ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Քննարկվեցին համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրին առնչվող հարցեր

29.11.2017

Նոյեմբերի 29-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:

 

Ակադեմիայի հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը հյուրերին ներկայացրեց համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես՝ հաջողությամբ ավարտվում է «Փախստականների իրավունք» հեռաուսուցման դասընթացի շրջանակում նախատեսված 2017 թվականի վերապատրաստումը, որին մասնակցում է 38 ունկնդիր՝ 32 դատավոր և 6 դատախազ:

 

Արտաշես Խուրշուդյանը նշեց, որ վերապատրաստման դասընթացի ավարտին կամփոփվեն արդյունքները և կներկայացվեն գործընկեր կառույցին՝ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակին, որի հետ համագործակցության արդյունքում է ստեղծվել հիշյալ դասընթացը: Ավելին՝ նախատեսվում է նաև կազմակերպել հանդիպում, որին կմասնակցեն վերապատրաստում անցած ունկնդիրները և դասընթացը մշակած փորձագետներն ու դասախոսները՝ քննարկելու թեմային առնչվող հարցեր:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հարցեր մշակման փուլում գտնվող հեռաուսուցման ևս մի նոր դասընթացի վերաբերյալ, այն է՝ «Փախստականների իրավունք քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար»: Այն առաջիկայում պատրաստ կլինի և կներդրվի 2018 թվականի սեպտեմբերին: Արտաշես Խուրշուդյանն իր խոսքում հատուկ շեշտեց՝ որ Ակադեմիան մեծապես հետաքրքրված է, որ մշակվող յուրաքանչյուր դասընթաց մաքսիմալ հետաքրքիր և արդյունավետ լինի վերապատրաստվողների համար:

 

ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք հետևողական են իրականացվող ծրագրի ընթացքին, արդյունքներին և պատրաստ են աջակցել դրա լավագույն ու արդյունավետ իրագործմանը: