Մեկնարկել է քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումն ու քննիչների վերապատրաստումը
Արդարադատության ակադեմիայում առաջին անգամ մասնագիտական պատրաստում են անցնում քննիչի թեկնածուները: Հունիսի 22-ին մեկնարկել է 2015թ. քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված 17 անձանց մասնագիտական պատրաստումը:
Ուսուցման գործընթացը նպատակաուղղված է ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը: Քննիչների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը սահմանված է 4 ամիս, որն ընդգրկում է լսարանային ուսուցում (3 կրթական հատվածով) և ներառյալ ավելի քան 1 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 500 ակադեմիական ժամ է:
ՀՀ քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության քննիչների տարեկան վերապատրաստում
Արդարադատության ակադեմիայում առաջին անգամ անցկացվում է նաև ՀՀ քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության քննիչների տարեկան վերապատրաստումը: Այն նպատակաուղղված է քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը քրեական իրավունքի, քրեական դատավարության, դատական փորձաքննությունների, ինչպես նաև կրիմինալիստիկական տակտիկայի ոլորտներում:
2015թ.-ին Ակադեմիայում նախատեսվում է վերապատրաստում անցկացնել քննիչների 15 խմբի համար: Առաջին խմբում ընդգրկված է 20 քննիչ:
Քննիչների տարեկան ուսուցման ծրագրի համաձայն՝ վերապատրաստվող յուրաքանչյուր քննիչի համար ուսումնառության ժամաքանակը սահմանվում է 60 ակադեմիական ժամ։
Տեղեկացնենք, որ <<ՀՀ քննչական կոմիտեի մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ քննիչների պարտադիր վերապատրաստում նախատեսվում է անցկացնել ոչ պակաս, քան 2 տարին մեկ անգամ: Վերապատրաստումն իրականացվում է <<Արդարադատության ակադեմիայի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների վերապատրաստում
Արդարադատության ակադեմիայում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների վերապատրաստում:
Նպատակ ունենալով կատարելագործել մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային ունակությունները` Ակադեմիայում վերապատրաստում է անցել 33 ծառայող՝ Երևանից և Կոտայքի մարզից: Վերապատրաստման այս դասընթացին, որը սահմանված կարգով հաշվարկվում է որպես 10 ակադեմիական ժամ, մասնակցել են Երևան քաղաքի քննչական վարչության և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների պետերն ու պետի տեղակալները, Կոտայքի մարզային քննչական վարչության պետը, պետի տեղակալն ու ստորաբաժանման պետերը, ինչպես նաև Չորրորդ կայազորային քննչական բաժնի պետն ու պետի տեղակալը:
Վերապատրաստման դասընթացը նվիրված էր «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով «օրենքի կոպիտ խախտում» հասկացության գնահատման ուղենիշներին: Քննարկվել են մարդու իրավունքների և դատավարական երաշխիքների, նաև մինչդատական վարույթի արդյունավետությունը և բնականոն ընթացքը խաթարող խախտումներին առնչվող հարցեր:
Սահմանված կարգով առաջիկայում նման վերապատրաստումներ կանցկացվեն նաև Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների և կայազորային քննչական բաժինների ղեկավար կազմի համար, մեկը՝ Գյումրիում (Շիրակի մարզային քննչական վարչություն), մյուսը՝ Եղեգնաձորում (Վայոց ձորի մարզային քննչական վարչություն):