Վերապատրաստվում են դասընթացավարները
Հոկտեմբերի 17-19-ը Ծաղկաձորում անցկացվել է Արդարադատության ակադեմիայի դասախոսների վերապատրաստում, որը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ ուսուցման մեթոդաբանությանը: Դասընթացի նպատակն էր բարձրացնել մարդու իրավունքների ոլորտում մեծահասակների վերապատրաստման որակը՝ ուսուցման նոր մեթոդների և գործիքների արդյունավետ կիրառմամբ:
Եռօրյա վերապատրաստման ընթացքում կիրառվել են հիմնականում ուսուցման ինտերակտիվ մեթոդներ: Մասնակիցները ծանոթացել են դասը վարելու ժամանակակից միջոցներին, խմբային և անհատական վարժությունների միջոցով քննարկել մեծահասակների ուսումնառության համար սահմանված սկզբունքները, կազմել ուսումնական ծրագրեր, ներկայացրել դրանք և այլն:
Դասընթացին մասնակցել են Արդարադատության ակադեմիայի դասախոսներ, ներկայացուցիչներ աշխատակազմից, նաև Արդարադատության նախարարությունից: Դասընթացը վարել են Եվրոպայի խորհրդի փորձագետներ Մարինա Նաումովսկա Միլևսկան, Դրագոմիր Յորդանովը, Արա Ղազարյանը:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կազմակերպած վերապատրաստումն իրականացվել է <<Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում>> ծրագրի շրջանակում: