Ալբանիայի դատավորների և դատախազների դպրոցի պատվիրակության այցն Արդարադատության ակադեմիա
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով մայիսի 25-26-ը Երևանում էր Ալբանիայի Հանրապետության դատավորների և դատախազների դպրոցի պատվիրակությունը՝ տնօրեն Արբեն Ռաքիփիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին դասընթացավարներ Դաշամիր Քորըն, Հենրիկ Լիգորին, Ամարիլդո Լաչին, ֆինանսական գծով տնօրենի տեղակալ Էլա Չոքայը, Մասնագիտական պատրաստման բաժնի ղեկավար Էրիոլա Մուրան և Ինտեգրման, նախագծերի և արտաքին հարաբերությունների բաժնի մասնագետ Յոնիդա Դրագոթին:
Այցի նպատակն էր իրավական հիմքերի վրա դնել երկու կառույցների միջև համագործակցությունը և քննարկել հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը:
Օրակարգը հագեցած էր. առանձնազրույց անցկացվեց կառույցների գործունեության հիմնական ուղղությունների, համագործակցության հեռանկարների քննարկման նպատակով, հյուրերը շրջայց կատարեցին և ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, տնօրեն Արբեն Ռաքիփին դասախոսությամբ հանդես եկավ դատավորների թեկնածուների հավակնորդների համար, և ստորագրվեց համագործակցության վերաբերյալ հուշագիր:
«Բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ հուշագրի ստորագրումը ձևական բնույթ կրող գործընթաց չէ. Ակադեմիան համագործակցության շրջանակներում իրականցնում է կոնկրետ քայլեր, որոնք մեր գործընկների հետ համատեղ աշխատանքի արդունքում նպաստում են դրական նվաճումներ ունենալուն»,- հուշագրի ստորագրման արարողության մեկնարկին նշեց ռեկտոր Առաքելյանը:
«Սա մեր համագործակցության առաջին քայլն է: Համոզված եմ` հետագայում արձանագրելու ենք դրական արդյունքներ»,- նշեց Դպրոցի տնօրեն Ռաքիփին և շնորհակալություն հայտնեց Սերգեյ Առաքելյանին նախաձեռնողականության և հրավերի համար:
Ալբանիայից ժամանած պատվիրակության անդամները Հայաստանում էին առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն էր ստեղծվել ճանաչողական այցերի միջոցով ծանոթանալ մեր երկրին և մշակույթին:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=TNmxCbhg4XY