Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների երրորդ խմբի ունկնդիրներին
Հուլիսի 20-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2026 թվականի ցուցակում ընդգրկված 3-րդ խմբի ունկնդիրներին:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Ուզում եմ, որ դուք ձեր նոր կարգավիճակում նորանոր հաջողություններ գրանցեք, բայց հիշեք, որ հաջողությունները, որոնք ապագայում արձանագրելու եք, ոչ միայն գիտելիքի, գործնական հմտությունների ու կարողությունների արդյունք են լինելու, այլև ձեր ազնվության, նվիրված աշխատանքի, պարտքի և պատասխանատվության բարձր զգացման: Վստահ եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը հենց այդ արժեքներով է մոտենալու այն կարևոր առաքելությանը, որը դուք շուտով ստանձնելու եք»,– նշեց ռեկտորը՝ շրջանավարտներին մաղթելով անփորձանք ծառայություն:
Տաթևիկ Սուջյանն ընդգծեց ևս մեկ կարևոր խորհրդանշական հանգամանք, որ դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունենում հերոս Գևորգ Արշակյանի անվան լսարանում, ով սեփական կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը։ Դա ամենևին պատահական ընտրություն չէ, քանի որ այս խորհրդանշական միջավայրում դիպլոմ ստացող շրջանավարտներն իրենց հերթին պատրաստվում են իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին։
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 36 ունկնդիր, որոնք, համապատասխան ուսուցման ծրագրով, մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի ապրիլի 27-ից հուլիսի 8-ը: