ իրականացրել ՀՀ մայրաքաղաք Երևանի մոտակայքում: Բոլոր ԱԹՍ-ները ՀՕՊ կողմից ոչնչացվել են:
Հատկանշական է, որ Ադրբեջանը գնում է հետագա սրացման մարտական գործողություններն անհապաղ դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունից ժամեր անց:
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի այս գործողությունները և գնահատում դրանք՝ որպես հակամարտության հետագա սրացման քայլ։ Թուրքիայի հրահրմամբ և ուղղակի աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք՝ որպես պատասխան միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղություն հաստատելու կոչերին և ջանքերին:
Հակամարտության հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ 29.09.2020
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով և խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:
Թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:
Թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:
Միջազգային հանրությունը կոչ է արել արտատարածաշրջանային ուժերին ձեռնպահ մնալ հակամարտությունը բորբոքելու քայլերից, և Թուրքիան պետք է անսա այս կոչերին:
Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ գործողությունները և պահանջում թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց: