ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

HELP-ի նախագծի ղեկավարի այցը Ակադեմիա

21.10.2014

Հոկտեմբերի 21-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն ընդունել է HELP-ի (Human Rights Education for Legal Professionals-HELP) նախագծի ղեկավար Նատաշա դը Ռոեքին: Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավարները, նաև Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և գիտահետազոտական վարչությունների պետերը: 


Ողջունելով հյուրերին՝ Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ մասնավորապես HELP ծրագրի շրջանակում: Տեղեկացնենք, որ HELP-ը իրավական ոլորտի մասնագետների համար կրթական ծրագիր է՝ ուղղված մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շուրջ մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելուն: Ծրագրի հիմնական նպատակներից է օժանդակել դատավորների և դատախազների նախնական և ընթացիկ վերապատրաստման համար պատասխանատու անձանց միջև լավագույն փորձի և գործելակերպի փոխանակումը։

 

HELP-ի նախագծի ղեկավարը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների համապատասխան կառույցների համար հատուկ ուղեցույցի մշակման աշխատանքների ընթացքը՝ առկա և հեռավար ուսուցման եղանակներով վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու նպատակով:  Նատաշա դը Ռոեքը անդրադարձել է նաև այդ նպատակով ստեղծված փորձագիտական խմբի աշխատանքներին՝ մեծապես կարևորելով Հայաստանի ներկայացուցչի՝ Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանի ակտիվ մասնակցությունը: Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որ ներգրավված է HELP-ի այս նախագծում:

 

Հանդիպման ընթացքում կողմերն առանձնահատուկ ընդգծել են, որ երկկողմ համագործակցությունը փոխադարձ այցերի, քննարկումների միջոցով դրվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Կողմերը հույս են հայտնել, որ չեն բավարարվի համագործակցության ներկայիս մակարդակում գրանցված հաջողություններով և կանեն հնարավորն առաջիկայում այն ավելի խորացնելու ուղղությամբ: