Դիպլոմներ քննիչի թեկնածուներին
Փետրվարի 10-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի 15 ունկնդիր-շրջանավարտների՝ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնմանը: Ակադեմիան ճանապարհեց շրջանավարտների հերթական սերնդին, որն առաջինն է Քննչական կոմիտեի համար: Շրջանավարտներից հինգը հենց այսօր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, նշանակվեցին քննիչի պաշտոնում:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ընդգծեց նորավարտ կադրերի աշխատանքում տեսական և հատկապես գործնական գիտելիքի անփոխարինելի դերը: Պարոն Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման կազմակերպման կապակցությամբ:
«Արդարադատության իրականացման ողջ գործընթացը, քննիչի բոլոր գործողությունները կարգավորված են միմիայն օրենքով: Յուրաքանչյուր հասարակությունում, պետությունում քննիչի աշխատանքն այնքանով է արժևորվում, որ նրա գործողությունները կանոնակարգվում են միայն ու միայն օրենքով: Մեզանում չկա քննչական գործողության, ապացույցների ձեռքբերման որևէ ընթացակարգ, որ կանոնակարգվի մեկ այլ նորմատիվ ակտով, առավել ևս՝ գերատեսչական կամ ենթաօրենսդրական ակտով: Միշտ պետք է գիտակցեք, որ յուրաքանչյուր խախտում բացթողում օրենքի խախտում է: Դուք դա արդեն գիտեք, անցել եք համապատասխան վերապատրաստում և պատրաստ եք համալրելու քննչական բանակը», - խոսքն ուղղելով շրջանավարտներին՝ ասաց Ա.Հովսեփյանը և հույս հայտնեց, որ Ակադեմիայի այսօրվա շրջանավարտը վաղը կկարողանա առավել պրոֆեսիոնալ կատարել իր մասնագիտական առաքելությունը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն իր հերթին նշեց, որ ակադեմիան շահագրգիռ է՝ քննչական ոլորտում մրցունակ կադրեր պատրաստելու հարցում: Նրա խոսքով՝ ակադեմիայի ուսուցման ծրագրերը կազմելիս հաշվի են առնվել քննչական աշխատանքի առանձնահատկությունները:
Հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ քնննչական կոմիտեի նախագահը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին պարգևատրեց <<Համագործակցության համար>> մեդալով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտորի հրամաններով քննիչների պատրաստման և վերապատրաստման գործում աչքի ընկած մի քանի դասախոսներ արժանացան շնորհակալագրերի:
Լուսանկարները՝ www.investigative.am-ի