Տեղի ունեցավ «Աջակցություն դատական բարեփոխումներին» ծրագրի համակարգող խորհրդի նիստը
Դեկտեմբերի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց «Աջակցություն դատական բարեփոխումներին» ծրագրի համակարգող խորհրդի նիստին, որն անցկացվում էր առցանց եղանակով:
Ռեկտորը ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները, արձանագրված արդյունքները: Նիստին մասնակցում էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ վճռաբեկ դատարանից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակից և այլն:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի» շրջանակում:
Ծրագիրը շարունակվելու է մինչև 2022 թվականի օգոստոս: Քննարկվեց և ընդունվեց նաև 2022թ.-ի աշխատանքային ծրագիրը:
Սեմինար դատավորների համար՝ նվիրված էլեկտրոնային արդարադատությանը
Դեկտեմբերի 10-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ սեմինար դատավորների համար՝ «Էլեկտրոնային կառավարում և թվային կառավարման գործիքները» թեմայով: Սեմինարը վարում էին փորձագետներ Սուրեն Քրմոյանը (իրավաբան) և Մերի Շերոյանը (ՏՏ մասնագետ):
Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Դատական գործերի և դատարանների կառավարման վերաբերյալ սեմինար դատավորների համար
Դեկտեմբերի 3-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար դատական գործերի և դատարանների կառավարման վերաբերյալ: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմինարն անցկացնում էր ԵՄ ծրագրի միջնաժամկետ փորձագետ, Ռիգայի ռեգիոնալ դատարանի դատավոր Սվետլանա Բելյաևան: Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ:
Դասընթացավարների վերապատրաստում՝ «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքար» թեմայով
Դեկտեմբերի 1-3-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվում է «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքար» թեմայով վերապատրաստում: Նպատակն է՝ պատրաստել դասընթացավարներ վերոնշյալ դասընթացի անցկացման համար: Այն իրականացնում է Ակադեմիան՝ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ համատեղ:
Մասնակցում են դատախազներ, քննիչներ, ներկայացուցիչներ Ակադեմիայի աշխատակազմից և քաղաքացիական հասարակությունից: Դասընթացը վարում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ատելության հողի վրա հանցագործությունների հարցերով պատասխանատու Վիկտոր Կունդրակը և ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, PAHCT հավաստագրված միջազգային դասընթացավար Նունե Հայրապետյանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ հատկապես այս օրերին Հայաստանի համար խիստ արդիական է ատելության շարժառիթներով կատարվող հանցագործությունների և դրա դեմ պայքարի վերաբերյալ ավելի լայն, խորացված պատկերացումներ ունենալը:
Վիկտոր Կունդրակը շնորհակալություն հայտնեց Ակադեմիային աջակցության համար և հույս հայտնեց, որ դասընթացը կլինի արդյունավետ:
Քննական օր դատախազի թեկնածուների համար
Նոյեմբերի 30-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց 2021-2022թթ. դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննաշրջանը: Քննությունն անցկացվեց թեստային եղանակով:
Ունկնդիրների այս խմբի մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս (2021 թվականի նոյեմբերի 1-ից 2022 թվականի մայիսի 31-ը)՝ ներառյալ փորձաշրջանը:
Դասընթաց՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում
Նոյեմբերի 29-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Պրոբացիայի շահառուների մասնակցությամբ դատարանի լուծման ենթակա հարցերի իրավական կարգավորումները» թեմայով դասընթաց: Այն կազմակերպել էր Ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համատեղ, ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում: Մասնակցում էին Ակադեմիայի ունկնդիրները՝ դատավորների թեկնածուների հավակնորդները:
Դասընթացից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ԵԽ վերոնշյալ ծրագրի ղեկավար Արման Պողոսյանը: Ռեկտորը երախտագիտություն հայտնեց ԵԽ գործընկերներին նման նախաձեռնության, իսկ ունկնդիրներին՝ դրսևորած հետաքրքրության համար՝ միաժամանակ կարևորելով քննարկվող թեման:
Դասընթացը վարում էին Ակադեմիայի դասընթացավարներ, ԵԽ ազգային փորձագետներ Արսեն Նիկողոսյանը և Դավիթ Թումասյանը:
Պրոբացիային նվիրված այս դասընթացը նաև ներառված է Ակադեմիայի հաջորդ տարվա ուսումնական ծրագրում:
Սեմինար՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի առկա հարցերին
Նոյեմբերի 25-ից 26-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի առկա հարցերին: Սեմինարը կազմակերպել էր Ակադեմիան՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համատեղ՝ ԵԽ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Մասնակցում էին ՀՀ տարբեր արտյանների դատարանների դատավորներ: Սեմինարը վարում էին Արդարադատության ակադեմիայի դասընթացավարներ, ԵԽ տեղական փորձագետներ Հրայր Ղուկասյանը և Դավիթ Մելքոնյանը:
Հաշտարարության վերաբերյալ սեմինար դատավորների համար
Նոյեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց հաշտարարության վերաբերյալ սեմինար դատավորների համար: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Սեմինարը վարում էին արտոնագրված հաշտարարներ Մարիամ Մկրտիչյանը և Կարինե Պողոսյանը:
Ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին՝ առաջին քննաշրջանին ընդառաջ
Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների առաջին քննաշրջանին ընդառաջ և ձևավորված ավանդույթի համաձայն՝ նոյեմբերի 23-ին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց 2021-2022թթ. դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հետ:
Ռեկտորը ներկայացրեց քննությունների անցկացման, գնահատման, արդյունքների բողոքարկման կարգերի առանձնահատկությունները:
Խմբում ընդգրկված դատախազի 23 թեկնածուները քննությունը կհանձնեն նոյեմբերի 30-ին՝ թեստային տարբերակով:
Սեմինարներ քրեական մասնագիտացմամբ դատավորների համար
Նոյեմբերի 13-ին և 20-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեցին սեմինարներ «Համաձայնեցման և համագործակցության վարույթների տեսագործնական հիմնախնդիրները» և «Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը ՀՀ քրեական դատավարությունում» թեմաներով: Կազմակերպել էր Ակադեմիան՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի հետ համագործակցությամբ:
Սեմինարները վարում էր Ակադեմիայի դասընթացավար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանը: Մասնակցում էին քրեական մասնագիտացմամբ դատավորներ: