Համագործակցության հուշագիր՝ Ակադեմիայի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ի միջև
Փետրվարի 4-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիր: Նպատակն է նպաստել համատեղ ծրագրերի իրականացման միջոցով թրաֆիքինգի դեմ պայքարում քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մասնագիտական կարողությունների հզորացմանը:
Ռեկտորը ողջունեց գործընկերներին և շնորհակալություն հայտնեց նախաձեռնությանն աջակցելու համար: «Թրաֆիքինգի դեմ պայքարը համայն մարդկության առջև ծառացած լուրջ խնդիր է, ցավոք, դրանից անմասն չէ նաև Հայաստանը: Այս չափազանց կարևոր նախաձեռնության շրջանակում մշակվելու են դասընթացներ, ուսումնաօժանդակ նյութեր, որոնք էլ ներդրվելու են ուսումնական գործընթացում»,- նշեց ռեկտորը:
Ռաֆի Դուդակլյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց գործընկերոջը և շեշտեց, որ «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ը, հաշվի առնելով Ակադեմիայի գործառույթների լայն շրջանակը, ընտրել է ճիշտ գործընկեր թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ իրավապահ բոլոր օղակներին գիտելիքներ փոխանցելու հարցում: