Աշխատանքային քննարկում Ստրասբուրգում՝ նվիրված հեռաուսուցման առանձնահատկություններին
Հոկտեմբերի 2-3-ը Ստրասբուրգում անցկացվել է <<Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման մեթոդաբանությունը>> խորագրով աշխատանքային հանդիպում, որը կազմակերպվել էր Եվրպայի խորհրդի՝ մասնավորապես HELP (Human Rights Education for Legal Professionals-HELP) ծրագրի կողմից:
Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որ ներգրավված է HELP-ի այս նախագծում: Աշխատանքային հանդիպմանը Հայաստանից մասնակցել է Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը:
Աշխատանքային խմբում ներգրավված են մասնագետներ եվրոպական մի շարք երկրների ազգային և միջազգային մասնագիտացված կազմակերպություններից, որոնք զբաղվում են իրավական մասնագետների համապատասխան կարողությունների զարգացմամբ: Փորձագիտական խումբը ղեկավարում է իտալացի մասնագետը:
Մասնակիցները երկու օր շարունակ աշխատանքային խմբի շրջանակում հնարավորություն են ունեցել քննարկումներ ունենալ գործընկերների հետ, արդյունավետ համագործակցության նոր ուղիներ որոնել և հստակ ծրագրեր մշակել դրանք իրականացնելու առումով:
Երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների համապատասխան կառույցների համար հատուկ ուղեցույցի մշակման հարցը՝ առկա և հեռավար ուսուցման եղանակներով վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար: Այդ առումով քննարկվել են մարդու իրավունքների ուսուցման մեթոդաբանության և տեխնոլոգիայի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, որոնք միտված են իրավական ոլորտի մասնագետների ուսուցման բարելավմանը՝ ներառյալ վերապատրաստումների գնահատմանը: HELP-ի այս նախաձեռնությունը նպատակ ունի էապես բարելավելու կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը և նպաստելու որակական աճին:
Արդյունավետ գնահատելով եվրոպացի գործընկերների հետ ունեցած քննարկումները՝ Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետն առանձնացրեց մի քանի կարևոր հանգամանք, որոնք ընդգծվել են հանդիպման ընթացքում: Այդ առումով կարևորվել է նախ՝ մեծահասակների վերապատրաստման յուրահատկությունները՝ հատկապես մարդու իրավունքների ոլորտում, ապա՝ հեռաուսուցումը դիտարկվել է որպես վերապատրաստման լավագույն մեթոդ:
Արտաշես Խուրշուդյանը գործընկերների հետ խոսել է հեռասուսուցման օրեցօր ընլայնվող դերի մասին, ներկայացրել տեսական մոտեցումներ կրթական մեթոդների մասին: Այդ առումով եվրոպացի փորձագետները կարևորել են հայ մասնագետի փորձն ու հմտությունները և առաջարկել հեղինակել ուղեցույցի ամբողջ տեսական հատվածը: Աշխատանքային խմբի մյուս անդամները պատասխանատու են ուղեցույցի գործնական հատվածի համար: Աշխարհի տարբեր երկրներում կիրառվող հեռաուսուցման հայտնի և անհայտ մոդելները կներկայացվեն մեկ գրքում, որը հասանելի կլինի տպագիր և էլեկտրոնային տարբերակներով: Ուղեցույցը պատրաստ կլինի տարեվերջին: