Արդարադատության ակադեմիայի ռեկտորը մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) -ի ֆորումին, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
2026 թվականի հոկտեմբերի 14-15-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից կազմակերպված Մտավոր սեփականության դատավորների 2026 թվականի ֆորումին (2026 WIPO Intellectual Property Judges Forum)։
Հոկտեմբերի 14-ի քննարկումների առանցքում եղել են մտավոր սեփականությունը և արհեստական բանականությունը, արհեստական բանականության կիրառման հիմնախնդիրները դատական վարույթներում։
Հոկտեմբերի 15-ի մասնագիտական ծրագիրը շարունակվել է բարձրագույն դատական ատյանների՝ մտավոր սեփականության իրավունքի զարգացման գործում ունեցած դերի քննարկմամբ։ Քննարկվել են նաև ապրանքային նշանների օգտագործման, արդար մրցակցության, սպառողների պաշտպանության և արտահայտվելու ազատության միջև հավասարակշռության հարցերը։
Նույն օրը Արդարադատության ակադեմիայի ռեկտորը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դատական համակարգի ներկայացուցիչների՝ Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանի խորհրդական-զեկուցող և Միասնական արտոնագրային դատարանի դատավոր Մելանի Բեսոյի, Փարիզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մալիկ Շապյուի և նույն դատարանի երրորդ պալատի երրորդ բաժանմունքի նախագահ Ժան-Քրիստոֆ Գայեի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային դատական և կրթական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։
Այցի կարևոր արդյունքներից է եղել 2026 թվականի հոկտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը WIPO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Պասկալ Ֆորի հետ։
Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը, նույն դատարանի դատավորներ Աննա Շիլաջյանը, Անի Աթանեսյանը և Գրիգորի Վարդանյանը, Սնանկության դատարանի դատավոր Ինգա Բարսեղյանը։
Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել WIPO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Պասկալ Ֆորը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը։ Ելույթներում կարևորվել են մտավոր սեփականության ոլորտում դատավորների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, միջազգային փորձի փոխանակումը, WIPO-ի ու Հայաստանի դատական և դատաիրավական կրթության ոլորտների միջև համագործակցության հետագա խորացումը։