Հանդիպում-քննարկում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ
Հունիսի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը, որի կազմում էին ԱԶԲ-ի գլխավոր խորհրդատուի օգնական Քրիստինա Պակը և մասնավոր հատվածի զարգացման գծով գլխավոր մասնագետ Նարինե Ավետիսյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արդարադատության ակադեմիայի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության և նոր կրթական նախաձեռնությունների իրականացման հեռանկարները՝ ընդգծելով նման գործընկերության կարևորությունը Ակադեմիայի ինստիտուցիոնալ զարգացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման տեսանկյունից։
Կողմերը համաձայնության են եկել համագործակցության երկու առաջնահերթ ուղղությունների շուրջ։ Առաջինը վերաբերում է սնանկության իրավունքի ոլորտում դատավորների մասնագիտական կարողությունների զարգացմանը, որի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացնել մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ՝ հաշվի առնելով ոլորտի նոր իրավական կարգավորումներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները։ Երկրորդ ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել էկոլոգիական իրավունքի և կլիմայական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված նոր ուսումնական մոդուլ, որը նախատեսվում է ներառել դատավորների վերապատրաստման ծրագրերում։
Հանդիպման ընթացքում ռեկտորը կարևորել է նաև Արդարադատության ակադեմիայի թվայնացման գործընթացը։ Այդ համատեքստում քննարկվել են միջազգային գործընկերների աջակցությամբ Ակադեմիայի էլեկտրոնային կրթական հարթակի ներդրման հնարավորությունները։
Այցի շրջանակում պատվիրակության անդամները շրջայց են կատարել Ակադեմիայում, ծանոթացել ուսումնական միջավայրին, առկա կարողություններին և զարգացման հեռանկարներին։