Մեկնարկել է հեռաուսուցման եղանակով 1-ին փորձնական դասընթացը
Հունիսի 30-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցած միջոցառման ընթացքում տրվեց Եվրոպայի Խորհրդի HELP ծրագրի շրջանակում հեռաուսուցման եղանակով իրականացվող առաջին փորձնական դասընթացի մեկնարկը: Առաջին խմբում ընդգրկված է 11 մասնակից՝ դատավորներ, դատախազներ, դատավորի օգնականներ, քննիչներ:Դասընթացը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Հինգ շաբաթվա ընթացքում մասնակիցները պետք է առցանց յուրացնեն թեման և կատարեն առաջադրանքները:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ծրագրի համակարգող Կամիլա Գանգլոֆը, Մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը, ԵԽ հայաստանյան ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը:
Ողջունելով հյուրերին և երախտագիտություն հայտնելով Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին արդյունավետ համագործակցության համար՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Ակադեմիան ցանկանում է քայլել ժամանակին համընթաց, այդ պատճառով չափազանց կարևորում է ժամանակակից կրթական ոլորտում հեռաուսուցման դերը, թեև գիտակցում է, որ ճիշտ մեթոդաբանության ընտրության դեպքում է միայն հնարավոր կազմակերպել արդյունավետ հեռաուսուցում: Պատահական չէ, որ Ակադեմիան 2014 թվականի հոկտեմբերին ընդունել է հեռաուսուցման ռազմավարություն:
Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի խոսքով՝ HELP ծրագիրը հեռաուսուցման անվճար հարթակ է Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների իրավական ոլորտի մասնագետների համար: Տիկին Վուտովան ուրախությամբ նշեց, որ Արդարադատության ակադեմիան ակտիվորեն մասնակցում է այս ցանցի աշխատանքներին: Այդ առումով Ն. Վուտովան հատուկ ընդգծեց Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետի ներգրավվածությունը առկա և հեռավար ուսուցման եղանակներով վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար հատուկ ուղեցույցի մշակման աշխատանքներին, ինչպես նաև կարևորեց Գիտահետազոտական վարչության պետի աշխատանքը՝ որպես HELP ծրագրի տեղական համակարգող: Տիկին Վուտովան առաջին խմբի մասնակիցներին հորդորեց ժամանակ տրամադրել գիտելիք ստանալու համար:
Ծրագրի պատասխանատուները բաց են առաջարկների համար, պատրաստ են հաշվի առնել այն բոլոր կարծիքները, որոնք կօգնեն բարելավել դասընթացը: