Շնորհավորանք ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի առթիվ
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի առթիվ.
Հարգելի՛ տիկին Թադևոսյան,
Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, դատավորներին և դատական ողջ համակարգին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ:
Հարգելի՛ գործընկերներ, այս հոբելյանն առիթ է ամփոփելու և վերարժևորելու դատարանի անցած ճանապարհը: 25 տարիների ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը գնահատելի աշխատանք է կատարել և շարունակում է կատարել դատարանի գործունեության կազմակերպման, իրավունքի կատարելագործման, նախադեպերի ձևավորման առումներով՝ ստանձնելով օրենքի գերակայության պատվարի դերը մեր հասարակության համար:
Հավատացած եմ՝ դատարանը կշարունակի արդյունավետորեն կատարել Սահմանադրությամբ տրված բարձր առաքելությունը՝ նպաստելով իրավունքահեն դատական համակարգի կայացմանը:
Մեծապես կարևորում եմ Արդարադատության ակադեմիայի և ՀՀ վճռաբեկ դատարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Վստահ եմ, որ այս տարիների ընթացքում ձևավորված գործընկերային հարաբերությունները հետագայում ևս ավելի կամրապնդվեն և կզարգանան:
Հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի հիմնադրման կապակցությամբ և մաղթում առողջություն, հաջողություն, անսպառ ուժ և եռանդ ձեր պատվաբեր գործում: Թող ձեր նվիրումն ու մասնագիտական բարձր հատկանիշները նպաստեն ավելի արդարադատ պետություն ունենալու մեր միասնական նպատակին:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյան