Ուսումնական այց Եվրոպայի խորհուրդ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Սեպտեմբերի 3-4-ը Հայաստանի իրավաբանների պատվիրակությունը ուսումնական այցով գտնվում էր Ստրասբուրգում:
Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Դավիթ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էին Ակադեմիայի դասախոսներ, կառավարման խորհրդի անդամներ, ներկայացուցիչներ Ակադեմիայի աշխատակազմից, նաև ՀՀ արդարադատության նախարարությունից և Վճռաբեկ դատարանից: Երկօրյա այցի շրջանակում հայկական պատվիրակության անդամներն այցելեցին Եվրոպայի խորհուրդ (ԵԽ), Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ինչպես նաև մի շարք հանդիպումներ ունեցան:
Պատվիրակության անդամները ներկա գտնվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում <<Խորոշենկոն ընդդեմ Ռուսաստանի>> գործով դատալսմանը, որի վերաբերյալ ճեպազրույց անցկացվեց մասնակիցների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբաններ Սառա Շիրազյանի, ապա՝ Վիկտորիա Մարադուդինայի միջև: ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ զրույց-քննարկումը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Հայաստան առնչություններին, խոսվել է հիմնական խնդիրների ու առկա մարտահրավերների մասին:
Հայաստանից ժամանած պատվիրակությանը ողջունելու և ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության աշխատանքը ներկայացնելու նպատակով մասնակիցներին հանդիպեց նաև դեսպան Արմեն Պապիկյանը: Տեղեկացնենք, որ ուսումնական այցը կազմակերպվել էր <<Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում>> ծրագրի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից և Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ: