ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ակադեմիայում տրվեց դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստման մեկնարկը

31.08.2015

Օգոստոսի 31-ից մեկնարկել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց նոր խմբի մասնագիտական պատրաստումը: Այն տևելու է շուրջ 9,5 ամիս (ներառյալ փորձաշրջանը): Խմբում ընդգրկված է դատավորի 11 թեկնածու՝ վարչական և քաղաքացիական մասնագիտացումներով:

 

Օրը տոնական էր ոչ միայն դատավորի թեկնածուների համար: Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան Եվրոպայի Խորհրդի HELP ծրագրի շրջանակում հեռաուսուցման եղանակով իրականացված վերապատրաստման 1-ին փորձնական դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ավարտական վկայագրեր հանձնեց: Նշենք, որ վերապատրաստմանը մասնակցել են դատավորներ, դատախազներ, դատավորի օգնականներ, քննիչներ: Դասընթացը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Հինգ շաբաթվա ընթացքում մասնակիցները առցանց յուրացրել են թեման, կատարել առաջադրանքները, հանձնել ավարտական թեստը:

 

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնակիցներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այս ծրագիրը մեծ կարևորություն ունի: «Հեռաուսուցման եղանակով վերապատրաստում իրականացնելը բարդ խնդիր է և մեծ պատասխանատվություն է պահանջում, բայց մենք այդ ճանապարհն ենք ընտրել: Մենք առաջինն ենք, որ փորձարկեցինք հեռաուսուցման այս կուրսի հայերեն տարբերակը, որը և հաջողությամբ ավարտվեց»,-ասաց ռեկտորը: 

 

Միջոցառման ավարտին Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը հանդես եկավ դասախոսությամբ: