Հանդիպում-քննարկում Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչների հետ
Հուլիսի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի պատվիրակությանը, որի կազմում էին հայաստանյան գրասենյակի ղեկավար (ՌՎԻ) Լաուրա Միլնը և գրասենյակի ղեկավարի տեղակալ Արման Գասպարյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են հետագա համագործակցության մի քանի առանցքային ուղղություններ, մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել էկոլոգիական իրավունքի և կլիմայական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված նոր ուսումնական մոդուլ, որը նախատեսվում է ներառել դատավորների վերապատրաստման ծրագրերում, ինչպես նաև ներդնել համապատասխան էլեկտրոնային ուսուցման (e-learning) հարթակ: Կողմերը պայմանավորվել են իրականացնել համատեղ հետազոտություն այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հիմնախնդիրների վերաբերյալ, որի շրջանակում կկազմակերպվեն գործնական աշխատաժողովներ դատաիրավական համակարգի և պրոբացիայի ծառայության մասնագետների մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Ակադեմիայի գործող ուսումնական ծրագրերի կատարելագործմանը՝ դրանցում մարդու իրավունքների ու գենդերային զգայունության բաղադրիչների վերանայման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով: Կողմերը քննարկել են նաև արդարադատության համակարգում արհեստական բանականության կիրառման իրավական հարցերի և արդի միտումների վերաբերյալ կրթական բաղադրիչների ներդրման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչ տարեվերջ շարունակել աշխատանքային քննարկումները՝ նշված ուղղություններով հստակ գործողությունների ծրագիր և համատեղ օրակարգ ձևավորելու համար: