Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների չորրորդ խմբի ունկնդիրներին
Հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված 4-րդ խմբի ունկնդիրներին:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Բավականին բարդ ու պատասխանատու ուղի եք ընտրել։ Քննիչի աշխատանքը մեծագույն նվիրում է պահանջելու, սակայն լիահույս եմ, որ ձեր գործին կվերաբերվեք ամենայն լրջությամբ: Դուք ունեք հստակ պարտականություններ հասարակության ու պետության առջև, և վստահ եմ, որ այդ ծանր, բայց պատվաբեր բեռը կկրեք մեծագույն պատասխանատվությամբ»,– նշեց ռեկտորը՝ շրջանավարտներին մաղթելով անփորձանք ծառայություն:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 16 ունկնդիր, որոնք, համապատասխան ուսուցման ծրագրով, մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի օգոստոսի 3-ից հոկտեմբերի 14-ը: