Կայացավ HELP դասընթացի մեկնարկային միջոցառումը
Հուլիսի 22-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակում կազմակերպված «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» խորագրով HELP դասընթացի մեկնարկային հանդիպումը:
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը և HELP ծրագրի ազգային որակավորված դասընթացավար, փորձագետ Սերգեյ Ղազինյանը:
«Թեման իսկապես արդիական է և խիստ կարևոր, որովհետև հոգեկան առողջության ոլորտում գործ ունենք խոցելի կարգավիճակ ունեցող անձանց հետ: Նրանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ոչ միայն համապատասխան մասնագիտական գիտելիքների ու կարողությունների առկայություն, այլև հետևողական ու զգայուն մոտեցում։ Եվրոպայի խորհրդի ներկայացրած ծրագիրը ոչ միայն ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումները, այլև ամբողջովին համապատասխանեցված է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգին ու ինստիտուցիոնալ առանձնահատկություններին, ինչի շնորհիվ էլ այն մեծապես կնպաստի մասնակիցների մասնագիտական գիտելիքների առավել կատարելագործմանն ու դրանց գործնականում արդյունավետ կիրառությանը»,- նշեց ռեկտորը և շնորհակալություն հայտնեց ԵԽ-ին նման նախաձեռնության համար:
Սերգեյ Ղազինյանն իր հերթին ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Ակադեմիային շարունակական ու արդյունավետ համագործակցության համար և ընդգծեց, որ դասընթացը մշակվել է հատուկ հայաստանյան ծրագրերի շրջանակում: Դա ենթադրում է, որ մինչև դասընթացի մեկնարկն իրականացվել են Հայաստանում առկա վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ, ինչն էլ հնարավորություն է ընձեռում դասընթացը նախատեսել տարբեր ոլորտների մասնագետների համար:
Միջոցառմանը մասնակցում էին դատավորներ, HELP ծրագրի ներկայացուցիչներ և Ակադեմիայի աշխատակիցներ: